X
Մենք սոց. ցանցերում

17-ի աթոռակռիվը

Մինչ անհետ կորած զինվորների ծնողները հավաքվել են Պաշտպանության նախարարության առաջ՝ պահանջելով իրենց զավակների մասին ճշգրիտ տեղեկություններ, մի փոքր այն կողմ անժամկետ հացադուլ է հայտարարել Գեղամ Մանուկյանը՝ պնդելով 17 կուսակցությունների պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ասել է թե՝ ամեն մեկը շարժվում է իր օրակարգով՝ ծնողը փնտրում է իր զավակին, իսկ կուսակցությունները շտապում են օր առաջ գահընկեց անել երկրի վարչապետին։

Տպավորություն է ստեղծվում, որ վշտի տակ կքած հայրենակիցների ցավը միջոց են դարձրել 17 կուսակցությունները, որ գործի են դրել բոլոր հնարավորությունները պահը հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար։

Հանրահավաքները, ասուլիսները և հացադուլները հաջորդում են մեկը մյուսին, սակայն այդպես էլ հանրությանը չի ներկայացվում հրաժարականի հրատապության դրդապատճառները, չի բացահայտվում վարչապետի հավանական թեկնածուի անունը, չի ներկայացվում ճանապարհային քարտեզ, ինչը միգուցե կհամոզեր հազարավոր քաղաքացիների, որ ծավալվող պայքարը պարզունակ աթոռակռիվ չէ, որ կենտրոնում հայրենիքի շահն է, որ պետք է դուրս գալ փողոցներ և միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Ու թեև 17 ուժերի կարկառուն դեմքերը և նրանց հարող փոքրիկ խմբակները շարունակում են թիրախավորել իրենց չմիացող «պողոսներին», ոստիկաններին, կառավարության անդամներին, իմքայլականներին՝ պիտակավորելով տարատեսակ վիրավորական արտահայտություններով, նկատենք, որ նրանց շարքերը չեն համալրում նաև Նիկոլ Փաշինյանի կառավարումից օբյեկտիվորեն դժգոհ քաղհասարակության ներկայացուցիչները՝ նախընտրելով դեռևս պահպանել հարաբերական չեզոքություն։

Վերջինների հրաժարականի պահանջին չմիանալու պատճառները շատ են, հնարավոր է, որ դրանցից մեկն էլ այն է, որ նրանք չեն ցանկանում սպասարկել այս կամ այն մերժված ուժի հեռահար նպատակները, որոնք ոչ մի կապ չունեն ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելքեր գտնելու հետ, քանզի շատերի համար անհերքելի հեղինակություն հանդիսացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկընդմիշտ փաստեց, որ ստորագրված փաստաթղթի նկատմամբ որևէ դիմադրություն հավասարազոր է ինքնասպանության։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս