X
Մենք սոց. ցանցերում

Մհեր Արշակյան Խցանումներ

Սոմերսեթ Մոեմի մտքի պոեզիան

(հանուն և ընդդեմ կլիշեի)

Ինչ-որ մեկի էջում կարդացի Սոմերսեթ Մոեմի այս խոսքերը. «Վերջին խոսք գոյություն չունի։ Համարձակ խոսքերը, որոնք այնքան նոր են թվում նրանց, որոնք դրանք առաջին անգամ են արտասանում, եղել են և գրեթե նույն ինտոնացիաներով արտասանվել արդեն հարյուրավոր անգամներ»: Մոեմն այս տողերը գրել է սրտից հեռու: Այստեղ ոչ մի բառը ճիշտ չէ, նույնիսկ դիտավորյալ ճիշտ չէ: Ըստ իս, նա ստել է հաճույքով, հանուն էսթետիկայի: Բոլոր խոսքերն ասվում են հազարավոր անգամներ, քանի դեռ դու լսում ես միայն բառերը: Մոեմի օրոք էսթետի բերանը սրտում էր եւ այնտեղից դուրս էին գալիս միշտ միակ բառերը, դրանք հարյուրավոր անգամ արտասանված բառեր չէին, նույնիսկ եթե ուրիշներն ասել էին միլիարդավոր անգամներ: Այլապես որտեղի՞ց է ծնվում նորին մեծություն պոեզիան: Սիրտը ճչացող ճշմարտություններ չգիտի, նա չունի բառերի զինանոց, նա միշտ ասում է այն բառերը, որոնք հենց նոր ծնվեցին իր միջից: Որովհետեւ իրական ականջները միշտ այնտեղ են, որտեղ իրական բերանն է՝ սիրտը: Մոեմը սա գիտեր, ահա ինչու նա ուղղակի խաղարկում էր մտքի պոեզիան:

Ֆաուստը

Երբ Ֆաուստը բղավում է` կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես, նա փառաբանում է Գրեթխենին Աստծո և Սատանայի երեսին: Առաջինն այլևս Ֆաուստին չի ընդունի, ինքը մեղսագործել է, երկրորդից ինքն է ուզում փախչել: Իսկ ուր փախչել` ակնթարթի մեջ, որտեղ նրանք տեղավորվել չեն կարող: Ֆաուստը չի փոշմանում հոգին Սատանային ծախելու համար, սերն արժե դրան: Ինքը ակնթարթը կանգնեցնում է, որպեսզի Սատանան ու Աստված դուրս մղվեն այնտեղից: Այնտեղ ոչ ոք անելիք չունի, սա Բուլգակովը գիտեր, երբ Վարպետին ու Մարգարիտային ձեռամբ ի Սատանոյ պարգևեց հանգիստ, որտեղ Սատանան իշխանություն չուներ: «Կանգ առ, ակնթարթ…»: Ֆաուստն ինքն է գտնում լուծումը: Գրետխենն ամեն ինչ է, ու նրա միակ տեղը ներկան է, նա պաշտպանված է ներկայով: Ֆաուստը էդ ներկայից մի քայլ այն կողմ չի կարող քայլ գցել: Մի քայլ այն կողմ Գրեթխենը չկա: Սերն ապագա չունի: Ահա Ֆաուստի հասկացածը: Որովհետև Աստված և Սատանան այլ հարցեր են լուծում:

Սիմոնա և Ժան-Պոլ

Սարտրի և Բովուարի միջև եղել է խելագար սեր: Համենայնդեպս, նրանցից մեկի համար դա ավելի սեր էր: Միայն այդ դեպքում կհամաձայնես, որ ընտրյալդ անկողինը կիսի ուրիշի հետ: Էս խելագարությունը մեկին պիտի հերիքի: Սերը միշտ կոմպրոմիս է, եթե մտադիր եք ամեն գնով պահպանել միմյանց: Ազատ սեր հասկացություն չկա, ընդհակառակը, կա եղած սիրո մեջ չներդաշնակվելու խնդիր: Մարդիկ սերն անվանել են ֆրանսիական՝ սեփական բնազդների հետ լեզու չգտնելու պատճառով: Չդիմադրվող սերն է անվանվել ֆրանսիական: Այսինքն, զգացմունքներ կան, որոնք կրելու բավարար «անպարկեշտությունը» չունես, որպեսզի ինքդ հավասարակշռվես քո զգացմունքներին: Ուստի համաձայնվում ես լինել անպարկեշտ: Ենթադրում եմ, որ ավելի սիրողը եղել է Սիմոնան: Եվ նա որպես վրեժ է հռչակել ազատ սերը, որի հետ Սարտրը խնդիր չուներ:

Համլետ

Նկատած կլինեք, որ Համլետն ամբողջ ողբերգության ընթացքում միշտ քննում է ուրիշների անձը: Համլետը «ես» չունի: Իր «ես»-ը մեռել է հոր հետ: Նույնիսկ սրնգի դրվագում նրա քննության թեման ինքը չէ, այլ` Ռոզենկրանցը և Գիլդերշտեյնը: Ի՞նչ է նա ասում հոր` արքայի, մասին. «Մարդ էր, Հրացիո, իր ամեն բանով»: Համլետն իր ժամանակը չունի: «Ես ինձ դնում եմ դերի մեջ»,-մտածում է նա: Մալարմեն Համլետի մեջ տեսնում է մի «թաքնված Աստված, որը չի կարողացել իր ես-ը դառնալ»: Ես տեսնում եմ Ես-ից Աստված լինելու ճանապարհին խցանված մեկին, որի տիեզերական անհանգստությունները մի Աստծո մեջ հանգրվանելու թեթևությունը չունեն: Ես տեսնում եմ Մարդու, որի Աստված չլինելը գին ունի:

Ռասկոլնիկով և Սոնյա

«Ոճիր և պատիժ»-ում բոլորը պատասխան են տալիս իրենց համար: Բոլորն ունեն ցավ, որն ուրիշի վրա գցել չեն կարող: Եվ ոչ ոք բավարար ուսեր չունի վերցնելու էդ ցավը: Սա Դոստոևսկու էդ հիստերիկ հնարքն է` մտածել ցավեր, որոնք դիմացինի հագով չեն: Սոնյան միակն է, որ բառի բուն իմաստով իր վրա է վերցնում մարդասպանի ցավը: Նա համաձայն է կիսել այն: Նա տեսնում է, որ էդ ցավի միջավայրում Աստված չկա: Ուրեմն ի՞նչ անել` կիսել այդ ցավը, հերթապահել նրա մոտ, մինչև Աստված կլինի: Սոնյան սարսափած է այն մտքից, որ Ռասկոլիկովի տառապանքի մեջ խղճի խայթ չկա: Այսինքն, տեսնում է, որ Ռադիոնը պաշտպանված է Աստծուց, ահա ինչու է կամավոր դառնում այդ մոլորյալ հոգու պահակը, որ հանկարծ այն շուռ չգա Ռասկոլնիկովի դեմ: Չէ՞ որ արարքը չի խոսեցնում Ռադիոնին: Ռոդյան այդպես էլ չի կասկածում իր իրավացիությանը: Սոնյան չի կարդացել նրա հոդվածը, բայց նա տեսնում է, որ Ռոդյան արարքից չէ, որ տառապում է: Նա տառապում է, որովհետև իր հեղափոխությունը չկայացավ, տառապում է, որովհետև իր «Ղազարոսի» հարությունը տեղի չունեցավ:

«Անկում». Քլամանս և քննիչ

Հիշու՞մ եք ինչպես է ավարտվում «Անկումը»: «Բռռռ… իսկ ջուրը սառն է։ Բայց մի մտահոգվեք, այժմ արդեն շատ ուշ է։ Միշտ շատ ուշ է լինելու։ Բարեբախտաբար»: Խոսքը ջուրը նետված աղջկան անշահախնդիր փրկելու մասին է: Ո՞վ կհամարձակվի դա անել մարդկանց աչքից հեռու: Ժան Բատիստ Քլամանսը չի փրկել ջուրը նետվող աղջկան: Քննիչը, ըստ Քլամանսի, պիտի կարողանա բացատրել, թե ինչու չի նետվել: Բայց Քլամանսը ուզում է ասել, որ քննիչն իր նման այս կյանքին կառչած մեկն է և նա նույնպես մտածելու է, որ ջուրը սառն է, այսինքն, իր կյանքն ավելի կարևոր է, քան փրկիչ լինելը: Որովհետև, փրկելը միշտ մի քիչ ինքնազոհություն է, ո՞վ է պատրաստ հանուն ուրիշի գնալ դրան: Ոչ ոք: Բարեբախտաբար: Փրկել, նշանակում է հետեւ չնայել: Ապրելու ցանկություն ունեցողները պիտի վկաներ ունենան, որպեսզի Քլամանսը փրկության բեմ բարձրանա: Նետվել գետը, նշանակում է բեմ բարձրանալ: Բայց ու՞մ համար: Թեպետ հետո նա կլսի ծիծաղները: Կարճ ասած, սա պատմություն է քաղքենու մասին, այսինքն, ոչ մի ողբերգություն մեզ չի շեղի այնքան, որպեսզի մենք չկարողանանք ապրել:

Ուտիճը

Կաֆկան ուտիճի մասին չի գրել: Մարդու կերպարանափոխության մասին է խոսքը: Մարդը ոչ միայն կարող է կերպարանափոխվել ուտիճի, մարդը կարող է կերպարանափոխվել մարդու և հենց դա է անհեթեթն ու սարսափելին: Սակայն կա ավելի սարսափելի մի կերպարանափոխություն` երբ ոչ թե հակառակվում ես, այլ համաձայնվում ամեն ինչում, երբ գերազանց գիտես, որ այդպես չէ իրականում: Սա է ամենաիրական կերպարանափոխությունը: Ինչպե՞ս ճանաչել այս մեկին, ինչպե՞ս խնձորը շպրտել նրա վրա, երբ ինքը քեզ հաճելի է: Ուտիճի մասին պատմելով նա մեզ է կտակել մարդու կերպարանափոխությունը մարդու մասին պատմությունը:

Ալբեր Կամյու. Սերը

Իր հարցազրույցներից մեկում Գաբրիել Գարսիա Մարկեսն ասում է՝ ես գրում եմ, որ ինձ սիրեն։ Ժան Բատիստ Քլամանսի կյանքը սիրո մուրացիկություն է։ Եթե դուք ուշադիր կարդաք Կամյուին, կնկատեք, որ նա չի կարողանում նկարագրել սերը։ Չնայած դրան, նա սիրո մասին ինձ ամենահայտնի բնորոշումն է տվել՝ ոմանք ստեղծված են սիրո համար, մյուսներն ապրելու։ Ինքն իհարկե այս մտքի մեջ դոնժուանյան ցինիզմ է դրել։ Ինքն է «Անկում» վիպակում խոստովանում, թե ինչու սերն այնուամենայնիվ տեքստ չէ։ Նա ասում է՝ սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են խոսել սիրո մասին, սիրել չեն սովորեցնում։ Տեքստային սերը միշտ կլինիկական է, դրան պետք է հավատալ, որովհետև այն մեզ չի վերաբերվում։ Ինչպես կլինիկական մահը։ Կամյուն գիտի, թե ինչպես են ջրում սերը, նա տեխնոկրատ է սիրո մեջ։

Աննա Կարենինա

Աննա Կարենինան երկու սիրո պատմություն է` Վռոնսկու և Աննայի: Վռոնսկու սերը սնվում է ընթերցողից, Աննայինը` իր միջից: Վռոնսկունը գրում է ընթերցողը, Աննայինը` հեղինակը: Յուրաքանչյուրն իր սիրով կարող է չափել Վռոնսկուն: Այս մարդը մեր սիրո առաձգականությունն ունի: Ահա ինչու դժվար է որոշել` սիրու՞մ է նա Աննային, թե չի սիրում: Վռոնսկուն կարելի է չափել նաև ինչ-որ մեկի` մեր հանդեպ ունեցած սիրով. եթե ես ավել սիրողն եմ` նա չի սիրում Աննային, եթե պակասը` սիրում է անկասկած: Այսինքն, Վռոնսկու սերը մի սանդղակ է, որով չափվում է մերը: Այդ սերն ունի բազմաթիվ դատարկ էջեր, որոնք լցնողը Տոլստոյը չէ: Դա սեր չէ, այլ` Մենդելեևի աղյուսակ, որի բազմաթիվ վանդակներ սպասում են իրենց էլեմենտներին:

«Օտարը». Ալբեր Կամյու

Մերսոն բղավում է քահանայի վրա, որովհետև քահանան նրա անձնական տարածք՝ բանտախուց է մտել Աստծո մասին անհեթեթություններով: Մերսոն նյարդային է դառնում, երբ բառերն ավելի շատ են շրջակա իրերից: Աստված այդպիսի ավելորդ բառերից է: Մերսոն անտարբեր մարդ չէ: Անտարբերությունը հնարել են մարդիկ, որոնք միմյանց համակրանքն են փնտրում եւ տապալվել են այդ համակրանքի մեջ: Մերսոն ոչ մեկի համակրանքը չի փնտրում, հետեւաբար նրան խորթ է «անտարբերություն» բառը: Նա ուղղակի ապրում է: Եվ ոչնչից կառչած չէ: Մերսոն նույնիսկ Մարիից կառչած չէ: Անտարբերությունը մարդկանց պետք է, որպեսզի հասկանան, թե ինչու այս մարդն իրենց նման չէ: Նա անտարբեր չէ արևի ու ծովի հանդեպ, որոնք նրան ոչինչ չեն պարտադրում: Նա անտարբեր է պարտադրվող բաների հանդեպ: Նույնիսկ մայրը պարտադրվող է: Ահա ինչու աղջիկը՝ Մարին, ձգտում է շատ չմխրճվել նրա կյանք: Աղջիկն ուզում է սիրվել առանց պարտադրվելու: Ինչու՞ «Օտարը»: Որովհետև վեպի սկզբից մինչև վերջ ամեն ինչ պարտադրվում է Մերսոյին: Օտարը նրան շրջապատող ամեն ոք է: Իսկ ամենաշրջապատողները` արևը և ծովը` ոչ: Որովհետև նրանք չեն խցկվում մարդու կյանք, նրանք ուղղակի կան: Օտար է Աստված, որին նրա հոգու մեջ է փորձում խցկել քահանան: Երբ նա սպանությունը բացատրում է Արևով, մատով ցույց է տալիս մի մեղավորի, որի մասնակցությունը հավատ չի ուզում: Ո՞վ կհավատա, որ արեւի պատճառով հնարավոր է մարդ սպանել: Ոչ ոք: Ֆոկուսը սկսվում է, երբ ձեռքիդ ատրճանակ կա՝ արեւը կար, բայց պարտադրեց իրեն: Նա շրջվեց հերոսի դեմ:

Աղբյուրը՝ Գրանիշ

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս