X
Մենք սոց. ցանցերում

Facebook

«Խաղաղապահը չի մտնում այնտեղ, ուր կա խաղաղություն. դա նոնսենս է». Հրանտ Տեր-Աբրահամյան

Քաղաքագետ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Երկար է լինելու, բայց կարծում եմ կարևոր:
Ես ցավում եմ, որ ժամանակին այս ամենի մասին ավելի շատ չեմ խոսացել՝ տարբեր պատճառներով: Սա իմ մեղավորությունն է իմ ժողովորդի առաջ:

Տասնամյակների ընթացքում Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների շուրջ ստեղծվել է մի յուրահատուկ մշուշ:
Որոշ չափով դա հասկանալի է՝ դիվանագիտությունը և թափանցիկությունն առանձնապես համատեղելի չեն:
Բայց բացի սրանից եղել է նաև ներքաղաքական սպեկուլյացիայի խնդիրը, և այլն:

Հիմա էլ շատերը, նույնիսկ կրթված մարդիկ, նորմալ չեն պատկերացնում էս թեման: Իսկ քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են էզոտերիկ լեզվով:

Խոսվում է փուլային, փաթեթային տարբերակների մասին:
Ինքնին դրանք ոչ մի մեծ բան չեն նշանակում:
Իրականում եղել են հարցի կարգավորման միանգամայն տարբեր փիլիսոփայություններ, որոնք բացատրելի են գործընթացում ներգրավված տարբեր արտաքին միջնորդների քաղաքական շահերով:
Մենք պետք է հասկանանք նախ գլխավորը:
Բանակցություններում միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն:

Եթե միայն այդ երկուսը լինեին, հարցը վաղուց լուծված կլիներ: Սրա մասին մի քանի անգամ խոսացել եմ, հիմա չեմ մանրամասնի:
Բայց սա հիշեք անպայման: Սա այն է, ինչ փաստացի թաքցվում է մեր ժողովորդից՝ կամա թե ակամա:

Բանակցությունների միջնորդները նույնպես կողմեր են, որոնք ունեն իրենց շահերը տարածաշրջանում, և հենց այդ պատճառով են լուծումները ձգձգվում: Սա ոչ ոք չի ասել ու չի ասում մեր հանրությանը:

Անցնենք առաջ:
Փուլային ու փաթեթայինը շատ վերացական բաներ են:
Եղել են տարբեր փիլիսոփայություններ:
Օրինակ՝ ընդհանուր պետության կոնցեպցիան, տարածքային փոխանակման կոնցեպցիան, հետաձգված կարգավիճակի կոնցեպցիան և այլն: Սրանք բոլորը շատ տարբեր մոդելներ են, ու սրանց չի կարելի խցկել միանական ոչինչ չասող՝ հարցի կարգավորում անվանման տակ: Ու սա շատ կարևոր, կենսական նշանակություն ունի՝ սա հասկանալը:
Օրինակ, տարածքային փոխանակումը:
Սա առաջարկվել է ամերիկացիների կողմից 2000-ականների սկզբին: Խոսքն էս դեպքում այսպես կոչված քիվեսթյան տարբերակի մասին է:
Սա այն է, ինչ մեզանում պիտակավորվել է որպես Մեղրիի տարբերակ:
Հետաքրքիր է, որ հատկապես սրա դեմ շատ կտրուկ արտահայտվել են մեր այսպես կոչված խաղաղասերները:
Հետաքրքիր է նաև, որ ներկայացվել է այնպես, որ ի փոխանակում Ղարաբաղի և Լաչինի Հայաստանի հետ միացման ճանաչմանը, Ադ-ին պետք է զիջեինք Մեղրին:

Իրականում բանակցողների հուշերում խոսքը ոչ թե Մեղրիի զիջման մասին է, այլ Մեղրիով սուրվերեն միջանցքի մասին է: Օրինակ՝ մի ճանապարհի կամ էստակադայի կամ կամուրջի, որը կլիներ Ադ-նը: Բուն Մեղրին չէ՝ ճանապարհը:
Հիմա սա կարող է լավ է, կարող է վատ է:
Բայց:

Սա իրապես խաղաղություն էր ապահովում: Վերջնական: Առանց այլևայլությունների, լիարժեք:
Բայց խաղաղ կարգավորման կողմնակիցները սրան դեմ են արտահայտվել կտրականապես:
Մյուս փիլիսոփայությունը:
Որը վերջին շրջանում է գերակայող եղել:
Տարածքների վերադարձ Ադ-ին:
Դրանից հետո միայն կարգավիճակի քննարկում Ղարաբաղի:
Եվ խաղաղապահ զորք:
Սրանք անկապ տարրեր, չեն, այլ մեկը մյուսի հետ տրամաբանորեն շաղկապված:
Երբ ձեզ ասում են՝ խաղաղություն:
Հիշեք մի պարզագույն տրամաբանություն:
Խաղաղապահը չի մտնում այնտեղ, ուր կա խաղաղություն:
Դա նոնսենս է:
Խաղաղապահը պետք է և կարող է լինել միայն այնտեղ, ուր խաղաղություն ինքնին չկա, ուր կա անկայունություն:
Եթե չկա անկայունություն, պետք չի խաղաղապահ՝ սա աքսիոմ է:
Բնական է, որ եթե տարածքները զիջելու փոխարեն, Ադ-ը ճանաչի Ղարաբաղի կարգավիճակը որպես Ադ-ից դուրս, ապա խաղաղապահի թեման ինքնին ջրվում է:
Որովհետև խաղաղությունն ապահովվում է, ու խաղաղապահ պետք չի:
Դրա համար այս ֆորմատում չի կարող լինել Ղարաբաղի ճանաչում:
Բայց անպայման պետք է լինի տարածքների զիջում, որպեսզի Ադ-ը համաձայնի խաղաղապահների:
Հայերի համաձայնությունն էլ պետք չի:
Քանի որ երկուսը համաձայնում են, երրորդը մնում է փոքրամասնության մեջ:
Երրորդին՝ Հայաստանին դնում են փաստացի վերջնագիր:
Դուրս արի տարածքներից, որպեսզի տեղադրվեն խաղաղապահներ:
Չես դուրս գա, կլինի պատերազմ:
Սա բանակցություն չէ, սա փոխզիջում չէ, սա վերջնագիր և շանտաժ է:
Եվ սա խաղաղություն չէ, քանի որ անկայուն վիճակը խաղաղապահի միակ լեգիտիմացումն է:
Բնականաբար չի լինելու հետագայում կարգավիճակի որևէ քննարկում:
Դա ոչ մեկին պետք չի լինի:
Խաղաղապահ զորքին պետք է մնալ այստեղ: Ուրեմն, պետք է, որ կարգավիճակի հարցն անվերջ ձգձգվի, ու ժամանակ առ ժամանակ ընդհարումներ ու զոհեր լինեն, որ ներկայությունն արդարացվի:
Եվ համենայն դեպս հայերին էլ ոչ ոք ոչինչ չի հարցնելու, քանի որ միակ մեր «կոզիրը»՝ տարածքներն արդեն տված կլինենք:
Մնացածը՝ կորոշվի առանց մեզ:
Եվ եթե մի օր խաղաղապահները գնան…
Մենք գիտենք ինչ է լինում հայերի ետ, երբ գնում են «խաղաղապահները»….
Խնդրում եմ, ուշադիր սա կարդացեք ու մեկընդմիշտ հասկացեք այս պարզ, պարզագույն տրամաբանությունը:
Այլապես ամենա տարբեր տրամաչափի դեմագոգները միշտ ձեզ խաբելու են:
Նրանք հիմա էլ ձեզ ասելու են՝ բանակցություններ, խաղաղություն և այլն: Ու չեն բացատրելու ձեզ իրականությունը: Խաղալու են ձեր զգացմունքների հետ:

Ու դուք լսելու եք, ու հետո նորից հայտնվելու եք ձեր պապերի, մեծ պապերի արդեն բազմիցս անցած ճանապարհների վրա: Որբ, անտեր, խաբված, դռներ բախող խեղճուկրակ հայ:

Խնդրում եմ, այդ դժվար, ծանր, ցավոտ պահին մոբիլիզացրեք նախևառաջ ձեր բանականությունը, ձեր տրամաբանությունը, ձեր հասկացողությունը, ու նաև ձեր առողջ բնազդը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս