X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Այսօր Արցախը քաղաքակիրթ աշխարհի և համամարդկային արժեքների սահմանապահն է. Դավիթ Ֆիդանյան

Թիվ1 լրատվականի հարցազրույցը պատմաբան Դավիթ Ֆիդանյանի հետ:

Հայկական բանակն այսօր փառահեղ օպերացիա իրականացրեց, որի արդյունքում շոշափելի ձեռքբերումներ գրանցվեցին ռազմաճակատի հարավային հատվածում։ Ո՞րն է այսօր կիրառված Դեբալցևոյի կամ Դոմբասի մարտավարության էությունը, և ինչո՞ւմ է կայանում դրա հանճարեղությունը։

-Տեսեք, շատ հետաքրքիր և կարևոր հարց եք տալիս: Հայկական բանակը, այո, այսօր փայլուն ռազմական օպերացիա է իրականացրել, և ռազմական ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ հակահարձակման միջոցով կարողացել է շոշափելի արդյունքներ գրանցել: Այսօրվա ռազմական օպերացիան համեմատվել է Դեբալցեվոյի կաթսայի հետ, երբ 2015թ. ուկրաինական հակամարտության շրջանակներում Դոնբասի զինյալները կարողացել էին շրջափակման մեջ ներառել կառավարական զորախմբերին: Ընդհանրապես, պատերազմների պատմության շրջանակներում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ստիպված նահանջը, որը նաև եղել է հստակ հաշվարկված, վճռել է ողջ պատերազմի հարցը: Այդպիսի նահանջի մարտավարությունը կիրառվել էր պարթևների կողմից, երբ հռոմեացի զորավոր Կրասոսը Միջագետքի անապատներով փորձեց գրոհել Պարթևստանը: Արդյունքում պարթևները կեղծ նահանջի միջոցով կարողացան ծուղակը գցել հռոմեացիներին և այնպիսի շրջափակման մեջ վերցնել, որ տասնյակ հազարավոր հռոմեացի զինվորների հետ իր մահը գտավ նաև անձամբ Կրասոսը: Այնպես որ, ճշտգրիտ նահանջը ոչ թե պարտության նշան է, այլ ստրատեգիական հնարամտության և հաղթանակի կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Դիվանագիտական ճակատում միջնորդական նախաձեռնություն է ստանձնել ԱՄՆ-ը․ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հրավերով Վաշինգտոն կմեկնեն Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ի՞նչ կարելի է ակնկալել Վաշինգտոնյան հանդիպումից՝ Մոսկվայի նախաձեռնած ապարդյուն հանդիպումներից հետո։

-Այսօր ամեն ինչ վճռվում է ռազմի դաշտում, սակայն թույլ տվեք նկատել, որ դիվանագիտական ճակատը ոչ պակաս կարևոր է: Այսօր հարկ է ֆիքսել, որ աշխարհը կանգնած է նոր՝ այս անգամ «Օսմանյան Հիտլերի» ծնվելու առջև: Եվ այդ նույն աշխարհը որևէ բան չի կարողանում անել, որպեսզի զսպի այս չարիքին, որը կոչվում է Էրդողանյան Թուրքիա: Սա շատ հստակ երևաց 1 տարի առաջ Սիրիայում և այժմ երևում է Հարավային Կովկասում, երբ Թուրքիան փաստացի կողմ է դարձել ռազմական գործողությունների: Թուրքական կողմը ռազմաքաղաքական հսկայական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, և թուրքական զինյալները ադրբեջանական հրոսակների և այլ տեղերից բերված ահաբեկիչների հետ մեկտեղ կռվում են ռազմաճակատում: Այս համատեքստում ես պետք է նշեմ, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի ձախողված փորձերից հետո դժվար է ասել, թե ինչ առարկայական արդյունք կարող է տալ ԱՄՆ-ում նախատեսվող հանդիպումների շարքը: Հատկապես այն ֆոնին, որ ԱՄՆ-ը, ի տարբերություն համանախագահ այլ երկների, իրեն մի փոքր ավելի պասիվ է պահում՝ ելնելով այն բանից, որ իրենց մոտ նախագահական ընտրությունների շեմն է: Ակնհայտ է մեկ բան, որ այսօր Թուրքիան դարձել է անկայունություն արտահանող երկիր և նա թքած ունի միջազգային հանրության վրա, ինչպես 1930-ականներին 3-րդ ռեյխն էր վարվում Եվրոպայում:

Հաշվի առնելով թուրք-ուկրաինական մերձեցումն ու Արցախի հարցում Ուկրաինայի՝ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը՝ արդյո՞ք ճիշտ պահը չէ Հայաստանի համար՝ օգտագործել Ղրիմի հարցը որպես խաղաքարտ, և ճանաչելով Ղրիմի անկախությունը՝ պատասխանել Ուկրաինայի հակահայկական քաղաքականությանը և միաժամանակ՝ դրանով քայլ առաջ անել հայ-ռուսական հարաբերություններում։

-Ընդհանրապես, երբ դիվանագիտական ճակատում դժվարություններ են առաջանում, և թշնամին դաշնակիցներ է ձեռքբերում՝ ապա պետք է առաջին հերթին մեղավորությունը փնտրենք մեր մեջ, հասկանանք՝ ինչպիսի բացթողումներ է արել մեր դիվանագիտական կամ արտաքին քաղաքական գերատեսչական կորպուսը, որի հետևանքով թշնամուն որևէ երկիր սատարում է: Սա իհարկե չի արդարացնում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Վրաստանի և ո՛չ էլ Իսրայելի պահվածքը մեր հանդեպ: Այս գոյապայքարը համամարդկային խնդիր է: Մի կողմում իր հողի վրա հազարավոր տարիներ ապրած հայությունն է, իսկ մյուս կողմում՝ պանթուրքիզմի և իսլամական պետության ահաբեկիչների մի խառնուրդ, որը սպառնում է ողջ քաղաքակիրթ աշխարհին: Հայ-ռուսական հարաբերությունների մասով նշեմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և այդ հարաբերությունները բավականին կարևոր են մեզ համար՝ անկախ Ղրիմյան հարցի կոնտեքստից: Ճիշտ չի լինի մեկ հարցով պայմանավորել դաշնակիցների միջև հարաբերությունների խորացման հարցը: Ընդհանրապես, պետք է նշեմ, որ սա բոլորի խնդիրն է՝ սկսած Ռուսաստանից՝ վերջացրած ԱՄՆ-ով: Այսօր այդ ահաբեկիչները՝  այդ պանթուրքիստական խաժամուժը, կռվում է Արցախի դեմ, իսկ վաղը, անհրաժեշտ միջազգային հակազդեցության բացակայության դեպքում, կպայթեցնի աշխարհի մայրաքաղաքները: Այսօր Արցախը քաղաքակիրթ աշխարհի և համամարդկային արժեքների սահմանապահն է:

Նվարդ Մելիքյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս