X
Մենք սոց. ցանցերում

Ղրիմի հարցը՝ դիվանագիտական խաղաքարտ

Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծված պատերազմի ֆոնին, որում Թուրքիայի և Սիրիայի վարձկանների ներգրավվածությանը աշխարհում այլևս ոչ մի քաղաքակիրթ երկիր կասկածի տակ չի դնում, Ուկրաինայի նախագահի՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպումը, բացի զուտ մարդկային և գործընկերային տեսանկյունից, իր մեջ պարունակում է բացահայտ դիվանագիտական դեմարշ Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ։

Զելենսկին կարող էր հետաձգել այդ հանդիպումը, բայց օգտագործեց ռուս-թուրքական դիվանագիտական էսկալացիան, և այդ ֆոնին սպասարկեց սեփական պետության շահերը՝ Էրդողանից կորզելով Ղրիմի հարցում դիրքորոշման թարմացում և հռետորաբանության կոշտացում։

Դիվանագիտության մեջ կոնֆլիկտները խաղաքարտեր են, որոնք, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակներից, օգտագործվում են այս կամ այն ձևով՝ դիրքորոշում հայտնելը ծառայեցնելով սեփական երկրի շահերին։ Եվ ուրեմն՝ ինչու՞ չճանաչել Ղրիմի անկախությունը, և ի՞նչ կտա այն Հայաստանին այս պահին։

Քարտ բլանշ Ռուսաստանին․ հստակ ազդանշան, որը կակնկալի Արցախյան հարցում Ռուսաստանի բալանսավորված քաղաքականության կետից քայլ առաջ։

Կցուցադրի թուրք-ուկրաինական տանդեմի և մեզ համար վճռորոշ պահին նման դեմարշի գնալու տրվող գնահատականը, կվերագործարկի հայ-ռուսական հարաբերությունները և կչեզոքացնի այդ հարաբերություններում շահարկվող լարվածության թեզը։

Այս գաղափարի ընդդիմախոսները կարող են հակադրել դիվանագիտական նոր ճակատ չբացելու մտահոգությունը, բայց, շտապեմ հիասթափեցնել․ եթե Եվրոպան և Միացյալ Նահանգները կարող են այսքան հապաղել և անհավասար այս պատերազմում նույնիսկ գնահատականներ հնչեցնելու հարցում մնալ երկակի ստանդարտների շրջանակներում, ուրեմն հայկական դիավանագիտությանն այլ բան չի մնում, քան հնարավոր քեյսերը ծառայեցնել սեփական երկրի շահերին։

Հետգրություն․ Ղրիմի անկախությունը ճանաչած երկրներն են՝
Նիկարագուա, Վենեսուելա, Աֆղանստան, Սիրիա, Կուբա, Հյուսիսային Կորեա, Սուդան և այլն։
Ղրիմի հարցում ռուսամետ դիրքորոշում ցույց տվող երկրներն են՝
Հայաստան, Բելառուս, Բոլիվիա, Չինաստան, Կամբոջա, Իրան, Ղազախստան և այլն:

Էդգար Բաբայան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս