X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Տեղի է ունենում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռյակ դաշինքի մեկուսացում

«Այսօր Հայաստանում կա մեկ ներքաղաքական հարց և մեկ արտաքին քաղաքական հարց, ընդորում այդ հարցը նույնն է՝ և՛ ներսում, և՛ դրսում։ Դա պատերազմն է, պատերազմում հաղթանակն է, և այս պատերազմը պետք է լինի մեր վերջին պատերազմը, որը պետք է լուծի բոլոր հարցերը։ Մեզ դա պարտադրել են, և մենք ընդունել ենք այդ մարտահրավերը։ Մեզ պարտադրել են պատերազմ, մենք պետք է պարտադրենք խաղաղություն։ Հայաստանում այլ հարցեր չկան, այլ հարցերը պետք է քննարկել պատերազմից հետո»,- Թիվ1 լրատվականի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր անդամ Ռուբեն Մեհրաբյանը։

Վերջինս մանրամասնեց՝ պատերազմը գործընթաց է և ժամանակ է պետք վերջնական հանգրվանի հասնելու համար։ Արդեն հստակ ուրվագծվում է միտում, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանն այլևս ինքնուրույն սուբյեկտ չի դիտարկվում.

«Եթե մինչև սեպտեմբերի 26-ը Ադրբեջանը կարող էր քաղաքականապես ինչ-որ բաներ թելադրել Թուրքիային, ապա հիմա իրավիճակը տրամաբանորեն հակառակն է։ Թուրքական ռազմական դպրոցը դեռ սերում է Յենիչերիից։ Յենիչերին, երբ որ անցնում էր մարտի, առջևից գցում էր բաշիբոզուկների, որը հիմա փոխարինվել է վարձու հետևակով։  Այսօր Ադրբեջանը վերածվել է բաշիբոզուկ պետության»։

Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց՝ Թուրքիան միջազգային պարսավանքի օբյեկտի է վերածվել, ընդորում՝ թե՛ իսլամական աշխարհի, և թե՛ քրիստոնյա աշխարհի կողմից։

«Էրդողանի այն առասպելը, թե Հայաստանին պաշտպանում են, որովհետև Հայաստանը քրիստոնյա պետություն է, դա այդպես չէ»,- ժխտեց Մեհրաբյանը՝ նշելով, որ այժմ տեղի է ունենում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռյակ դաշինքի մեկուսացում միջազգային հանրության կողմից։

«Թուրքիան պետք է դուրս շպրտվի տարածաշրջանից և չխառնվի կոնֆլիկտին, սրա շուրջ կա կոնսենսուս Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի և Թեհրանի միջև, բացի այդ, Եվրոպայի համար ևս Թուրքիան վերածվել է «գլխին պահված ատրճանակի», ինչը նույնպես չի կարող դուր գալ եվրոպացիներին»։

Մեհրաբյանը շեշտեց, որ Թուրքիայի այսօրվա ամբարտավան կեցվածքը և ռազմական նկրտումները պայմանավորված են Եվրամիության շուկայում ունեցած հաջողություններով, որը օգտագործում է իր շուրջ քաոս արտահանելու համար։ Եվ եթե այդ թթվածինը փակվի, Թուրքիան կվերադառնա քարե դար։ Հետևաբար Թուրքիայի տնտեսական հաջողությունները պետք է բազմապատկվեն զրոյով և արաբական երկրների կողմից ձեռնարկված քայլերը միտված են դրան։

«Մեզ կարող է ինչ-որ բան դուր գալ կամ չգալ, բայց գործընթացն իր ներքին օրինաչափությունն ունի, որը հանգուցալուծման է գալու վաղ թե ուշ, իսկ մինչ այդ՝ Հայկական Բանակը պետք է ուղղակի մսաղացի մեջ աղա այդ թափթփուկների բանդաները»,-ամփոփեց զրույցը Ռուբեն Մեհրաբյանը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս