X
Մենք սոց. ցանցերում

Վարելով այս պատերազմը՝ վերահաստատում ենք մեր հավատարմությունը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը

ՎԱՐԵԼՈՎ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ՄԵՆՔ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆԸ

Հարցազրույց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկան ժողովրդին ուղղված ուղերձներով։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ուղերձները, ո՞րն էր դրանց հիմնական ասելիքը։

Երկու ուղերձներն էլ չափազանց բարձր եմ գնահատում։ Այդ ուղերձները, բացի զուտ պատերազմական իրավիճակի վերաբերյալ ասելիքից, շատ կարևոր առանձնահատկություն էին պարունակում։ Արցախի և Հայաստանի ղեկավարներն այդպիսով հերթական անգամ ցույց տվեցին, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական պետություններում իսկապես գործում է ժողովրդավարություն, և իշխանություններն աշխատում են առավելագույն թափանցիկությամբ՝ ոչինչ չթաքցնելով հասարակությունից։ Եվ հենց այդ տրամաբանության շրջանակներում ինչպես Արայիկ Հարությունյանը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը պարզորոշ կերպով հայտարարեցին, որ, այո, վիճակը օրհասական, ճակատագրական է, և այն հաղթահարելու համար անհրաժեշտ է համազգային միասնականություն ու համախմբում։ Բայց երկու ուղերձների ամենակարևոր կետը վճռականությունն էր ու հաղթական ոգին։ Ե՛վ Հարությունյանը, և՛ Փաշինյանը, արձանագրելով, որ իրավիճակն իսկապես ծանր է, միևնույն ժամանակ առանց երկմտանքի հայտարարեցին, որ պայքարելու ենք մինչև վերջ՝ Ադրբեջանին պարտադրելով խաղաղություն և հասնելով երջանիկ Արցախ ու Հայաստան ունենալու մեր երազանքին։ Սրանք կարևոր արձանագրումներ էին ինչպես ներքին լսարանի, այնպես էլ միջազգային հանրության, այդ թվում նաև մեր հակառակորդների՝ ահաբեկչական կոնգլոմերատի վերածված թուրք-ադրբեջանական միավորման համար։ Վստահ եմ, որ և՛ Արայիկ Հարությունյանի կոչը, և՛ Նիկոլ Փաշինյանի ուղերձը չափազանց մեծ դրական ազդեցություն են ունենալու մեր բանակի մարտական ոգու էլ ավելի բարձրացման և նոր, հերոսական հաղթանակների կերտման համար։

Նիկոլ Փաշինյանի ուղերձից առաջ ծավալուն հարցազրույցով հանդես եկավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ բանակցային գործընթացի սեղանին հիմա միջնորդների առաջարկած այն տարբերակն է, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է առաջին փուլում  զիջի հինգ շրջաններ՝ մինչև Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը հուսալի կապ պահպանելով Հայաստանի հետ, որի համար պետք է տրվեն նաև անվտանգության երաշխիքներ։ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո շատերը գնահատեցին, որ նա ըստ էության մերժեց Լավրովի ներկայացրած այդ առաջարկը։

Առաջին տպավորությամբ գուցե կարելի է Նիկոլ Փաշինյանի այդ ելույթը որակել որպես Լավրովի կողմից հնչեցված առաջարկի մերժում։ Բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բազմաշերտ է ու բազմագործոն, և սխալ է միանշանակ հետևություններ ու աներկբա գնահատականներ տալ։ Նիկոլ Փաշինյանի ուղերձում չափազանց կարևոր էր այս պատերազմի գենեզիսի, պատճառահետևանքային կապերի ներկայացումը։ Նա շատ պարզորոշ կերպով ներկայացրեց, որ այս պատերազմն ուղղակի հետևանքն է բանակցային գործընթացում Ադրբեջանի որդեգրած մաքսիմալիստական մոտեցման, որը լայն իմաստով հանգում է միակողմանի զիջումների դիմաց Հայաստանին խաղաղություն տրամադրելու բանաձևին։ Դա, ինչպես հայտարարվեց, բանակցային գործընթացում նախկինից մնացած ժառանգության հետևանքն է, մոտեցում, որը նոր Հայաստանի իշխանությունները մերժել են առաջին օրից։ Ակնհայտ է, որ այդ մոտեցումը մերժելի է առավել ևս այսօր, երբ մեր հերոսական զինվորները կենաց-մահու պատերազմ են վարում մեր հայրենիքի պաշտպանության համար։ Մենք չենք կարող համաձայն լինել ղարաբաղյան հակամարտության լուծման մի տարբերակի, որը ենթադրում է մեր կողմից միակողմանի զիջումներ՝ ըստ էության, ոչնչի դիմաց։ Սա էր Նիկոլ Փաշինյանի ասելիքի հիմնական ուղերձը, որի հետ վստահաբար համաձայն է ողջ հայ ժողովուրդը։ Եվ իրականում այդ առաջարկը, Լավրովի ներկայացրած առաջարկը ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմների առաջարկ է, քանի որ միակողմանի զիջմամբ չի կարող հաստատվել վերջնական խաղաղություն, այդ առաջարկը կդառնա հերթական ականը, որ կդրվի Արցախում, հետևաբար, այսօր մերժելով այդ առաջակը, մենք, ըստ էության, մեր ներդրումն ենք բերում խաղաղության, տևական խաղաղության հաստատման գործին։

Աշխարհը, միջազգային հանրությունը պետք է հասկանա, և ես վստահ եմ, որ հասկանում է՝ մեր նպատակը, հայկական կողմերի նպատակը ոչ թե պատերազմներն են, այլ խաղաղությունը, վերջնական խաղաղությունը։ Եվ մեզ պարտադրված այս ահաբեկչական պատերազմը մենք մղում ոչ թե հերթական ժամանակավոր հաջողություններ արձանագրելու, այլ վերջնական խաղաղություն հաստատելու անխախտ նպատակադրմամբ։ Սա մեր վերջին պատերազմն է, և հենց այս գիտակցությունն է առաջ մղում այսօր բոլորիս՝ խրամատում կանգնած զինվորից մինչև ամենաբարձր մակարդակի ղեկավարություն։ Եվ վարելով այս պատերազմը՝ մենք միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր հավատարմությունը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը։ Պարզապես մենք աշխարհին ասում ենք, որ որևէ պարագայում խնդիրը չի կարգավորվելու միակողմանի զիջումներով։ Պատերազմելով մեզ պարտադրված կռվում՝ մենք պաշտպանում ենք հակամարտությունը ոչ թե զիջումների, այլ փոխզիջումների ճանապարհով լուծելու մեր արդարացի պահանջն ու իրավունքը։ Եվ մեր կողմից հղվող այս ուղերձները միջազգային հանրությունը պետք է ընկալի ոչ թե որպես այս կամ այն առաջարկը մերժելուն ուղղված քայլ, այլ յուրահատուկ սթափության կոչ այն մասին, որ նման առաջարկները ոչ թե խաղաղություն են հաստատելու, այլ ծնելու են նոր պատերազմներ, պատերազմներ, որոնց չկրկնվելու համար մեր զինված ուժերը մարտնչում են այսօր, հենց այս պահին։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ անկախ այս կամ այն առաջարկի նկատմամբ մեր դիրքորոշումից, մեր բոլոր գործողությունները համաձայնեցված ու համահունչ են մեր միջազգային գործընկերների հետ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների, այդ թվում ու հատկապես Ռուսաստանի Դաշնության, նաև Ֆրանսիայի հետ։

Հայաստանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է, և մենք մեր գործողություններով երբեք չենք խախտել ու ապագայում էլ չենք խախտի որևէ հանձնառություն։ Այս առումով գնահատելի է այն ջանքն ու նախաձեռնողականությունը, որ տեսնում ենք հատկապես Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանի դերի գնահատման հարցում պետք է զերծ մնալ էմոցիաներից, ինչը ցավոք ու գուցե օբյեկտիվորեն չի ստացվում մեր շատ հայրենակիցների շրջանում։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և կաշկանդված է միջնորդի իր առաքելությամբ։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և հենց այս օրերին ողջ ծավալով իրացնում է իր դաշնակցային պարտավորություններն այնպես, որպեսզի վնաս չհասցվի միջնորդական առաքելությանը։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ կա որոշակի երկատվածություն՝ Ռուսաստանի՝ որպես Հայաստանի դաշնակցի և Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերերի միջև։ Եվ այդ պայմաններում մինչև այս պահը Ռուսաստանն արել է և, վստահ եմ, կշարունակի անել առավելագույնը առաջին հերթին հրադադարի հաստատման, ապա նաև բանակցային գործընթացի վերականգնման համար։

Ո՞րն է այս պայմաններում հայկական կողմի անելիքը, ձեր կարծիքով։

Մեր առաջնահերթ խնդիրը բնականաբար առաջնագիծն է, սահմանի պաշտպանությունը, որը մեր զինված ուժերն իրականացնում են հերոսաբար ու պատվով։ Իսկ արդեն քաղաքական դաշտում, դիվանագիտական ճակատում մեր անելիքը պետք է լինի աշխարհի, միջազգային հանրության հետ ակտիվ, անդադար աշխատանքը՝ այս պատերազմի ծագումնաբանությունն ու հակամարտության բնույթը ներկայացնելու ու դրա հիման վրա որոշումներ կայացնելու նպատակով։ Ես արդեն ասացի, որ սա պետք է լինի մեր վերջին ու հաղթական պատերազմը։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք կարողանանք հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը։ Այնպես չէ, որ դա հեշտ լուծելի խնդիր է, այդուհանդերձ ներկայումս դրա համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ։ Երեկ հայտնի դարձավ, որ Ֆրանսիացի մի խումբ օրենսդիրների կողմից խորհրդարան է ներկայացվել Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև։ Սա կարելի է համարել այս ուղղությամբ առաջին շոշափելի քայլերից մեկը, թեև  դրան նախորդել են ոչ պակաս կարևոր մի շարք այլ իրադարձություններ, մասնավորապես Ժնևի քաղաքային խորհրդի կողմից Արցախի անկախության ճանաչումը, համանման բանաձևի ընդունումը Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքի օրենսդիր մարմնի կողմից։

Արցախի անկախության ճանաչումն է մեր վերջնանպատակը, քանի որ որևէ այլ կարգավիճակով չի կարող ապահովվել Արցախի ժողովրդի անվտանգությունը, առաջին հերթին՝ ֆիզիկական անվտանգությունը։ Սա, կրկնում եմ, հեշտ իրականանալի նպատակ չէ, քանի որ կապված է տասնյակ, հարյուրավոր գործոնների, տարբեր երկրների աշխարհաքաղաքական շահերի, միջազգային իրավունքի նրբազգաց հարցերի հետ։ Բայց մենք չպետք է վհատվենք այդ նպատակի դժվար հասանելիությունից և մեր բոլոր ուժերը, ռեսուրսները պետք է կենտրոնացնենք դրան հասնելու համար։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է կոնսոլիդացիա երկրի ներսում, որը պետք է արտահայտվի Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարություններին անվերապահ աջակցությամբ, քաղաքական ուժերի միասնականությամբ ու համախմբմամբ, Սփյուռքի ներուժի, լոբբիստական ու այլ կառույցների ջանքերի մեկտեղմամբ։ Մենք պետք է հասկանանք ու գիտակցենք, որ զոհասեղանին դրված է ոչ միայն ու ոչ այնքան սոսկ Արցախի անվտանգությունը, որքան նաև Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այսօր ռազմաճակատում որոշվում է մեր լինելիության ու ինքնության հարցը, և դա ամենևին չափազանցություն չէ, այլ իրավիճակի սթափ գնահատական։ Եվ այս գիտակցումը պետք է դառնա միավորող ու համախմբող՝ երկրորդական, տասներորդական պլան մղելով բոլոր քաղաքական և այլ տարաձայնությունները, գաղափարախոսական տարբերություններն ու քաղաքական հոսանքները։ Զոհասեղանին Արցախն է ու Հայաստանը, զոհասեղանին հայ տեսակի լինել-չլինելու հարցն է, հետևաբար մենք իրապես պետք է դառնանք մեկ բռունցք՝ արձանագրելով մեր հերթական, բայց վերջին հաղթանակը։  Ինչպես աշխարհի միլիոնավոր հայերը, անվերապահորեն հավատում եմ մեր հաղթանակին և աջակցում եմ այդ հաղթանակի կերտմանն ուղղված բոլոր քայլերին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս