X
Մենք սոց. ցանցերում

Փաշինյանը մերժեց լավրովյան պլանը

Մինչ Սերգեյ Լավրովը նորից սեղանին է դնում փուլ առ փուլ երկիրը հանձնելու փաթեթը, իսկ ռազմավարական դաշնակցի զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին Ադրբեջանի հարվածի մասին լուրերը, մենք մեկ անգամ ևս սևով սպիտակի վրա արձանագրենք, որ Հայաստանն ու Արցախը ճակատագրական գոյամարտում չունեն դաշնակիցներ և ապավինում են միայն ու միայն հայոց քաջազունների աննկուն բազկին։

Մեկ անգամ ևս փաստենք, որ, այո՛, լայնածավալ պատերազմի մեջ ներքաշված Հայաստանում անգամ բացառված չեն այլ երկրների շահեր սպասարկող վարձկանները, որ ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ ժողովրդին պառակտելու գործին են լծվել՝ «մեծ հայրենասերի» դիմակի տակ թաքնված։

Վերջին ժամերի իրադարձությունները լավագույնս բացահայտեցին ոմանց իրական դեմքերը, որ ամեն հարմար առիթով գոռում են՝ «Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու»։ Աղմկելը աղմկում են ներհայաստանյան հանդիսատեսի համար, իսկ ժամանակին կուլիսներում բանակցում էին 7 շրջանները հանձնելու ուղղությամբ։

«Տարածքներ խաղաղության դիմաց թեզն անընդունելի է»,- այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, կամ, ավելի հստակ, մերժեց «լավրովյան պլանը» հրապարակավ և ազդարարեց, որ կանգնելու ենք մինչև վերջ, կռվելու և ապրելու ենք ազատ ու անկախ հայկական հողի վրա։

Հանձնելու հայրենիք չունենք, ուստի այլընտրանքը մինչև վերջ պայքարելն ու հաղթելն է։ Այլևս պատրանքներ չունենք և մնում է ամուր կանգնել սահմանին և պաշտպանել հող հայրենին թուրքադրբեջանական ահաբեկիչներից։

Ժամը վճռորոշ է, բայց ինչպես Արցախյան հերոսամարտի էջերն են փաստում, ունեցել ենք ծանրագույն ժամանակահատվածներ, ունեցել ենք նույնիսկ նահանջ, սակայն հաղթահարել ենք վախը, խուճապը և կերտել ենք հաղթանակ։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս