X
Մենք սոց. ցանցերում

Ազդեցիկ միջամտություն, թե՞ ինքնիշխանության կորուստ

Մինչ ՀՀ և ԱՀ զինված ստորաբաժանումները հերոսական մարտեր են մղում թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պատերազմին միջամտելու իր պայմաններն է ներկայացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին կրեմլյան քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի շուրթերով։

Ռուսաստանի կողմից «ազդեցիկ միջամտության» նախապայմաններից մեկն այն է, որ «սորոսականները պետք է վռնդվեն» պատասխանատու պաշտոններից, և նրանց փոխարինելու պետք է գան ռուսամետ գործիչները։ Պետք է լինի ռուսական ռազմաբազաների ավելացում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, քանի որ Գյումրիում տեղակայված մեկ ռազմաբազան քիչ է։ Իսկ վերջին կետը ձևակերպում է, որ Հայաստանում պետք է ստեղծվի միջավայր՝ ռուսաց լեզվի ավելի լայն տարածման համար և պետք է հիմնվեն մեծ թվով ռուսական դպրոցներ՝ այդ նպատակի իրականացման համար։

Ինչպես ասում են՝ կընդունեք՝ լավ, չեք ընդունի՝ պատերազմը թող շարունակվի, զի օգտագործվող սպառազինությունն էլ ռուսական ծագում ունի, իսկ եթե զինել ես, ապա չես բացառել, նույնիսկ թույլատրել ես դրա կիրառությունը…

Ամեն դեպքում, վերադառնալով վերը թվարկված պայմաններին նկատենք, որ Սիմոնյանն անգամ չի պահպանել քաղաքակիրթ աշխարհին բնորոշ ձևակերպումները, ուղղակիորեն արձանագրել է՝ Ռուսաստանը չեզոքության փոխարեն կարող է միջամտել ռազմական գործողություններին, եթե ՀՀ իշխանությունները խաղաղության դիմաց հպատակություն հայտնեն ցարին՝ սկուտեղի վրա մատուցելով երկրի ինքնիշխանությունը։

Լրագրողուհու առաջ քաշած պայմանները թերևս հիշեցրեցին թուրքական մամուլի այն վերլուծությունները, որ Ռուսաստանը ցանկանում է վերստեղծել կայսրություն և այդ առավելապաշտական նկրտումներում Հայաստանը նույնպես ներառված է միայն որպես գուբերնիա, որ միշտ էլ լինելու է դիրքապահի դերում։

Ստացվում է՝ Ռուսաստանում համբերատար սպասում, անգամ խաղադրույքներ են կատարում՝ կանխագուշակելով պատերազմի ելքը, որ ամենահարմար պահին  երկընտրանքի առաջ կանգնեցնեն ՀՀ քաղաքական ղեկավարությանը՝ կա՛մ պարտվել դարավոր թշնամուն, կա՛մ ընդունել դարավոր բարեկամի «մեծահոգությունը»։

Սակայն դարակազմիկ տեսլականում հաշվի չի առնվել, որ մարգարիտասիմոնյանները մեզանում եզակիներ են, և հայրենիքը չեն վաճառում կենցաղային պետքերը բավարարելու համար։ Պետք է հիասթափեցնել տիկին Սիմոնյանին և նրան սնող տերերին, քանզի մենք ընտրել ենք երրորդ ճանապարհը՝ հաղթելու ենք հանուն ինքնիշխանության և հայոց լեզվի հարատևության։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս