X
Մենք սոց. ցանցերում

Facebook

ՍԴ-ն պետք է ամբողջությամբ բացվի հանրության առաջ. Արման Բաբաջանյան

Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սահմանադրական դատարանում ու նրա շուրջ տեղի ունեցող գործընթացները ամեն օր նոր, անցանկալի դրսևորումներ են ստանում։ Ընդամենը մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնում ընտրված անձինք առիթը բաց չթողեցին ապացուցելու, որ իրականում բացարձակապես չեն համապատասխանում այդ պաշտոնին՝ ոչ քաղաքացիական, ոչ մասնագիտական ու անձնային հարթություններում։

Վերջին ամենաթարմ օրինակը ՍԴ նորընտրիր դատավոր Արթուր Վաղարշյանի այսօրվա հայտարարությունն է, որն արտահայտում է սույն իրավաբանի աշխարհայացքային մոտեցումը խոսքի ազատությանն ու մամուլին։ Մասնավորապես, անդրադառնալով ՍԴ աշխատակարգային նիստը մամուլի կողմից լուսաբանելու պահանջին՝ Վաղարշյանը բառացիորեն հայտարարել է. «Ես արդեն մամուլին լուրջ չեմ ընդունում և որոշել եմ չկարդալ, քանի որ եթե ձեզ հավատայի, դուք երկու ամիս ասում էիք, որ չեմ ընտրվի, բայց ընտրվեցի։ Եթե ձեզ հավատայի, 2 ամիս ասում էիք՝ չի ընտրվի, չի ընտրվի»:

Անթույլատրելի ու դատապարտելի է, որ ընդամենն օրեր առաջ Սահմանադրական դատարանում հայտնված իրավաբանը նման կերպ է արտահայտվում երկրում ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտի՝ խոսքի ազատության ու մամուլի մասին։ Նա վստահաբար տեղյակ չէ, չէր էլ կարող իմանալ, թե մենք՝ նախորդ հանցավոր իշխանությունների դեմ պայքարող հազարավոր քաղաքացիներս, որքան ջանք, էներգիա ու կյանք ենք ներդրել Հայաստանում խոսքի ազատության ու մամուլի կայացման համար։ Նա այդ մասին տեղյակ չէ, քանի որ իր ու իր նմանների համար պայքարն ընդհանրապես խորթ երևույթ է, իրենց համար ավելի նախընտրելի է եղել այդ նույն ժամանակահատվածում ակադեմիական տաքուկ աթոռներին բազմելը։

Բայց խնդիրը միայն մամուլի մասին Վաղարշյանի խեղված պատկերացումները չեն, այլ այն, որ նաև այսպիսի պատկերացումներով մարդիկ են մաս կազմում նոր Հայաստանի Սահմանադրական դատարանին, որը երեկ ու այսօր մամուլին թույլ չտվեց լուսաբանել իր աշխատակարգային նիստերը, որոնց ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ նախագահ ու փոխնախագահ։ Ընդ որում, մամուլի առաջ այդ արգելքն արդարացնող որևէ պատճառաբանություն ու հիմնավորում չի կարող ընդունելի լինել, քանի որ սարսափելի է անգամ մտածել, որ հեղափոխությունից հետո ձևավորված Սահմանադրական դատարանը կարող է թաքցնելու բան ունենալ ՀՀ քաղաքացուց, Հայաստանի հանրությունից։ Այս իրողությունն ավելի է ամրապնդում նախորդող օրերին քաղաքական շրջանակներում ու մամուլում քննարկվող տեղեկություններն այն մասին, որ ՍԴ նախագահի ընտրության հարցում իշխանությունը նորընտիր դատավորների հետ ստվերային պայմանավորվածությունների է հանգել։

Եթե այդ տեղեկությունները չէին համապատասխանում իրականությանը, ապա ՍԴ-ն ինքը պետք է շահագրգիռ լիներ բաց նիստ անցկացնելու հարցում ու հանրությանը ցույց տար, որ չի գործում նրա թիկունքում։ Սահմանադրական դատարանի այս գործելաոճը խորապես դատապարտելի է և անթույլատրելի։ Բայց ՍԴ նորընտիր անդամները չարաչար սխալվում են՝ մտածելով, որ այս նույն ոճով կարող են շարունակել աշխատել նաև ապագայում։ Ամենևին։ Ժամանակն է, որ Սահմանադրական դատարանը գնա վերափոխման ճանապարհով և այդ ճանապարհին պատրաստ լինի իշխանության մյուս ճյուղերի, առաջին հերթին՝ իշխանության առաջնային մանդատ կրող խորհրդարանի հետ հեռակա բանավեճի, ինչպես նաև քաղաքացիական ու հանրային վերահսկողությանը՝ ի դեմս մամուլի մշտական աշխատանքի։
Սահմանադրական դատարանը պետք է ամբողջությամբ բացվի հանրության առաջ։ Միայն այդ ճանապարհով, հանրության առջև թափանցիկ ու իշխանության մյուս ճյուղերի հետ կառուցողական աշխատանքի միջոցով Սահմանադրական դատարանը կարող է իր վրայից թոթափել վերջին խնդրահարույց ընտրությունների բեռն ու ստվերը։ Այս պահին Սահմանադրական դատարանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ այդ վերափոխմանը, ինչը նշանակում է, որ մենք երկրում ունենք դեռևս ոչ ամբողջական ու ոչ արդյունավետ սահմանադրական արդարադատություն՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով։

Հ. Գ. Եթե անգամ որոշում կայացվի ՍԴ աշխատակարգային նիստի շարունակությունը հաջորդիվ ժամերին հեռարձակել ուղիղ եթերում, դրանից վերը նշված խնդրի էությունը չի փոխվի, քանի որ հանրությունը լեգիտիմ իրավունք կունենա կասկածելու, որ երեկ և այսօր կայացած փակ նիստերում կայացվել են բոլոր որոշումները, և հեռարձակվում է ընդամենը վերջին ընտրությունների արդյունքների ֆորմալ արձանագրման արարը»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս