X
Մենք սոց. ցանցերում

«Հանուն Հանրապետության»-ը հավակնում է լինել ոչ թե բոլորի թվում հերթականը, այլ բոլորից տարբերվողն ու բացառիկը

Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանի հետ:

Սեպտեմբերի 21-ին կայանալու է «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր համագումարը։ Հայաստանում ցանկացած նոր քաղաքական ուժի ստեղծման ժամանակ հնչող առաջին հարցը հետևյալն է՝ ինչո՞վ է այն տարբերվելու գործող կամ գրանցված տասնյակ կուսակցություններից։ Դուք փաստորեն գալիս եք համալրելու այդ մի քանի տասնյակ ուժերի շարքը։

-Եթե կարճ պատասխանեմ՝ ոչ, մենք այդ շարքը չենք համալրելու։ Մենք հավակնելու ենք լինել ոչ թե բոլորի թվում հերթականը, այլ բոլորից տարբերվողն ու բացառիկը։ Եվ դա անելու ենք աշխատանքով, հետևողական գաղափարական, ծրագրային, հայեցակարգային աշխատանքով։ Իրականում ձեր հարցը տեղին է ձևի, բայց ոչ բովանդակության առումով։ Այո, Հայաստանում կան տասնյակ, եթե չեմ սխալվում 70-ից ավելի կուսակցություններ, որոնցից ակտիվ են, մի քանիսը կամ գուցե մոտ մեկ տասնյակը։ Բայց այդ ակտիվ ուժերի ներկայությունը քաղաքական դաշտում նոմինալ և ոչ թե բովանդակային ներկայություն է։ Եթե խտացնենք գույները, ապա քաղաքական դաշտում մի կողմից իշխանությունն է, մյուս կողմից՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը։ Վերջին երկուսը հեռու են այն գործառութային առաքելությունից, որ պետք է կատարեն ընդդիմադիր ուժերը։ Խորհրդարանական ընդդիմությունը, որ ընտրվել է թավշյա հեղափոխության ալիքի արդյունքում, հնարավորություն ուներ դառնալու իրապես գաղափարական, ծրագրային ընդդիմություն՝ հիմնվելով նույն հեղափոխության, դրա հռչակումների վրա։ Դա պետք է արտահայտվեր խորհրդարանական ընդդիմության կողմից բարեփոխումների, արմատական բարեփոխումների հարցը քաղաքական օրակարգ բերելով ու այն իշխանությանը պարտադրելով։ Բայց խորհրդարանական ընդդիմությունը տապալել է այդ առաքելությունը, դարձել է անհասկանալի, երբեմն երևացող, երբեմն՝ թաքնված շահեր ու օրակարգեր առաջ մղող կոնգլոմերատ, որի գործունեությունը գործնականում աղերս չունի երկրի ու հասարակության առջև ծառացած իրական խնդիրների ու մարտահրավերների հետ։

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա այդ դաշտում ակտիվ բոլոր ուժերին միայն պայմանականորեն կարելի է ընդդիմություն անվանել, քանի որ նրանց բոլորին միավորողը ոչ թե ուղղակի ընդդիմադիր քաղաքական գործունեությունն է, այլ ռևանշը կամ հակահեղափոխությունը։ Եվ, բնականաբար, նրանց առաջ մղած օրակարգերը նույնպես ոչ միայն կապ չունեն համապետական խնդիրների ու մարտահրավերների հետ, այլև նրանք են իրենց բնույթով հակապետական։ Ահա այս երկու բևեռների՝ իշխանության, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի միջև քաղաքական դաշտում կա մեծ բաց, վակուում, որը վաղ թե ուշ պետք է լցվի բովանդակությամբ։ Վտանգն այն է, որ եթե այդ վակուումը չլցվի առողջ, գաղափարական ուժերով, այդ տեղը կարող են զբաղեցնել նույն ռևանշիստներն ու հակահեղափոխականները, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով ոչ այնքան իշխանության, որքան պետության ու հասարակության համար։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը գալիս է լրացնելու հենց այդ բացը, այդ վակուումը։ Մենք այն լցնելու ենք իրական քաղաքական, գաղափարական, ծրագրային բովանդակությամբ, գործելու ենք ընդդիմադիր դաշտում և ներկայանալու ենք որպես այլընտրանք ինչպես գործող իշխանությանը, այնպես էլ ու առավել ևս մնացյալ ուժերին, որոնցից գոնե նախկինների հետ ասոցացվող միավորների հետ մենք անգամ քննարկման նյութ չունենք։ Մեր խնդիրներից մեկն է լինելու մեր գործունեությամբ մրցակցություն հաղորդել քաղաքական կյանքին, քաղաքական դիսկուրսը կեղծ օրակարգերից տեղափոխել իրական մարտահրավերների հարթություն, ցույց տալ այդ մարտահրավերները հաղթահարելու իրական ու կենսունակ ուղիներ։ Քավ լիցի, ես չեմ հավակնում մտածել, որ քաղաքական դաշտի այդ վակուումը լրացվելու է միայն «Հանուն Հանրապետության» կուսակցությամբ։ Ուզում եմ հավատալ, որ քաղաքական դաշտում կծնվեն այլ ուժեր ևս, որոնք կապված չեն լինի նախկին իշխանությունների հետ, ինչպես նորահայտ որոշ միավորներ, և կներկայացնեն գաղափարական, գաղափարախոսական օրակարգեր։ Վստահ եմ, դա մեծապես կնպաստի քաղաքական դաշտի առողջացմանը, քաղաքական մրցակցության խթանմանը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանին։

Դուք հայտարարում եք, որ գործելու եք ընդդիմադիր դաշտում, միևնույն ժամանակ ձեր հրապարակային ելույթներում, խորհրդարանական գործունեության մեջ մշտապես հանդես եք գալիս հեղափոխության պաշտպանության դիրքերից։ Հակասություն չկա՞ այս հարցում, և արդյոք իրականում դուք ձեր մոտեցումներով չե՞ք գտնվում իշխանական դաշտում։

-Ոչ միայն որևէ հակասություն չկա այդ հարցում, այլև դա հենց իմ, մեր ուժի ընդդիմադիր գործունեության անկյունաքարերից մեկն է։ Ինչպես իմ քաղաքական գործունեությունը, այնպես էլ իմ համախոհների հետ կուսակցություն հիմնելու գործընթացն իրականում սնուցվում է հեղափոխության գաղափարներով ու դրա ստեղծած հնարավորությամբ։ Այո, ես պաշտպանել եմ ու շարունակելու եմ պաշտպանել հեղափոխությունը, հեղափոխության արժեքները, գաղափարներն ու սկզբունքները, որովհետև խորապես համոզված եմ, որ հեղափոխությունը մեզ տվել է մեր երազած երկիրն ունենալու բացառիկ, պատմական հնարավորություն, որի մսխումը մեզ չի ներվի ո՛չ պատմության, ո՛չ սերունդների կողմից։ Բայց սխալ ու մոլորություն է հեղափոխության պաշտպանությունը նույնացնել իշխանությանը պաշտպանելու հետ, որովհետև որքան էլ հակասական հնչի, շատ հաճախ ոչ միայն ես, այլ նաև հեղափոխությամբ տոգորված շատ այլ գործիչներ ստիպված ենք հեղափոխությունը պաշտպանել հենց հեղափոխական իշխանություններից, ինչը տեղի ունեցավ, օրինակ, Սահմանադրական դատարանի դատավորների վերջին ընտրության դեպքում, ընտրություն, որն ամբողջությամբ հակասում էր հեղափոխության սկզբունքներին ու հռչակումներին։ Որքան էլ ցավալի է, իշխանությունը կարծես խամրեցրել է իշխանության՝ եթե ոչ բոլոր ներկայացուցիչների, ապա զգալի մասի հեղափոխականությունը, ռոմանտիզմն ու նախանձախնդրությունը, շատ ոլորտներում մենք տեսնում ենք, որ հեղափոխության սկզբունքները պարտվում են բյուրոկրատական ֆորմալիզմին։ Հետևաբար, հեղափոխության պաշտպանությամբ հանդես գալու իմ հետևողական դիրքորոշումն իրականում ընդդիմախոսություն է առաջին հերթին իշխանության այդ հատվածին, հեղափոխության արժեքներից հեռացած ու հեղափոխությանը դավաճանած հատվածին։ Եվ դա շատ ավելի է ընդգծում ու կարևորում առողջ, կայացած քաղաքական դաշտ ու այդպիսի ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունը։ Ընդդիմություն, որն իր գաղափարախոսական, ծրագրային հենքով ու կադրային բազայով կլինի իշխանությունից ավելի լավը, շահեկանորեն կտարբերվի իշխանությունից և հասարակությանը կներկայանա որպես իրական ու մրցունակ այլընտրանք։ Այս սկզբունքներով ու այս հավատամքով է գործելու «Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝ հանրությանը ներկայացնելով ավելի լավ երկիր ունենալու ավելի արդյունավետ ու ավելի կենսունակ ուղիներ, քան ներկայացնում է գործող իշխանությունը։

Դուք ասում եք, որ ընդդիմությունը պետք է լինի գործող իշխանությունից ավելի լավը։ Ինչո՞վ է ձեր ներկայացրած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը տարբերվելու գործող իշխանությունից, ի՞նչ այլընտրանք եք առաջարկում դուք, որ չի առաջարկում իշխանությունը։

-Ձեր հարցերի հանգամանալից ու մանրամասն պատասխանները կհնչեն մեր կուսակցության հիմնադիր համագումարում։ Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր կուսակցության համար առաջնային հարցերից մեկը լինելու բարեփոխումների, իրական ու արմատական բարեփոխումների օրակարգը, դրա առաջ մղումն ու պարտադրումը իշխանություններին։ Հեղափոխության տված եզակի հնարավորությունը, որի մասին ես խոսեցի, հնարավոր չէ կյանքի կոչել առանց բոլոր ոլորտների համակարգային, արմատական բարեփոխման։ Դատական իշխանություն, քննչական, դատախազական, ոստիկանական համակարգեր, Ազգային անվտանգության ծառայություն, տնտեսություն, արտաքին քաղաքականություն…. Սա արմատական բարեփոխումների կարիք ունեցող ոլորտների ոչ ամբողջական ցանկն է։ Այնպես չէ, իհարկե, որ գործող իշխանությունն այս ուղղություններով ոչինչ չի անում։ Ոչ, քայլեր արվում են, բայց դրանք ամենևին բավարար չեն, որովհետև այդ քայլերը հեղափոխական ու արմատական չեն, շատ դեպքերում կրում են մակերեսային, կոսմետիկ բնույթ։ Տարօրինակ է ու պարադոքսալ, սակայն հեղափոխական իշխանության քաղաքականության ու քայլերի մեջ մենք գրեթե չենք տեսնում հեղափոխականություն, արվող աշխատանքը ավելի շատ հիշեցնում է սոսկ օպերատիվ կառավարում, բայց ոչ երբեք բարեփոխումների համակարգային քաղաքականություն։ Մեր օրակարգն ու ծրագրային հենքը միանգամայն այլ է։ «Հանուն Հանրապետության» կուսակցության համար առաջնահերթություն են բոլոր ոլորտների ֆունդամենտալ բարեփոխումները, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատական քայլերը, ինչպես օրինակ՝ վեթինգն ու անցումային արդարադատությունը՝ դատական իշխանությունում, բարեվարքության հստակ կանոնների ամրագրումն ու գույքային դրության ստուգումը, ստվերային կապերի բացահայտումը՝ իրավապահ կառույցներում, տնտեսական մոդելի արմատական վերանայումը՝ տնտեսական կյանքում, մենաշնորհների ու օլիգարխիայի դեմ ոչ թե մակերեսային, այլ իրական պայքարը՝ տնտեսական համամասնությունների փոփոխության հստակ նպատակադրմամբ, արտաքին քաղաքականության համապատասխանեցումը ներքին, ժողովրդավարական կառուցակարգերին ու ճկուն, նախաձեռնողական դիվանագիտության գործադրումը բոլոր ուղղություններով։ Ես շատ սեղմ կերպով ընդամենը թվարկեցի այն հիմնական ուղղությունները, որոնց առնչությամբ մենք ունենք իշխանությունից էականորեն ու հուսամ՝ շահեկանորեն տարբերվող մոտեցումներ, և դրանք առաջիկայում կներկայացնենք հստակ ծրագրերի, ռազմավարությունների ու հայեցակարգերի տեսքով։

Հիմա Հայաստանի ներքաղաքական օրակարգը, ըստ էության, լցված է հրաժարականների պահանջներով։ Խորհրդարանական ուժերից մեկը նախարարի հրաժարական է պահանջում, արտախորհրդարանական միավորները հայտարարում են վարչապետի հրաժարականի ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջների մասին։ Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը այս հարցում, հնարավո՞ր է ձեր կուսակցությանը առաջիկայում տեսնել հրաժարականներ պահանջողների շարքում կամ կողքին։

-Ձեր նշած օրակարգերը կեղծ, արհեստական օրակարգեր են և իրենց բնույթով ուղղված են պետության ու հասարակության դեմ։ Ներկայիս խորհրդարանն ու գործադիր իշխանությունը առնվազն վերջին քսան տարիների կտրվածքով Հայաստանի իշխանության ամենալեգիտիմ մարմիններն են, որոնք ձևավորվել են հասարակության լիակատար կամարտահայտության արդյունքում։ Իսկ դա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կամ վարչապետի հրաժարականի պահանջը վիրավորանք ու անարգանք է առաջին հերթին ընտրողների, ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Բացի դրանից՝ որն ամենակարևորն է, այդ պահանջները լեգիտիմ չեն հանրայնորեն, այսինքն՝ հասարակությունն այդ պահանջները ներկայացող ուժերից որևէ մեկին որևէ ձևաչափով չի պատվիրակել ներկայացնելու հրաժարականների պահանջներ։ Դրանք այդ ուժերի գրասենյակներում ծնված կեղծ օրակարգեր են, օրակարգեր, որոնք, գուցե համաձայնեցվում կամ թելադրվում են նաև օտար ափերից, սակայն դրանք որևէ աղերս չունեն հանրության իրական տրամադրությունների հետ։ Հետևաբար «Հանուն Հանրապետության» կուսակցությունը որևէ առնչություն չի կարող ունենալ այդ կեղծ ու արհեստական օրակարգերի հետ, որոնք ոչ այլ ինչ են, քան քաղաքական ժամավաճառության արտահայտություն։ Ժամավաճառության փոխարեն մենք զբաղվելու ենք իրական քաղաքական աշխատանքով, ամենօրյա, անդադար աշխատանքով և մասնակցելու ենք բոլոր կարևոր քաղաքական գործընթացներին, որոնք, սակայն կբխեն երկրի ու հասարակության իրական մարտահրավերից ու շահերից։ Մենք ակտիվորեն մասնակցելու ենք հաջորդ տարի բազմաթիվ համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այդ մասնակցությունը մեզ համար ոչ թե ինքնանպատակ է, այլ քաղաքականության ապակենտրոնացման մեր որդեգրած ռազմավարության գործնական արտահայտություն։ Հայաստանում քաղաքական կյանքը գերկենտրոնացած է Երևանում, ինչն ուղղակի անթույլատրելի է։

Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի ամենակարևոր հատվածը պետք է լինի սահմանը, սահմանամերձ բնակավայրերը։ Եվ դա պետք է արտահայտվի ոչ թե գեղեցիկ ճառերով, այլ իրական գործով, սահմանամերձ համայնքները քաղաքական կյանքին ինտեգրելու, ներգրավելու միջոցով։ Մենք պետք է սահմանի բնակչին հուզող խնդիրը ձևակերպենք որպես քաղաքական պահանջարկ ու այն ներկայացնենք Երևանում՝ որոշումների կայացման գործընթացում հասնելով դրանց լուծմանը։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ակտիվ քաղաքական աշխատանք կատարել մարզերում, հատկապես սահմանամերձ համայնքներում ու նրանց բնակիչներին ներգրավվել քաղաքական կյանքում։ Դա երկարատև, տքնաջան աշխատանք է, բայց մենք կատարելու ենք այդ աշխատանքը, որի սկիզբը, ի դեպ, արդեն դրվել է։ Անցած ամռան ամիսներին մենք «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամներով եղել ենք գրեթե բոլոր սահմանապահ բնակավայրերում, գույքագրել ենք այդ համայնքների բնակիչներին հուզող ամենահրատապ խնդիրները, մեր հնարավորությունների սահմաններում փորձել ենք հասնել դրանց լուծմանը կամ գոնե դրանք ներկայացրել ենք պատկան մարմիններին։ Քաղաքականության ապակենտրոնացման ու քաղաքականությունը դեպի սահման տանելու մեր ծրագրի շրջանակներում անցած ամիս Տաուշի մարզում կազմակերպեցինք տարածաշրջանային խնդիրներին վերաբերող փորձագիտական քննարկում, որը լայն ռեզոնանս առաջացրեց ոչ միայն մամուլում, մասնագիտական հանրույթում, այլ հենց տեղի բնակիչների շրջանում։ Այս աշխատանքը լինելու է շարունակական, որոշակի պարբերականությամբ մենք նման ու այլ բնույթի միջոցառումներ ենք կազմակերպելու բոլոր սահմանամերձ բնակավայրերում և գնալով դեպի սահման՝ փորձելու ենք սահմանը բերել Երևան, ապահովել այդ հետադարձ կապը որոշումների կայացման գործընթացում։ Կարծում եմ՝ սա է իրական քաղաքականությունն ու աշխատանքը և ոչ թե Երևանի մամուլի սրահներում կամ անգամ խորհրդարանի ամբիոնից հրաժարականների դատարկ պահանջներ հնչեցնելը։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է կատարելու այդ աշխատանքը ու ստանձնելու ավելի լավ երկիր ունենալու գործում սեփական ավանդն ունենալու պատասխանատվությունը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս