X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Սաբոտաժ, որի գինը երեխաների առողջությունն է

ՀՀ առողջապահության նախարարության այն որոշումը, որ դադարեցնում է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը, հանգեցրեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բուժանձնակազմի կողմից՝ մեկը մյուսին հաջորդող ազատման դիմումների տեղատարափի։

Նախ, ազատման դիմում ներկայացրեց կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, ինչին հետևեց վերջինիս պարզաբանող համացանցային գրառումը այն մասին, որ Սամվել Դանիելյանի հեռանալու դեպքում կհեռանան կենտրոնի բոլոր բժիշկները։ Թամամյանը տեսանյութով ևս անդրադարձավ հարցին՝ նշելով, որ ովքեր սաբոտաժ են  անվանում բուժանձնակազմի նման արձագանքը դեռ չգիտեն, թե դա ինչ է նշանակում։ «Մտածեք, որ հոկտեմբերի 1-ից այլևս Հայաստանը չի ունենա այս մասնագետներին, սա դեռ սկիզբն է»,- անհասկանալի է՝ նախազգուշացրեց, թե սպառնաց Թամամյանը, իսկ ԱՆ պարզաբանմանը, որ լրանում է Դանիելյանի հետ կնքված պայմանագրի ժամկետը, և նրա տարիքն էլ 65 է, համարեց ծիծաղելի։

Չհապաղեցին, գնացողներին միացան նաև Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկները համապատասխան հայտարարություններով։ Իսկ կենտրոնում տարիներ շարունակ աշխատած մանկական ուռուցքաբանության, արյունաբանության մի խումբ աշխատակիցներ բաց նամակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեցին խնդրի վրա։ Նրանք նամակում նշել էին, որ Սամվել Դանիելյանի պաշտոնավարման 2 տարիների ընթացքում, նրա հետևողական աշխատանքի շնորհիվ Արյունաբանական կենտրոնը գրանցել է «թռիչքային առաջընթաց» և Առողջապահության նախարարության չհիմնավորված որոշումը կարող է մեծապես ազդել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի հետագա ընթացքի վրա։

Նման մեծամասշտաբ ընդվզմանը Նիկոլ Փաշինյանը գտել է լուծման ամենաարագ և կանխագուշակելի տարբերակը՝ հանձնարարել է ԱՆ նախարարին «երկարեցնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի աշխատանքային պայմանագիրը», թեև չի թաքցրել տարակուսանքը։ «Այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի։ Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք»,– գրել է վարչապետը։

Մի հարցում վարչապետի հետ հնարավոր չէ չհամաձայնել՝ խնդրի լուծման ուղիների փնտրտուքներում ընտրվել է ամենաանընդունելի տարբերակը մի պարզ պատճառով՝ բարիկադների մյուս կողմում կյանքի համար ամեն օր պայքարող երեխաներն են ու նրանց՝ այս իրավիճակում անզորացած ծնողները։ Ոչ մի նպատակ չի արդարացնում այն միջոցները, որոնք կարող են վտանգել տասնյակ երեխաների կյանքերը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս