X
Մենք սոց. ցանցերում

ԹԻՎ 1 բլոգ

Հայաստանյան հասարակության մեջ ընդունված է ամեն գնով մեքենա ունենալու երևույթը Գագիկ Մամուլյան

Առհասարակ մեքենայի ընտրությունը շատ դժվար ու անշնորհակալ գործ է, և որքան էլ մանրամասն կատարենք այդ ընտրությունը, միևնույնն է, շատ դժվար ենք գոհ մնալու մեր ընտրածից: Մեքենա ընտրելիս նախ և առաջ պետք է սկսել նրանից՝ արդյոք մեզ պետք է ունենալ մեքենա, թե, ասենք, տաքսի ծառայությունը ավելի հարմար միջոց է մեր ամենօրյա տեղաշարժերն ապահովելու համար: Հայաստանյան հասարակության մեջ ընդունված է ամեն գնով մեքենա ունենալու երևույթը: Դա որոշակիորեն սոցիալական ստատուս է ընդգծում՝ հարևանին ենք «տրաքեցնում» և այլն: Արդեն ոչ արդիական է այն միտքը, որ ավտոմեքենան զուտ փոխադրամիջոց է, քանի որ մեր իրականությունում գոյություն ունեն «զուտ փախադրամիջոց» կոչվող մեքենաներ, որոնց ձեռքբերման ու պահպանության գումարով կարելի է մոտ 1295 տարի տաքսիով օրը երկու-երեք անգամ տեղափոխվել Մեղրիից Բագրատաշեն, իսկ մնացած գումարն ուղարկել որևէ սահմանամերձ գյուղ՝ ապահովելով բնակիչների առաջիկա 25-33 տարվա անհոգ կյանքը:
Այսինքն հստակ տարանջատված է մեքենաների ու փոխադրամիջոցների միջև սահմանը: Եթե ընտրում ենք ուղղակի փոխադրամիջոց, այն պետք է ունենա սկզբնական ցածր արժեք, լինի հնարավորինս քիչ ծախսատար, իսկ հարմարավետության առումով մեծ սպասելիքներ դրանից չպետք է ունենանք: Իսկ եթե ընտրում ենք մեքենա, այն պետք է ունենա թանկարժեք պահեստամասեր, որոնք բնականաբար պետք է մերթընդմերթ փչանան ու մեզ «գցեն ծախսերի տակ»: Բայց փոխարենը մեքենան մեզ պետք է տրամադրի հարմարավետություն, անվտանգություն, վարման հաճույք, պետք է համապատասխանի մեր սոցիալական ստատուսին, կամ որ ավելի վատ է՝ բարձրացնի մեր սոցիալական ստատուսը, ունենա այնպիսի արտաքին տվյալներ, որ հարևան Ռիփսիկ ծյոծյան միանգամից կողմնորոշվի՝ արժե աչքով տալ, թե՞ հերթական 2-3000 դոլարանոց ժեխն է և այլն: Մեքենա ընտրելիս շատ կարևոր է նախապես հստակեցնել այն ունենալու նպատակը ու այն վայրը, որտեղ պետք է այն շահագործվի: Եգիպտացորենի սպիրտով աշխատող մեքենան շատ հրաշալի բան է, բայց Հայաստանում այն շահագործելը 5 անգամ թանկ կլինի, քան բենզինովը… Հայաստանում շահագործելու համար անհրաժեշտ է ունենալ մեքենա, որը, ենթադրենք, շահագործվում է թթի օղիով, կալոշի սպիրտով, կամ հոնի ծառի շվաքում քաշած տանձի օղիով: Մի խոսքով, ցանկացած մեքենա լավն է, եթե նախապես գիտեք՝ ինչ սպասել դրանից…

Գագիկ Մամուլյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս