X
Մենք սոց. ցանցերում

Ես չեմ վախենում, ես հեղափոխական թիմի առաջնորդներից եմ եղել և եմ․ԿԳՄՍ նախարար

Եթե հրաժարականի հիմքեր լինեն, ինքը մեկ րոպե ավել չի մնա ԿԳՄՍ նախարարի պաշտոնում և դիմում կգրի՝ ասուլիսում հստակեցրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով բողոքներին՝ նախարարը նշեց, որ դրանք կապված են իրականացվող կրթական բարեփոխումների փաթեթի հետ։ Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում  ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը և հիմքը չի հանդիսանալու։

«Լինելու է քննադատող, վերլուծող, իսկ քննադատող – վերլուծող սերունդը, եթե վերլուծի էտ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբևէ, որևէ առիթով էտ շրջանակներին չի սատարելու։ Եվ տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլևս զրկվելու են մեր հասարակության որևէ աջակցությունից։ Հիմա էլ աջակցություն շատ քիչ ունեն, էտ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»,- ասաց նախարարը։

Բողոքող խմբերի հետ հանդիպման մասով Հարությունյանը շեշտեց՝ բոլորը տեսել են, որ երբ կա օրակարգ, ինքն այդ խմբերի հետ հանդիպում է. «Երբ խմբերը դնում են էնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին օրինակ հրաժարականն է, ես դա անիմաստ եմ գտնում քննարկելը, որովհետև դա իրենց պայքարի և իրենց օրակարգի հարցն է և ամենևին իմ օրակարգի հարց չի։ Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է և ոլորտում նորություններ բերելն է։ Եթե իրենց օրակարգում կա էտպիսի հարց, ես անպայման հանդիպում եմ»։

Բողոքող ուսանողների հետ կապված նախարարը հայտնեց՝ հիմա վստահ չի, որ պահպանված կլինի, բայց կարող են փնտրել և գտնել, որ քննություններից անմիջապես հետո երկու, երեք օր՝ ամեն առավոտ, հանդիպել է տասնյակ դիմորդների հետ։ Մի խումբը, որը բողոքում էր, հետո նաև «քաղաքական շրջանակների զոհ դարձավ», իրենց հետ նախարարը չէր պատրաստվում հանդիպել, որովհետև նրանց օրակարգն այլ էր, և ակցիաների ընթացքում էլ բոլորը դա հստակ տեսան։ Կանխագուշակելով նրանց օրակարգը՝ հանդիպում չի եղել վերջինների հետ։ Որոշ ծնողներ քննարկումների արդյունքում, ստանալով իրենց հուզող հարցերի լուծումները, դադարեցրեցին ակցիաները։

Նախարարի խոսքով՝ նախարարությունը միշտ պատրաստ է քննարկումների, որը երևաց Կրթական չափորոշիչների հանրային քննարկումների ընթացքում՝ խելամիտ դիտողությունները իրենք ընդունել և ընդգրկել են իրենց օրակարգում։

«Ես կխնդրեի մեր ընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես չեմ վախենում դրանից, ես հեղափոխական թիմի առաջնորդներից եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու։ Ես այդ առաքելությունը ներկայումս իրականացնում եմ, եթե ես ինքս կզգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ, հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս