X
Մենք սոց. ցանցերում

Հնարավորության դեպքում ռուս և արտասահմանյան այլ աստղերին կապում եմ Հայաստանի հետ․ Սոֆյա Ղուլյան

Թիվ 1-ի զրուցակիցը մոսկվաբնակ պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանն է։ Նրա հետ զրուցել ենք ռուս աստղերի հետ համագործակցության, առաջիկա նախագծերի ու Հայաստան վերադառնալու մասին։

Հայտնի դերասան Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «Սուպեր Ժորիկ» նախագիծը մեծ արձագանք ստացավ։ Մի քանի ամսվա ընթացքում թողարկված 2 տեսահոլովակները հավաքել են՝ 62 և 33 մլն դիտում։ Ինչի՞ հետ եք կապում այս հաջողությունը և արդյո՞ք նախագիծը շարունակական կլինի։

Ես կարծում եմ հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ Միշան շատ ճանաչված ու սիրված է Ռուսաստանում, հաջողությունը պայմանավորված է հենց նրանով։ Եթե այդ նույն երգերը երգեր այլ մեկը ժողովուրդն այդպես չէր ընդունի։ Այո, նախագիծը շարունակվում է, հենց նոր ենք ավարտել երրորդ երգի ձայնագրությունը և պատրաստվում ենք տեսահոլովակ նկարահանել, որի պրեմիերան տեղի կունենա մինչև սեպտեմբերի վերջ։ Այն իր մեջ վառ արտահայտված հայկական ակցենտ է ունենալու և վստահ եմ, որ հայ հանրությունը կհավանի նոր երգը։

-Դուք համագործակցում եք նաև ռուս հայտնի աստղերի հետ՝ Ֆիլիպ Կիրկորով, Ավրաամ Ռուսո և այլք։ Հե՞շտ է նրանց հետ աշխատելը և ի՞նչ տարբերություններ ունեն մեր հայ շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ։

Առհասարակ աստղերի հետ աշխատելը շատ դժվար է, որովհետև յուրաքանչյուրն ունի իր կամակորությունները, բայց ես կարծում եմ, եթե ունես դիվանագիտական շփման բնավորության գիծ կստացվի։ Ինձ մոտ արդեն հեշտությամբ է ստացվում աշխատել, քանի որ ունեմ բավականին փորձ, առաջին հայացքից միանգամից զգում եմ ում ինչ է պետք, ով ինչ է ուզում և կարծում եմ, որ մեծ տարբերություն չկա հայ է նա թե ռուս։ Իհարկե այստեղ մասշտաբն ու մակարդակն այլ է, բայց մենք միևնույն խնդիրներին ենք հանդիպում, թեպետ ես աշխատում եմ, որ որևէ խնդիր ի սկզբանե չառաջանա։

-Պատմեք ձեր Etoile PR գործակալության մասին։ Ի՞նչ գործունեություն եք ծավալում և ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում։

Իմ PR ընկերությունը ինչպես նաև իմ շատ այլ նախագծեր այս պահին սառեցված են։ Ճգնաժամը մեծ ազդեցություն ունեցավ ինչպես մյուս բոլոր, այնպես էլ մեր ոլորտի վրա։ Այդ պատճառով այս պահին ես որևէ գործունեություն չեմ ծավալում, սպասում եմ սեպտեմբերի վերջին։ Շատ-շատ գաղափարներ կան, բայց ներկա պահին PR ընկերության հետ որևէ գործ չեմ անում։ Ունեմ նաև մեկ այլ կազմակերպություն՝ «Ղուլյան փրոդաքշըն»-ը, որն ավելի հայտնի է։ Այստեղ ընդունում ենք տաղանդավոր երեխաների՝ սկսած 3 տարեկանից և զբաղվում նրանց զարգացմամբ։ Ունենք վոկալի, դերասանի վարպետության, խոսքի տեխնիկայի, պարի դասընթացներ։ Պարբերաբար անցկացնում ենք սեմինարներ, մաստեր կլասներ հայտնի արտիստների մասնակցությամբ, ովքեր երեխաներին օգնում են կայանալ։ Սպասում եմ սեպտեմբերի վերջին, տեսնենք ինչ կլինի։

-Դուք պատկանում եք մեր այն հայրենակիցների թվին, ովքեր ապրելով ու աշխատելով արտասահմանում կամուրջ են ստեղծում նաև Հայաստանի հետ ու համագործակցության հնարավորություններ ընձեռնում։ Այնուամենայնիվ կա՞ ցանկություն հայրենիք վերադառնալու ու այստեղ մշտապես հաստատվելու։

Իսկապես ես շատ եմ սիրում Հայաստանը և առաջին իսկ հնարավորության դեպքում թե ռուս աստղերին, թե արտասահմանյան այլ արտիստներին կապում եմ Հայաստանի հետ։ Բայց չեմ կարծում, որ կարող եմ տեղափոխվել ու մշտապես բնակվել Հայաստանում։ Շատ եմ սիրում Երևանը, իմ այնտեղի բնակարանը, որի մասին երազում էի և արդեն ունեմ, բայց ընդմիշտ տեղափոխվելու մասին այս պահին խոսք գնալ չի կարող, քանի որ ես չգիտեմ թե ինչպես կարելի է այնտեղ գումար վաստակել։ Բաց ու անկեղծ եմ ասում։ Այդ պատճառով դեռ կմնամ այստեղ, իսկ եթե կայուն մի հնարավորություն ստեղծվի Հայաստանում, մեծ հաճույքով կգամ։

Զրուցեց՝ Կարեն Կոլոսովը

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս