X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

Բելգիական քաղաքում առաջին քաղաքապետին նվիրված շատրվանի մոտ գտել են նրա սիրտը

Բելգիայի Վերվիե քաղաքի կենտրոնում առաջին քաղաքապետ Պիեռ Դավիդին նվիրված շատրվանի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է վերջինիս զմռսված սիրտը, հայտնում է BBC-ն։

Սիրտը գտնվել է սպիրտով լի տարայի մեջ, դա էլ ՝ցինկե արկղում։ Նրա վրա փորագրություն կար, որտեղ ասվում է․ «Պիեռ Դավիդի սիրտը հուշարձանում հանդիսավոր կերպով տեղադրվեց 1883 թվականի հունիսի 25-ին»։ Հայտնի է, որ Վերվիեի առաջին քաղաքապետը մահացել է 1839 թվականին, իսկ շատրվանը բացվել է 44 տարի անց:

Արկղը գտնվել է շատրվանի վերին մասում ՝ քաղաքապետի կիսանդրու մոտակայքում և լավ պահպանված վիճակում: Ինչպես նշում է The Daily Mail-ը, դրա հայտնաբերումը հաստատեց հին քաղաքային լեգենդը, ըստ որի «քաղաքի սրտում գտնվում է իսկական մարդկային սիրտ»: Գտածոն տեղափոխվել է կերպարվեստի տեղական թանգարան:

Պիեռ Դավիդը մահացել է 68 տարեկան հասակում: Նրա հարազատները համաձայնեցին, որ առաջին քաղաքապետի սիրտը հանեն և տեղադրեն հուշարձանի մեջ, որի համար մի քանի տասնամյակ գումար էր հավաքվում։

Պիեռ Դավիդը առաջին անգամ Վերվիեի քաղաքապետն էր 1800-1808 թվականներին, երբ տարածքը դեռ գտնվում էր Ֆրանսիայի տիրապետության տակ, իսկ հետո վերադարձավ այդ պաշտոնին 1830 թվականին, երբ հեղափոխությունը հանգեցրեց Բելգիայի անկախ Թագավորությանը: Նա հայտնի է նրանով, որ քաղաքում հիմնել է հրշեջ ծառայություն:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս