X
Մենք սոց. ցանցերում

Նրանք միասին են` հանուն երաժշտության

Օգոստոսի 28, 29, 30-ին Ծաղկաձորում կայացած Արտֆեստ –ը երկար դադարից հետո իր շուրջ էր համախմբել ստեղծագործողներին և արվեստասերներին:

Փառատոնի, ջազային արվեստի և իրենց ծրագրերի մասին են պատմում կազմակերպիչներն ու մասնակիցները:

Վարդան Ուլիխանյան – Ուլիխանյան ջազ ակումբի հիմնադիր

Լևոն Այվազյան – Արմսթրոնգ փրոդաքշնի նախագահ

-Հինգ ամիս շարունակ ողջ երկրում բոլորիս հայտնի պատճառներով դադարեցված էր ստեղծագործական ոլորտի հանրային գործունեությունը: Արվեստագետները չէին կարողանում գտնել լիարժեք սպառման ճանապարհներ: Մանավանդ, սա վերաբերում էր կենդանի երաժշտությանը: Եվ ահա, Ուլիխանյան ջազ ակումբը մեկնարկեց դրամահավաք` «Միասին հանուն երաժշտության» խորագրով: Գոյացած ֆինանսական միջոցներով, համագործակցելով Արմսթրոնգ փրոդաքշնի հետ, որոշեցինք ստեղծել այնպիսի փառատոն, որտեղ ներգրավված կլինեն ոչ միայն երաժիշտները, այլ նաև արվեստի այլ ներկայացուցիչներ, մասնավորապես` նկարիչներ: Կարող ենք անկեղծ լինել և խոստովանել, որ փառատոնը շահույթ չէր հետապնդում, այլ միակ նպատակը հնարավորության ու հարթակի ձևավորումն էր, որի անհրաժեշտությունն ունեին թե´ լսարանը, թե´ ստեղծագործողները: Դժվարություններ, անշուշտ, կային. ինքնուրույն, առանց աջակցության կազմակերպել եռօրյա հագեցած ծրագրով փառատոն, հեշտ գործ չէ, բայց նաև ապացուցվեց, որ անկարելի էլ չէ. հնարավոր եղավ մի հարկի տակ հավաքել ժամանակակից արվեստով զբաղվող և այն գնահատող մարդկանց:

Իսկապես, մշակութային-ժամանցային հագեցած օրեր ունեցանք, միակ փոքր-ինչ տխրեցնող փաստն այն էր, որ լուսաբանման համար տեղեկացրել և հրավիրել էինք մի քանի ԶԼՄ-ի, սակայն նրանցից արձագանք եղավ միայն մեկ հեռուստաընկերության կողմից: Թերևս, այլ բան չի մնում, քան մտածել, որ սա ևս վերաբերմունքի դրսևորում է: Չէ՞ որ հիմա արվեստի, հոգևոր սննդի կարիքն ավելի է զգացվում. մարդիկ առանց այն էլ ընկճված են ու կքված խնդիրների բեռից: Բայց դա չխանգարեց, որպեսզի փառատոնն անցներ ջերմ ու հիանալի մթնոլորտում. մեկտեղվել էին Հայաստանի լավագույն երաժիշտները, ունեցանք դեբյուտային ելույթներ, ցուցահանդես, կենդանի երաժշտության կարևորության մասին բանախոսություն-քննարկում և, իհարկե, մեծ համերգային ծրագիր: Մենք հատուկ չկենտրոնացանք Երևան քաղաքի վրա, որպեսզի ավելի լայնացնենք ծավալները: Հիմա արդեն շատերն են ցանկություն հայտնում, որ փառատոնը կրի ամենամյա բնույթ, սիրով պատրաստ ենք ընթացք տալ, քանի դեռ հանգանակությունը շարունակվում է: Եթե գոյանա անհրաժեշտ գումար, ապա, անկասկած, Արտֆեստը երկար կյանք կունենա` արդեն ներառելով Հայաստանի տարբեր քաղաքներն ու հասանելի լինելով շատերին:

Վահագն Հայրապետյանջազմեն, դաշնակահար, երգիչ, կոմպոզիտոր

-Քանի որ շատերն են խոսում համավարակի բացասական կողմերից, ես կնախընտրեմ խոսել տևական դադարի դրական ազդեցության շուրջ: Իմ մասով ասեմ, որ այս ընթացքում ձևավորել ենք նոր խումբ, ծնվել են բազմաթիվ նոր, հետաքրքիր ստեղծագործություններ, հնարավորություն ընձեռվեց անցակցնել երկարատև ու արդյունավետ փորձեր, այժմ պատրաստվում ենք ձայնագրել նոր սկավառակ: Այսինքն, ավելորդ թվացող ժամանակն աշխատեց մեր օգտին, և կարողացանք այն ճիշտ բաշխել ու սպառել, որովհետև տարիներ ի վեր ամենից շատ պակասողը հենց ժամանակն էր շրջագայությունների, գործնական ուղևորությունների ու համերգների պատճառով: Սա նաև հիանալի առիթ եղավ ընտանիքի հետ շփման համար. հաջողվեց ավելի երկար ժամանակ հատկացնել երեխաներին. հաճախ աշխատանքը մեզ զրկում է այս կարևոր բաներից:

Ծաղկաձորում կայացած արվեստի փառատոնն էլ կարելի է համարել երկարատև դադարի դրական հետևանքներից: Այն իր տեսակով ու բնույթով յուրահատուկ էր,  որովհետև ծրագրում ներառված էին ոչ միայն ջազային երաժշտությունը, այլ նաև այլ երաժշտական ոճեր, նույնիսկ` արվեստի այլ տեսակներ, այսինքն, ավելի բազմապրոֆիլ փառատոն էր: Շատ կարևոր էր նաև երիտասարդների ներգրավվածությունը, որովհետև հենց նրանք ունեն ինքնադրսևորման հարթակի անհրաժեշտություն, և ստեղծված պայմանները  բավականին նպաստավոր էին: Արտֆեստի կայացումը վկայեց, որ հնարավոր է ծավելել ինքնուրույն գործունեություն. երկու երիտասարդ ահռելի, մեծածավալ աշխատանք կատարեցին: Նրանց, բնականաբար, միացան երաժիշտները, և դրական արդյունքը չուշացավ: Վստահաբար կարող ենք ասել, որ կազմակերպված դրամահավաքն ու ակցիան իրենց արդարացրին. մենք մասնակից եղանք լավ կազմակերպված փառատոնի, ունեցանք հաճելի հանդիսատես, հաճելի զգացողություններ, մեծ արձագանք: Շատ լավ կլինի, եթե հետագայում հայտնվեն աջակիցներ, հովանավորներ, և փառատոնը շարունակական դառնա:

Սամվել Գասպարյանդաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ

-Ջազը միշտ հատկանշական տեղ է ունեցել հայկական երաժշտարվեստում` սկսած Արտեմի Այվազյանի ժամանակներից մինչ օրս, պարզապես այդ զբաղեցրած տեղը եղել է փոփոխական` կապված գլոբալ և տեղային փոփոխությունների հետ: Աշխարհի զարգացման տեմպերը գնալով արագանում են, և դրա հետ մեկտեղ փոխվում են երաժշտական ոճային ընկալումներն ու սպառման կերպերը: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ այսօր լսողը չափազանց մեծ ընտրություն ունի: Համաշխարհային երաժշտարվեստը մոնոպոլիզացված է: Լայն տարածք են գրավում այն երաժշտական ոճերը, որոնք պրոպագանդվում են: Ցավոք սրտի, ջազի լսարանը գնալով փոքրանում է: Այս ամենը հաշվի առնելով` մենք կարող ենք հասկանալ, թե ջազն ինչպիսի տարածում ունի հայկական և համաշխարհային լսարանի շրջանակներում: Իհարկե, ընդհանուր պատկերը կարող է փոխվել, եթե լինի միասնական մոտեցում` պետական միջամտությամբ: Հայկական ջազ տերմինը պետք է ավելի լուրջ ոճային բովանդակություն ստանա: Սկանդինավյան և հարավ- ամերիկյան պետություններին հաջողվեց ստեղծել սկանդինավյան և լատին ջազ ոճը, միգուցե մեզ էլ հաջողվի ապագայում ստեղծել հայկական կամ կովկասյան ջազ: Հայկական երաժշտարվեստում ջազի զբաղեցրած տարածքը հնարավոր է ընդլայնել ուսման, փոքր փառատոնների և համերգների միջոցով:

Լայն լսարան և մշտական հետևորդներ ունենալու համար պետք է աշխատել քրտնաջան և շարունակական: Երաժիշտ կատարողները պետք է նոր և հետաքրքիր համերգային ծրագրերով հանդես գան, հետ չմնան ժամանակից, ստեղծեն իրենց լսարանը և միշտ կապը պահպանեն հետևորդների հետ: Կազմակերպչական կազմը նույնպես պետք է ջանքով աշխատի` նյութականի հաշվին չորակազրկելով երաժշտական արվեստը, գտնի լծակներ ջազային արվեստը ընդլայնելու համար: Իսկ հաջողության դեպքում բոլորը կշահեն:  Նշեմ, որ վերջին տարիներին ֆեստերն ակտիվացել են, դա շատ ուրախալի փաստ է: Նախընտրելի կլիներ դրանց շրջանակներում  ներառել  ուսումնական հատված` լինեին վարպետության դասեր, փոքր համերգներ երաժշտական հաստատություններում, հանդիպումներ, փորձի փոխանակում և այլն: Այդ ամենը կմոտիվացներ ապագա երաժիշտներին և դասախոսական կազմին: Կոնկրետ վերջերս տեղի ունեցած ծաղկաձորյան Արտֆեստը երաժշտական և արվեստի տոն էր բոլորիս համար: Շատ ուրախալի էր մասնակից լինել այսպիսի միջոցառմանը: Յուրաքանչյուր ֆեստ կամ երաժշտական միջոցառում ունի կոմերցիոն բնույթ, բացառություն պետական հովանավորության: Արտֆեստն ապացուցեց, որ հնարավոր է անցկացնել փառատոն, որը հասանելի կլինի բոլորին և կհամատեղի կոմերցիան ու արվեստը: Մեկնարկը տրված է:

 

Տիգրան Սուչյանստեղծագործ երաժիշտ, շեփորահար

– Ջազը հայաստանում շատ երկար տարիներ իր դերն ունի և նաև արդեն լայն ճանաչում աշխարհում` իր յուրահատուկ տեսակով: Առհասարակ,  հայկական մեղեդիները շատ հարմոնիկ ձևով ձուլվում են ժամանակակից երաժշտության ռիթմերի հետ: Լայն լսարան ապահովելու համար ստեղծագործելուն զուգընթաց պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև լուսաբանմանը: Օրինակ, նման միջոցառումն, ինչպիսին օրերս կայացած եռօրյա Արթ Ֆեսթն էր, մեծ նշանակություն ունի թե´ երաժշտության, թե´ երաժշտի և, վերջապես, թե´ հանդիսատեսի համար: Այն նպաստում է ներկա և գալիք սերունդների ստեղծածի տարածմանն ու ճանաչմանը, օգնում երաժիշտներին շարունակել իրենց գործը. սա է իրականում հայկական ժամանակակից երաժշտարվեստի զարգացման հենքը: Երկարատև կարանտինից հետո առաջին վերադարձն էր կենդանի երաժշտությանը։

Այս դադարն իր հետ շատ մեծ փոփոխություններ բերեց` ընդհուպ սեփական գործի, արածի վերաիմաստավորելը: Եվ, ի վերջո, բոլորս էլ կարոտել էինք հանդիսատեսի առկայութամբ միասին նվագելուն. արտիստի համար չափազանց կարևոր է ստանալ կենդանի, շոշափելի էներգիա: Եւ նաև հակառակը` հանդիսատեսն էլ իր հերթին է երաժշտության միջոցով ստանում բեմից անմիջական բխող դրական էներգիան: Մեծ հույսեր ունենք, որ մինչև տարեվերջ չի շարունակվի այն, ինչ այս կես տարում եղավ, որովհետև մեր հետագա բոլոր ծրագրերը կախված են հենց այդ ընթացքից: Բայց կա մի անհերքելի ճշմարտություն` երաժշտությունը լավագույն դեղամիջոցն է բոլոր վարակների դեմ, այն արգելելը չի խրախուսվում:

Ռաֆայել Պետրոսյանդաշնակահար

-Առանց համերգների, դադարի շրջանը, կարծում եմ, յուրաքանչյուրիս մոտ յուրովի արձագանք ունեցավ։ Ամենակարևորը կար մտածելու, նվագելու, նոր բան սովորելու ժամանակ։ Այս ընթացքում մարդիկ իրենց համար նոր հետաքրքրություններ բացահայտեցին: Ինձ համար նույնպես, կարծում եմ, այս ժամանակն արդյունավետ էր:  Բնականաբար, բոլորս էլ անհամբերությամբ սպասում էինք կենդանի երաժշտության վերադարձին, թեկուզ սպառելու այն ամենն, ինչ կուտակել էինք, ինչ տվել էր դադարի ընթացքը: Արտֆեստն առաջին քայլը եղավ: Նման միջոցառումների կարիքն ունեինք և ունենք բոլորս։

Բավականին հետաքրքիր ու բազմաբովանդակ փառատոն էր, համերգն սկսեցին Վահագն Հայրապետյանը և Սամվել Գասպարյանը, կայացավ վաղուց սպասվող Արմսթրոնգ Դիքսիի առաջին ելույթը։ Նաև սա ընկերներին տեսնելու, լավ ժամանակ անցկացնելու հիանալի առիթ էր։ Շնորհակալ ենք Ուլիխանյան Ջազ ակումբին ու Արմսթրոնգ փրոդաքշնին` այսպիսի դժվար գործ ստանձնելու և պատվով հաղթահարելու համար: Փառատոնի շրջանակներում նշվեց նաև Չարլի Փարքերի 100 –ամյակը. Կարեն Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ նվիրված էր մեծ արտիստին: Մի խոսքով, այսպիսի մեկտեղման երկար էինք սպասել: Հուսանք, նոր անակնկալներ չեն լինի, և մենք կկարողանանք հստակեցնել մեր հետագա անելիքները:

 

Կարեն Գրիգորյանջազ երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար

-Դադարը շատ երաժիշտների համար տարբեր հետևանքներ ունեցավ, շատերն սկսեցին գործունեություն ծավալել այլ ոլորտներում, իսկ անձամբ ես սկսեցի աշխատել իմ առաջին ձայնասկավառակի վրա, գրեցի նոր ստեղծագործություններ, իրականացրի առցանց կատարումներ աշխարհում տարբեր ջազային երաժիշտների հետ, ինչպես նաև սկսեցի դասավանդել։ Իսկ Ուլիխանյան ջազ ակումբը և Արմսթրոնգ փրոդաքշնը հիանալի նվեր մատուցեցին բոլորիս` կազմակերպելով Հայաստանում նմանը չունեցող փառատոն: Ինչպես հացն ու ջուրը, այնպես էլ երաժշտությունը շատ կարևոր դերակատարում ունի հասարակության, մանավանդ` ստեղծագործողների համար, քանի որ այն նախ և առաջ ապրելակերպ է:

Շատ դժվար էր վեց ամիս գոյատևել առանց համերգային գործունեության: Բոլորս սրտատրոփ սպասում էինք դրանց վերսկսմանը: Արտ Ֆեստը միավորեց բոլորիս: Փառատոնի շրջանակներում մենք հանդես եկանք «Կարեն Գրիգորյան քառյակ»- ով: Քանի որ մեր ելույթը օգոստոսի 29-ին էր, իսկ այդ օրը ջազի պատմության լավագույն ներկայացուցիչներից մեկի `սաքսոֆոնահար Չարլի Փարքերի ծննդյան 100 ամյակն էր, մենք մեր ելույթը նվիրեցինք լեգենդար երաժշտին` նվագելով նրա ստեղծագործությունները: Հիանալի օրեր ունեցանք Ծաղկաձորում, հույս ունենք փառատոնը շարունակական կդառնա, իսկ ես առաջիկայում պատրաստվում եմ թողարկել իմ առաջին ձայնասկավառակը մեծ խմբով, որտեղ կլինեն հիմնականում իմ ստեղծագործությունները։

Կարեն Մամիկոնյանջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր

-Կենդանի երաժշտության առկայությունը շատ կարևոր է թե´ լսողի, թե´ ստեղծողի և թե´ վերարտադրողի համար: Դա միակ տեղն է, որտեղ դու ներկայանում ես այնպես, ինչպես կաս` քեզ հանձնելով լսողի դատին: Դադարի շրջանն, ասես, անհաղթահարելի էր թվում, բայց մենք ապացուցեցինք ինքներս մեզ, որ ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, մինչդեռ մենք մեզ իսկ տրված միակ ապրելու շանսն ենք հաղթահարում այս կյանքում և այդ ճամփորդության մեջ ուզում ենք միայն նվաճել, ոչ թե հիասթափվել: Երաժշտությունն օգնում է անցնել այդ ճանապարհը: Երաժշտությունը կապող օղակ է: Արտֆեստը եղավ դրա վառ ապացույցը` որպես առաջին քայլ` ամիսների լռությունը կոտրելու համար։

Այն շատ լավ առիթ էր հանդիպելու, շփվելու, նվագելու, կարոտներս առնելու, մի խոսքով` զգալու այն, ինչ քանի ամիս չէինք զգացել: Յուրաքանչյուր նմանօրինակ իրադարձություն շատ մեծ դեր ունի մեր և, առհասարակ, մշակութային կյանքում: Ցավոք, բացասականը միշտ ավելի շատ է երևում, սակայն երբեմն այսպիսի երևույթներն են մաքրում մեր ներաշխարհը (ախտահանում են): Անձամբ ես ամեն հնարավորն անելու եմ, որպեսզի այս միջոցառումները լինեն շարունակական, թեև բախվում ենք պետական աջակցության իսպառ բացակայությանը: Պետությունը պետք է հասկանա, որ սահմանին կռիվ տվող տղաները բացի այն, որ պաշտպանում են իրենց տներն ու ընտանիքները, պաշտպանում են նաև մշակույթը, որովհետև թշնամու նպատակը ոչ թե իմ տան եղած-չեղածն, այլ իմ ներսում ապրող մշակույթը վերացնելն է: Եւ եթե մենք չպաշտպանենք ու չավելացնենք, ապա կկորչենք որպես ազգ և ժողովուրդ: Այնպես որ, ստեղծագործենք ու լինենք ազնիվ:

Ռիմա Տիգրանյաներաժշտագետ, մշակութային մարդաբան

-Ծաղկաձորի «Together for music» եռօրյա փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև նույն խորագիրը կրող բանախոսություն-քննարկում: Քնարկման նպատակն էր հանրությանը ներկայացնել արվեստի և, մասնավորապես, կենդանի երաժշտության դերը և կարևորությունը հասարակության առօրյայում: Անդրադարձ կատարվեց երաժշտության ժամանցի ոլորտից դուրս գործառույթներին, երաժշտության սոցիալական, կիրառական, կրթական, գեղագիտական և այլ ֆունկցիաներին: Սխեմատիկ ներկայացվեց երաժիշտ-երաժշտություն-լսարան փոխկապակցված շրջափուլը, որտեղ ընդգծվեց կենդանի երաժշտության և անհատի ինտեգրման չափումներն ու նրանց հաղորդակցման ձևերը, որպես աշխարհի ակուստիկ արտացոլանքի և անհատի ներաշխարհի մեկնաբանման մեխանիզմ:

Խոսվեց երաժշտության կարևոր գործառույթների (մոտիվացնող, գաղափարախոսության կրող և փոխանցող, միասնականության) և նրանց կիրառության մասին պատմական տարբեր փուլերում, որպես օրինակ քննարկվեց «ջազ և քաղաքականություն» հատվածում և ներկայացվեց ջազի լեգիտիմացման պատմությունը խորհրդային համակարգում և նրա զարգացման ուղիներն ու մեխանիզմները: Ինչպես նաև, խոսվեց ազատ արվեստագետ (freelancer) տերմինի, նրա պատմության փուլերի և մեր օրերում ազատ արվեստագետների և նրանց նոր ստեղծագործական գործունեության մասին: Փառատոնի ընթացքում երգչուհի Սոնա Շիրոյանը հանդես եկավ իր «Sone» կոնֆետներով, իսկ MVF-ի երաժիշտ՝ Մովսես Էբեջյանն իր լապտերներով:

Արգելված պատնեշներն, ասես, կամաց-կամաց քանդվում են` ճանապարհ հարթելով նախկին կենցաղին ու առօրյային վերադառնալու համար: Նույնիսկ նյութական, շոշափելի ու ֆիզիկական խնդիրները կարելի է հաղթահարել արվեստի ու ստեղծագործելու միջոցով. արվեստը փրկօղակ է ցանկացած ճգնաժամի դեպքում: Հոգին միշտ ավելին է, քան մարմնավորը…

Զրույցը վարեց` Արմինե Բոյաջյանը

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս