X
Մենք սոց. ցանցերում

#Together for music #Artfest

2020 թվականը բոլորիս կյանքում հայտնվեց ոչ այնքան հաճելի անակնկալներով. համավարակն ամիսներ շարունակ կարողացավ կանգնեցնել աշխարհի շարժն ու ռիթմը: Հայաստանն այդ ալիքից խուսափել, բնականաբար, չէր կարող: Համընդհանուր մեկուսացումն իր բացասական ազդեցությունն ունեցավ բոլոր ոլորտների վրա` մարդկանց զրկելով իրենց հիմնական առօրյայից, ապրելակերպից ու ամենահասարակ թվացող սովորություններից: Մեծամասշտաբ այս դադարի հետ ամիսներ շարունակ լռեցին նաև արվեստն ու մշակույթը: Առցանց կազմակերպվող միջոցառումներն ու նախագծերն այդպես էլ չկարողացան փոխարինել կենդանի մատուցմանը: Մշակութային գործիչները հայտնվել էին յուրատեսակ փակուղում: Նախանձելի չէր նաև արվեստասեր հանրության կարգավիճակը, որովհետև նյութական պահանջներից բացի մարդն ունի հոգևորապես սնվելու անհրաժեշտություն:

Այս պակասը լրացնելու միտմամբ Ուլիխանյան ջազ ակումբը (հիմնադիր Վարդան Ուլիխանյան), որն ունի շուրջ տասներկու տարվա կենսագրություն և կարևոր նշանակություն հայաստանյան  մշակութային կյանքում, անշահախնդրորեն նպաստելով երաժշտարվեստի զարգացմանը` նախաձեռնեց «Միասին հանուն երաժշտության» խորագիրը կրող դրամահավաք` ստեղծագործ անհատներին ու խմբերին (առանց բացառությունների) միավորելու և ինքնարտահայտման հնարավորություն ընձեռելու նպատակով: Դրամահավաքի ամբողջ հասույթն ի սկզբանե նախատեսված էր ուղղել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բաց դահլիճը վերափոխելուն և բաց հարթակ ձևավորելուն:

Ցավոք, հավաքված գումարը չբավարարեց այդ հրաշալի նախագիծն իրագործելու համար, սակայն ծնեց նոր գաղափար և նոր մտահղացում: Որոշվեց եղած դրամական միջոցներն օգտագործել ի շահ երաժիշտների և այլ ստեղծագործողների: Արմսթրոնգ փրոդաքշնի (նախագահ Լևոն Այվազյան) հետ համագործակցության արդյունքում օգոստոսի 28,29,30 –ին Ծաղկաձորում կազմակերպվեց եռօրյա բազմաճյուղ փառատոն` համախմբելով ժամանակակից արվեստի մի քանի տեսակներ և Հայաստանի լավագույն կատարողներին ու երաժշտական խմբերին (Վահագն Հայրապետյան, Սամվել Գասպարյան Տրիո, Կարեն Գրիգորյան Տրիո, Ռաֆայել Պետրոսյան Քառյակ, Արմ Սթրոնգ Դիքսի, Dialog Music Project , New Quintet, MVF բենդ, Կաթիլ բենդ, Ջազ Քոլեջ բենդ, Նոր Անուններ, Կոմիտաս Քառյակ, Oberton Kids): Ի վերջո տեղի ունեցավ ամենակարևորը` հանրությանը վերադարձավ կենդանի երաժշտությունը:

Համերգային լայնածավալ ծրագրից զատ կայացավ տաղանդավոր նկարիչների (Աշոտ Հարությունյան, Գագիկ Ղազանչյան, Անի Հովակ) աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև` բանախոսություն-քննարկում կենդանի երաժշտության դերի և նշանակության վերաբերյալ: Բանախոսությունը վարում էր երաժշտագետ, մշակութային մարդաբան Ռիմա Տիգրանյանը, որի ուսումնասիրության հիմնական ոլորտն է ջազային մշակույթը, մասնավորապես՝  խորհրդային և հայկական:

Ելույթ ունեցան նաև Սաթենիկ Հակոբյանը (Տերմեն Վոքս) և Մանուկ Հարությունյանը (ջութ և մանջութ):

Սա նաև լավ առիթ հանդիսացավ որոշ դեբյուտային աշխատանքների ներկայացման համար (Արմ Սթրոնգ Դիքսի):

Փառատոնի բացման ուղերձը վստահված էր Արմեն Մանուկյանին:

Հիշեցնենք, որ դրամահավաքը շարունակվում է: Այն հնարավորություն կտա մեծացնել փառատոնի անցկացման հաճախականությունը` նպաստելով ստեղծագործողների գործունեությանն ու երկրի մշակութային կյանքին: Մեզնից յուրաքանչյուրը կարող է դառնալ այս կարևոր ու հրաշալի նախաձեռնության մասնակիցը:

Ուստի, միասին` հանուն երաժշտության:

Արտֆեստը խոստանում է շարունակվել…

Հեղինակ՝ Արմինե Բոյաջյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս