X
Մենք սոց. ցանցերում

Մետաղական բոլոր հանքերը ստուգման արդյունքում բերվելու են օրինական դաշտ. Գնել Հասրաթյան

Հարցազրույց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանի հետ:

-Մեր ժամանակներում հասարակությունը չափազանց զգայուն է բնապահպանական խնդիրների նկատմամբ, այդ իսկ պատճառով տեսչության ծավալած աշխատանքների նկատմամբ ուշադրությունը հասարակության կողմից խոշորացույցով է դիտարկվում։ Այս համատեքստում՝ հաճախ ոլորտով մտահոգ հանրությունը թյուրըմբռնման մեջ է հայտնվում  վերահսկողական իրավունքի ու պարտականության ակնկալիքներում․ ուստի՝  խնդրում եմ ներկայացրեք՝ ո՞րն է գործադիր մարմնի՝ Շրջակա միջավայրի նախարարության, ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործառութային սահմանաբաժանը։

-Շատ ողջունելի է, որ բնակչությունը խոշորացույցի տակ է դիտարկում այս բնագավառի գործունեությունը: Ժողովրդավար երկրում հենց այդպես էլ պետք է լինի լիազորված մարմիններին պետք է աջակցի ժողովուրդը թե՛ իր ունեցած ինֆորմացիայով, թե՛ ոլորտի խնդիրներին արձագանքելու պատրաստակամությամբ։ Սա ժողովրդավարական երկրի առաջնահերթություններից է։   Ինչ վերաբերում է Շրջակա միջավայրի նախարարության, ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործառույթներին՝ նախարարությունն իր գործունեությամբ և լիազորություններով ստեղծում և կառուցում է շրջակա միջավայրին վերաբերող քաղաքականությունը, իսկ Տեսչական մարմինը վերահսկողական գործառույթ ունի մենք վերահսկում ենք այն նախարարություններին, որոնք առնչություն ունեն շրջակա միջավայրի հետ, ինչպես նաև  տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց, որոնց գործունեությունը ևս առնչվում է շրջակա միջավայրի հետ։

Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում մեր հասարակությանը՝ շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ ուշադիր և ակտիվ լինելու համար, և հորդորում եմ ավելի ակտիվ լինել։ Եվ ընդգծում եմ, որ մեզ համար խախտումների մեջ չկան արտոնյալներ։

-Տեսչական մարմինը փաստացի եղել և գործունեություն է ծավալել նաև նախկինում, սակայն իրականացվող աշխատանքների նկատելի դրսևորումներ հասարակությունն իրավամբ չի տեսել․ հասկանալի է, որ հիմնական պատճառներից մեկն էլ այն էր,  որ բազմաթիվ հանրային պատկանելիության օբյեկտներ (Խոսրովի արգելոցի, Սևան ազգային պարկի և այլ հայտնի  տարածքներում) հանդիսանում էին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մտերիմ-բարեկամների սեփականություն կամ առնվազն ազդեցության գոտի, ինչով էլ ավարտվում էր այդ տարածքներում տեսչական մարմնի վերահսկողական գործունեության հնարավորությունը։ Ի՞նչ է փոխվել այս առումով և Նոր Հայաստանում տեսչական մարմինն ունի՞ որևէ կաշկանդվածություն՝ իր իրավասությունների լիարժեք իրացման ճանապարհին։

Տեսչական մարմինն այն կառույցն է, որը կարող է զսպել շրջակա միջավայրի հետ կապված լիազորություններ ունեցող նախարարությունների գործունեությունը։ Ակնհայտ է, որ այդ նախարարությունների հետ մեր տեսչական մարմինն ունի  նաև գործընկերային հարաբերություններ, քանի որ բազմաթիվ ծրագրեր և աշխատանքներ իրականացվում են համատեղ։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես հատուկ ուշադրության կենտրոնում եմ պահում այս հարցը, որպեսզի գործընկերային հարաբերություններն ու հնարավոր շահերի բախումները չխոչընդոտեն  տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթին։ Մենք իրականացնում ենք օրենքով սահմանված մեր լիազորությունները, և տարբերակում չենք դնում՝ օրինախախտը պաշտոնյա է, շարքային տնտեսվարող թե ֆիզիկական անձ։

-Բնապահպանությունն ամենապաշտպանված ոլորտներից չի եղել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով․ անգամ օրինախախման դեպքերի հեղինակները (ապօրինի ծառահատումներ, ձկնագողություն) երբեմն այնքան տևական են նույն օրինախախտումը կատարել և անպատիժ մնացել, որ այսօր իրավական դաշտ բերելն ու վարքագծին սահմաններ դնելն անբնական բարդություններ են առաջացնում: Հին խնդիրների դեմ հին զենքերն ակնհայտորեն անարդյունավետ են․ ի՞նչ նոր ռազմավարություն է կիրառվում տեսչության կողմից և ի՞նչ շոշափելի արդյունքներ կան։

Վստահեցնում եմ, որ Նոր Հայաստանում՝ հեղափոխութունից հետո, թե’ ծառահատումները, թե’ որսագողությունն էականորեն նվազել են։ Մարդկանց մեջ բնության նկատմամբ մեծ պատասխանատվություն եմ նկատում: Այսօր նույնպես կան ապօրինի ծառահատումներ կամ որսագողություն, բայց մի բան միանշանակ կարելի է ասել, որ դրանք մասսայական բնույթ չեն կրում՝ ինչպես նախկինում էր: Նախկինում մարդիկ վախ չունեին օրենքից և վերահսկող մարմնից, ամենուր ամենաթողություն էր, եղել են դեպքեր, որ անգամ անտառի մեջ մարդիկ արտադրություն են դրել: Այժմ բացառված է նման գործելակերպը: Ես չեմ ուզում փակագծեր բացել, թե ինչ գործիքակազմ է կիրառվում, բայց վստահեցնում եմ՝մենք ունենք մշակած ռազմավարություն՝  կանխելու նմանօրինակ հանցագործությունները: Ուզում եմ շեշտել, որ իմ  մոտեցումներում մի շատ առանցքային նրբություն կա՝ լինելով վերահսկող մարմին՝ մենք նաև իրազեկող և կանխարգելող ենք: Այս երկու բառերը դրված եմ մեր որդեգրած սկզբունքների առանցքում: Տարիներ շարունակ այս մարմինը միայն տուգանել է, կառույցի աշխատակիցներն անգամ հպարտանում էին իրենց կիրառած տուգանքների չափերով: Մենք չեպտք է քաղաքացուն դիտարկենք որպես տուգանքի աղբյուր, այլ պետք է իրազեկենք քաղաքացուն և կանխենք իր կողմից ոչ իրավաչափ գործողությունների կատարումը: Այս գաղափարի հիմքով մենք մշակել ենք մի ծրագիր, որը կոչվում է «Պահպանիր բնությունը»: Այն մեծ հաշվով կրելու է դաստիարակչական բնույթ: Մեր տեսուչներն իրենց աշխատանքային ժամանակում կունենան ժամաբաժիններ, որոնք կհատկացվեն ուսումնական հաստատություններում թեմատիկ դաստիարակությանը:

Մեր ժամանակներում հասարակության հետ անմիջական հաղորդակցությունն ամենակարևոր կետերից է: Իմ պաշտոնավարման ընթացքում ակտիվացրել եմ սոցիալական հարթակներով (հակտապես ֆեյսբուքով) հասարակության հետ ինտերակտիվ կապը: Իմ հանձնարարությամբ բացվել են Տեսչական մարմնի մարզային կառույցների առանձին էջեր, որտեղ ինտեգրում ենք տվյալ մարզի բնակչությանը: Դրանց շնորհիվ նրանք բարձրաձայնում են  խնդիրներն ու նկատած օրինախախտումները, նկարում, ուղարկում այդ էջերին: Այս սխեման գործում է արդեն մեկ ամիս և կարելի է փաստել, որ  բավականին արդյունավետ է: Հաճախ ինքս եմ անձամբ բացում, տեսնում՝ ինչ խնդիրներ են մատնանշվել և ինչ արագությամբ են համապատասխան մասնագետներն արձագանքում խնդրին:

Եթե անդրադառնանք ընդերքի ոլորտում ռիսկերի կառավարման հարցին՝ ինչպիսի՞ն է Ձեր անձնական  դիրքորոշումը մետաղական հանքերի շահագործման վերաբերյալ:

Այդ հարցը շատ զգայուն հարց է մեր իրականության մեջ: Ցավոք՝ այստեղ ունենք երկու կոմպոնենտ.  ունենք բնապահպանական խնդիր, և տնտեսության զարգացման խնդիր: Ոչ մի տնտեսապես զարգացած երկիր չի կարող զարգանալ առանց հանքարդյունաբերության,  բայց, միաժամանակ՝ ոչ մի զարգացած երկիր հանքարդյունաբերությամբ չի  վնասում բնությանը: Այս հարցում լավագույն լուծումը այս երկու կոմպոնենտների լիարժեք համադրումն է:  Կցանկանայի շեշտել, որ իմ պաշտոնավարման ընթացքում բոլոր  մետաղական հանքերը ստուգման արդյունքում գալու են օրինական դաշտ:

Պարոն Հասրաթյան, քանի որ սա Ձեր առաջին հարցազրույցն է որպես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար, ի՞նչ ուղերձ ունեք, որ հասարակության՝ բնապահպանության հարցերով մտահոգ ներկայացուցիչներին կցանկանայիք հնչեցնել:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ դիմել հասարակական այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են բնապահպանական խնդիրներով և ֆիքսում են այդ բնույթի օրինախախտումներ. կոչով դիմում եմ նրանց՝ հստակ հայտարարելով, որ մեր գործունեությունը բաց է բոլոր ՀԿ-ների համար: Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր կազմակերպություններին, որոնք համագործակցում են մեզ հետ, տեղյակ են պահում բնապահպանական խնդիրների մասին, որոնց մասին տարիներ  շարունակ չի բարձրաձայնվել: Մենք պարտավորված ենք օր առաջ զբաղվելու և լուծելու բոլորի  դիմումներն ու առաջարկները:

Հարցազրույցը վարեց Նվարդ Մելիքյանը

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս