X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր

ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» օրենքում: Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր։ Կամավորներին փոխարինելու է գալիս աշխարհազորը, որը գործելու է այն ժամանակ, երբ հակառակորդը ոտնձգություն իրականացնի։ Օրենքի նախագիծը դրվել է հանրային քննարկման:

Որպես ընթացիկ խնդիր և իրավիճակ նշվում է.

«Ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում: Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»:

  1. Աշխարհազորը ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
    2. Աշխարհազորի նպատակներն են՝
    1) ՀՀ պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.
    2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
    3) ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:
    3. Աշխարհազորի կիրառումը ներառում է՝
    1) մասնակցությունը ՀՀ սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.
    2) պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ.
    3) մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.
    4) մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը.

5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության գործընթացին:

  1. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:
  2. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
  3. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:
  4. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

8․ Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալն է։

9․Խաղաղ ժամանակ աշխարհազորային զորամիավորումների  և դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ և իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն։

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս