X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Օրենքը զորավոր է, Արայիկ Հարությունյանը՝ հաստատակամ

«Ես սկսվում եմ այնտեղ, որտեղ ավարտվում են շատերի պատկերացումներն իմ մասին։ Չի հիասթափվի, թևաթափ չի լինի ոչ մի սեբաստացի, ոչ մի բարեկամ։ Ես ձեզ հետ եմ, յուրաքանչյուրիդ տիարն եմ… հատկապես արտակարգ վիճակում՝ մեզ համար կրկնակի դարձած… Մենք ենք հեղինակը-հիմնադիրը մի մանկավարժության, որ հիմա հասարակ անուն ունի՝ բլեյան դպրոց»։

Աշոտ Բլեյանը՝ նույն ինքը Տիարը, Մանկավարժը, Ուսուցիչը, «Բլեյան» դպրոցի հիմնադիր-տնօրենը, սեպտեմբերի 4-ին կամ 5-ին (ինչպես ինքն է ասում) կդառնա 65 տարեկան և կարող է հեռանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցի տնօրենի պաշտոնից, քանի որ օրենքը «զորավոր» է, իսկ նախարար Արայիկ Հարությունյանը «հաստատակամ»։

Օրեր շարունակ համացանցը եռում է, իսկ առաջադեմ հասարակությունը չի ընկալում կառավարության անհասկանալի լռությունը։ Բոլորը միահամուռ սատարում են ողջ կյանքը մանկավարժությանը ծառայեցրած Աշոտ Բլեյանին, ով մեծ պատվախնդրությամբ կատարում է և կատարելու է իր առաքելությունը։

Դիցուք՝ «Բլեյան դպրոց»-ի աշխատակիցները դիմել են Կառավարությանը՝ «Մխիթար Սեբաստացի» ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու առաջարկով՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Հիմնադրամի վերափոխվելը նախատեսված է օրենքով և հնարավորություն կտա Աշոտ Բլեյանին պաշտոնավարել նաև 65 տարին լրանալուց հետո՝ որպես «Մխիթար Սեբաստացի» հիմնադրամի տնօրեն։ Կառավարության որոշումը դեռ հայտնի չէ, սակայն ԿԳՄՍ նախարարությունում արդեն որոշել են, որ Բլեյանը պետք է հեռանա։ Ավելի ճիշտ՝ հղում են արել ՊՈԱԿ-ների մասին օրենքին՝ մեծահոգաբար առաջարկելով կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։ Պարզապես հաշվի չի առնվել, որ խորհրդի նախագահին չի նշանակում նախարարությունը, խորհուրդն է ընտրում նախագահին։

Ասել կուզի՝ աշխատում են օրենքներով, բայց հակասում են այդ նույն օրենքներին։  Ստացվում է՝ 31 տարի առաջ օրինակելի դպրոց հիմնադրած և սերունդներ կրթած Բլեյանը պետք է հեռանա իր պաշտոնից, քանզի պահանջը իրավահենք է, իսկ նախարարության դելետանտ աշխատակիցները պետք է շարունակեն պաշտոնավարել, որ մեծապես սկանդալների կիզակետում են…

Այո, հեղափոխությունը ենթադրում էր օրենքի գերակայություն, միաժամանակ՝ բարոյական արժեքների, ստեղծագործ մտքի կարևորում, վճռականություն և նոր արժեհամակարգի ստեղծում։ Բայց այսօր ականատես ենք լինում, որ տուրք է տրվում մի կողմից՝ որոշակի կամայականության, մյուս կողմից՝ որոշակի անդեմության՝ առաջացնելով հանրույթի ընդվզումն ու վրդովմունքը։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս