X
Մենք սոց. ցանցերում

Թաղման 5 անսովոր մեթոդ

Ավանդական թաղման մոտեցումները գրեթե միշտ խանգարում են դիակի տարրալուծման բնական գործընթացին: Գերծանրաբեռնված գերեզմանոցներ, մետաղական դագաղների և զմռսող նյութերի պատճառով հողերի աղտոտում, դիակիզարաններից ջերմոցային գազերի արտանետումներ․ սրանք թաղման ավանդույթների հետևանքներից մի քանիսն են: Աշխարհում գնալով ավելի է տարածվում այն գաղափարը, որ անհրաժեշտ են թաղման նոր էկո-մեթոդներ, չնայած որ այդպիսիք արդեն իսկ գոյություն ունեն (իսկ ոմանք նույնիսկ հանրաճանաչ են):

Ուսումնասիրել և ձեզ ենք ներկայացնում  բնությանը էկոլոգիապես վնաս չպատճառող կամ պարզապես անսովոր թաղման մեթոդները։

Սնկերի սպորներով կոստյում

Էկոլոգիական թաղման ամենաարդիական տարբերակներից մեկը Coeio-ի կոստյումն է, որը պատված է հատուկ տեսակի սնկի սպորներով: Հուղարկավորությունից անմիջապես հետո սպորները սկսում են ծիլեր տալ ՝ բառացիորեն սնվելով մարդու մարմնով: Ընթացքում նրանք քայքայում են հանգուցյալի մարմինը ՝ հարստացնելով հողը և արդյունավետ եղանակով սննդանյութեր մատակարարելով մոտակա բույսերի արմատներին:

Գաղափարը մշակվել է բիոարտիստ Jae Rhim Lee-ի կողմից `նպատակ ունենալով փոխել  ավանդական թաղման պրակտիկան։ Նման կոստյումներ կարելի է պատվիրել բեժ և սև գույներով, արժեքը 1500 դոլար է։

Կրիոմացիա

Այս մեթոդի շրջանակներում մարմինը սառեցվում է հեղուկ ջրածնի մեջ` 196 աստիճան C-ում: Ինչից հետո դիակը մասնատվում է, իսկ այդ մասերն էլ իրենց հերթին չորացվում են վակուումում: Այս մեթոդի հեղինակներն էլ պնդում են, որ վերջնական արդյունքում ստացված փոշին ստերիլ է ու ի տարբերություն կրեմացիայի մոխրի, հողը հարստացնում է օգտակար պարարտանյութերով։

Տեխնոլոգիայի հեղինակը շվեդ կենսաբան և Promessa Organic AB- ի հիմնադիր Սյուզաննա Վիիգ-Մեսակն է: Ընկերությունն արդեն իսկ արտոնագրել է իր մեթոդը աշխարհի 35 երկրում:  Բնակչության մահացության բարձր մակարդակի պատճառով հատկապես Հարավային Աֆրիկայում շատ են հետաքրքրված այս մեթոդով։

Ռեսոմացիա

2007-ին հուղարկավորության մեկ այլ էկոհամակարգային մեթոդ է հեղինակել շոտլանդացի Սենդի Սալլիվանը։ Դիակը տեղադրվում է հատուկ խցիկի մեջ, որտեղ տաքացվում է կալիումի հիդրօքսիդում մինչև 180 աստիճան C-ում: Տեխնոլոգիայի մշակման հեղինակները պնդում են, որ այս մեթոդը հիշեցնում է դիակի բնական քայքայումը, որը սակայն կատարվում է ընդամենը մի քանի ժամում:

Ինչպես կրիոմացիայի դեպքում, այս էկո-թաղումները նույնպես ոչ միայն գերեզմանատների տարածք են խնայում, այլև չեն առաջացնում ջերմոցային գազերի արտանետումներ, որոնք առաջանում են սովորական դիակիզման ժամանակ: ԱՄՆ-ում ռեսոմացիայի արժեքը 700 դոլար է:

Վերածվել վինիլային սկավառակի ու հնչել հանդերձյալ աշխարհից

Թաղման անսովոր միջոց այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են ոչ ավանդական հուղարկավորության եղանակ։ Andvinyly բրիտանական ընկերությունը առաջարկում է մոխիրն օգտագործելով սկավառակներ պատրաստել։ Ձայնասկավառակների քանակը դուք ինքներդ եք ընտրում, ինչպես նաև կարող եք ընտրել թե ինչ հնչի․ գուցե ձեր ձայնը, ձեր սիրելի երաժշտությունը կամ պարզապես լռություն։ Ծառայության արժեքը սկսվում է 3000 դոլարից։

Ընկերությունն առաջարկում է նաև երաժշտություն գրել հատուկ հանգուցյալի համար և նկարել իր դիմանկարը ալբոմի շապիկի համար `ակրիլ ներկերի հետ խառնված մոխիրով: Այս բոլոր տարբերակները հասանելի են ինչպես մարդկանց,  այնպես էլ տնային կենդանիների համար:

Թռչել օդ ու ուրախացնել երեխաներին

Թերևս թաղման ամենադիտարժան և ցայտուն ձևը  հանգուցյալի մոխրով հրավառությունն է։ 2005-ին հենց նման հրավառությամբ անմահացվեց անգլիացի լեգենդար գրող Հանթեր Թոմփսոնի հիշատակը։ Ծառայությունը մատուցվում է միանգամից մի քանի ամերիկյան ընկերությունների կողմից, այդ թվում ՝ Heavenly Stars Fireworks-ի և  Ashes to Ashes-ի։ Heavens Above ընկերության անձնակազմը հանգուցյալի հարազատների համար կարող է բեմադրել ու իրականացնել մի ամբողջ պիրոտեխնիկական ներկայացում։

Գինը կախված է հրավառության ծավալից, բայց նվազագույն արժեքը 995 դոլար է։

Նյութը՝ daily.afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս