X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Դաշնակիցը հավատարմության երդում չի տվել, այդ մենք ենք նրան միշտ գերադասել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ պարտքի դիմաց հանձնվեցին դարավոր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը։ Դրանցից ամենաաղմկահարույցը, իհարկե, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրն էր, որ երկու երկրների միջև կնքվեց 2002 թվականի նոյեմբերին։ «Փաստերի ստուգման հարթակը», անդրադառնալով այս պայմանագրին, գրել է.

«Այդ պայմանագրով 1994-1998 թվականներիին կուտակված մոտ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող 5 օբյեկտներ՝ Հրազդանի ջերմակայանը (31 միլիոն դոլար)՝ առանց 5-րդ բլոկի, «Մարս» գործարանը (56.29 միլիոն դոլար) և 3 ընկերություններ՝ Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը (350 հազար դոլար), Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի (3.37 մլն դոլար) և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները (2․75 մլն դոլար)»։

Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը։

Չանդրադառնալով համաձայնագրի շուրջ նախկինում և այսօր հնչող քննադատություններին՝ պետք է միայն նկատել, որ գործարքը, մեծ հաշվով, գործընկերային և բարեկամական հարաբերությունների մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում։ Չի տեղավորվում մի պարզ պատճառով, որ Ռուսաստանը ոչ միայն ընդառաջ չի գնացել դաշնակից պետությանը և չեղարկել պարտքի մի չնչին մասն անգամ, այլև իր պարտքը մեծ տոկոսներով  է վերցրել (ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պայմանագրերը, հիմնականում, կազմվել են ի շահ Ռուսաստանի)։

Այս համատեքստում հատկանշական է, որ Ռուսաստանը 1991 թվականից մինչև 2019 թվականը՝ 20 տարվա կտրվածքով, չեղարկել է 140 մլրդ դոլար արտաքին պարտք։ Չեղարկված պարտատեր պետությունների ցանկում են Վիետնամը, Էֆիոպիան, Մոնղոլիան, Նիկարագուան, Իրաքը, Սիրիան, Ալժիրը, Աֆղանստանը, Ղրղզստանը, Կուբան, Ուզբեկստանը…

Ամեն դեպքում լավ է, որ մենք այս երկրների կողքին չենք, բայց, այդուամենայնիվ, բացակայությունն էլ շատ խոսուն է՝ հաշվի առնելով ռուս-հայկական հարաբերությունների այդքան թմբկահարված առանձնահատկությունները։

Ստացվում է, որ չափազանցված է մեզանում հզոր դաշնակցի մեծահոգությունն ու բայրացակամությունը։ Թեև պետք է խոստովանել, որ բարեկամը երբեք էլ հավատարմության երդում չի տվել, այդ մենք ենք նրան միշտ գերադասել։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս