X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Արամ Առաջին կաթողիկոսը նամակ է հղել Գագիկ Ծառուկյանին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը իր երախտիքի խոսքն է ուղղել  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ Բեյրությում պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին 100 միլիոն դրամ հատկացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Իվետա Տոնոյանի համացանցային գրառումից։

Վեհափառի նամակում մասնավորապես ասված է․

«Մեծարգո՛ պարոն Գագիկ Ծառուկյան, շատ բարձր ենք գնահատում Ձեր ինքնաբուխ նախաձեռնությունը աջակցելու Լիբանանի հայությանը, որը մարդկային ու նյութական լուրջ վնասներ կրեց օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով։ Այս նամակով մեր երախտագիտությունն ենք հայտնում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին լիբանանահայությանն օժանդակելու նպատակով նվիրաբերված 100 միլիոն դրամի համար։ Նշյալ գումարի կեսը՝ 50 միլիոն դրամը, Ձեր ցանկությամբ փոխանցվելու է պայթյունի հետևանքով զոհված հայ ընտանիքներին, իսկ մյուս կեսը՝ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի նորոգմանը։

Հիրավի, Ձեր այս օրինակելի արարքը վկայում է մեր ժողովրդին օգտակար լինելու Ձեր պատրաստակամության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հանդեպ Ձեր սիրո ու հարգանքի մասին։ Տակավին մեր հիշողություններում թարմ է շուրջ 5 տարի առաջ Անթիլիաս կատարած Ձեր այցը՝ մեր միջոցով սիրիահայերին աջակցելու Ձեր նախաձեռնությունը, ինչպես նաև մեր հանդիպումը, որի ընթացքում էլ Դուք հաստատեցիք Սուրբ Աթոռի նկատմամբ Ձեր հարգանքը։ Վարձքներդ կատար։ Աղոթում ենք, որպեսզի Բարձրյալը Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն պարգևի, հեռու պահի Ձեզ բոլոր տեսակի փորձություններից։ Թող Աստծո հովանին անպակաս լինի համայն հայությունից, Հայաստանից ու Սփյուռքից։ Հայրապետական օրհնությամբ ու սիրո ջերմ ողջույններով՝ Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս