X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ես քրիստոնյա եմ, ես պետության մարդ եմ, ես ապագա եմ

«Չի՛ կարելի վախացնել հասարակությանը, չի՛ կարելի վախացնել ժողովրդին, չի՛ կարելի սպառնալ ժողովրդին, չի՛ կարելի խաբել ժողովրդին, չի՛ կարելի ստել ժողովրդին, չի՛ կարելի հրահրել ժողովրդին»,- Վլադիմիր Գասպարյան՝ մեր օրեր։

Համացանցում բարձրացած աղմուկի ֆոնին, լրագրողական կազմակերպությունների հայտնի հայտարարությունից հետո, հետաքրքիր է դիտարկել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը։ Նա կարևոր է համարել ներկայացնել «Ազատության» լրագրողների հետ կատարված միջադեպի իր վարկածը՝ Գասպարյանը Para TV-ին տված հարցազրույցում նշել է, որ նկարահանող դրոնը ներխուժել է իր անձնական տարածք, որն էլ պատճառ է դարձել լրագրողների հետ «փոքրիկ զրույցի»։

«Էսպիսի քայլ անում են միայն սադրելու համար։ Ես, հասկանալով դա, սադրանքի չեմ գնացել, փորձված եմ»,- ասել է նախկին ոստիկանապետը։

Վլադիմիր Գասպարյանը ընդգծել է, որ ցանկացած իշխանափոխությունից հետո կատարվում են երևույթներ, ուստի ինքը 2 տարի համբերատար սպասում է՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում։ Ուզում են իրեն վախեցնել, բայց չի ստացվի՝ «ես վախացրել եմ իմ ամբողջ կյանքում»։ Մարդիկ կան «վախացնելուց խելոքանում են», բայց կան մարդիկ էլ, որ «վախացնելուց ավելի են …..», այստեղ Գասպարյանը խորիմաստ լռում է ու շեշտում՝ հոգեբանորեն պատրաստ է ամեն ինչի, սակայն զոհի կերպար երբեք չի ընդունի։

«Գժե՛ր, սթափվե՛ք, սա՛ փոքր երկիր ա»,- ամեն դեպքում փիլիսոփայական կոչով է հանդես գալիս Գասպարյանը՝ չգիտե՞ս դիմելով «Ազատության» լրագրողներին, թե՞ հեղափոխական իշխանություններին։

Զրույցի ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադառնում է իրենից հետո եկած ոստիկանապետերին, որոնք «կոմպլեքսավորված անձնավորություններ» էին և նշանակումները դատապարտված էին, քանի որ պետք է քաղաքական որոշումներ կատարեին։

«Սպաներս պետական գործիչներ ենք, մենք պետություն ենք պահում, քաղաքական խժդժությունները մեզ չեն հետաքրքրում»։

Վերհիշելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ աշխատանքը՝ Գասպարյանն ասում է՝ հեշտ ու դժվար էր նրա հետ աշխատել։ Հեշտ էր, քանի որ թույլ էր տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել, դժվար էր, քանի որ թույլ չէր տալիս ավելի ներողամիտ լինել այս կամ այն երևույթի նկատմամբ՝ «ես ավելի քրիստոնյա էի մոտենում, նախագահն ավելի արդար էր մոտենում, էտ հարցում ինքը ճիշտ էր, ես՝ սխալ»։

«Ես պատահաբար մի 30 տարի ավել եմ ապրում, քան իմ ընկերները, չնայած հիմա մտածում եմ էտ տղերքի բախտը բերեց, որ զոհվեցին, թե մերը բերեց, որ ողջ մնացինք։ Տղաները հերոս դարձան, իսկ մենք՝ թիրախ։ Իսկ թիրախավորել սպային, պետության համար կանգնած մարդին, շատ դաժան կարող ա նստի»,- ասում է Գասպարյանը՝ նշելով, որ եթե քաղաքականությունը զբաղվում է իրենով, ինքը ցանկացած ձեռնոց բարձրացնող է։

Նախկին ոստիկանապետը պարբերաբար հնչեցնում է, որ ներքաղաքական պայքարում ինքը գործ չունի, ավելին՝ վաղ ժամանակներում շատ հանրապետականների հետ խնդիրներ է ունեցել, բայց հիմա փակագծեր չի բացի՝ «հիմա նրանք սևեր են, իսկ սևերին ինքը չի նեղացնում»։ Գասպարյանը չի հերքում՝ ամեն ինչից տեղյակ է՝ ինֆորմացիայի պակաս չկա, տարօրինակ կլիներ 40 տարի ուսադիր կրելուց հետո լրիվ մեկուսանալ։ Արածի ու չարածի համար էլ չի զղջում, պատասխանատու է ամեն մի քայլի համար։

«Ես քրիստոնյա եմ, դրա համար քարկոծվում եմ, դրանով հպարտանում եմ, ես գիտեմ, թե ես ինչ եմ արել, ես մաքուր եմ ներսից, ես խաղաղ եմ, ես արդար եմ, որովհետև չեմ վախենում, ես Աստծուց էլ չեմ վախենում, քանի որ հորից չեն վախենում»,- եզրափակում է Վլադիմիր Գասպարյանը՝ պարզաբանելով, որ ինքը «երկիրն է շալակած տարել», քանի որ ոստիկանը, ոստիկանապետը պետք է մարդասեր լինի։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս