X
Մենք սոց. ցանցերում

Դերասան, մոդել Դավիթ Ղարիբյանը «Ապակե երազանք» նոր հեռուստասերիալի, ինստագրամում շատ հետևորդներ ձեռք բերելու մասին

Թիվ 1-ի զրուցակիցը դերասան, մոդել Դավիթ Ղարիբյանն է։

– Ի՞նչ կրթություն ունեք։

2013 թ․ ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը և ունեմ մագիստրոսի աստիճան։ Մասնագիտությամբ ռեժիսոր եմ, սովորել եմ Արմեն Էլբակյանի ղեկավարությամբ։

– Երբվանից և ինչպե՞ս որոշեցիք զբաղվել մոդելինգով։ Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այդ ասպարեզում ու ինչպե՞ս եք գնահատում մոդելային դաշտը Հայաստանում։

Դեռ 2009թ․ ստացա առաջարկություն մասնակցելու «Best Model of the World» միջազգային մրցութին, որն էլ առիթ դարձավ մտնել մոդելային ասպարեզ։ 2011 թ. Իսպանիայում մասնակցել եմ «International Best Model World & Costa Blanca Fashion week» մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը և հայտնվել TOP 5 -ում, ինչպես նաև հանդես եմ եկել որպես ԱՊՀ երկրներում այդ մրցույթ-փառատոնի համակարգող։ 2014 թվականին ճանաչվել եմ հաղթող՝ «Mister Fashion Beauty Universal» մոդելային մրցույթում, որտեղ մասկացում էին 111 երկրների ներկայացուցիչներ։ Եթե հետ նայենք և համեմատենք, ապա կասեմ, որ այժմ որոշակի տեղաշարժ կա Հայաստանում այդ ոլորտում, սակայն, ինչ խոսք, չի կարելի համամատել օրինակ Բուլղարիայի հետ։

– Նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան եք։

Այո երկար տարիներ է, ինչ աշխատում եմ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան։ Այն իմ 2-րդ տունն է, որտեղ ես անցա դերասանի իմ առաջին մկրտությունը։ Իմ հիշողությունից երբեք չի ջնջվի իմ առաջին դերը, որտեղ ես մարմնավորում էի Բյուզանդիայի դեսպանին՝ «Արշակ Բ» օպերայում։

– Շուտով էկրաններին կհայտնվի «Ապակե երազանք» նոր հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսին դուք եք մարմնավորում։ Կպատմե՞ք այս նախագծի մասին։

Այս նախագծի առաջարկը շատ պատահաբար ստացա։ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի տանն էի, որտեղ ծանոթացա ռեժիսոր Վահան Խաչատրյանի հետ, ով առաջարկեց նկարահանվել Սահակի կերպարում։ Սցենարիստը Հովհաննես Շանթէն է, պրոդյուսերը Տիգրան Շահինյանը։ Ներկա պահին նկարահանումները շարունակվում են և չեմ ցանկանա բացել փակագծերը, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր մնա դեպքերի զարգացումը, միայն կասեմ, որ այն բաղկացած է 16 սերիաներից։ ԱՄՆ-ում հեռարձակվելու է ARTN հեռուստաալիքով, իսկ Հայաստանում բնակվող մեր քաղաքացիները կարող են դիտել «Նոր Հայաստան»-ի եթերում։

– Ձեր ինստագրամյան էջը բավականին ակտիվ է ու ունի մեծ լսարան։ Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ արտիստներին սոցիալական ցանցերում առաջխաղացման ու հետևորդներ հավաքելու հարցում։

Ես Instagram-ում եմ Instagram-ի բացման օրվանից և այնտեղ բավականին երկար ժամանակ եմ անցկացնում։ Ստեղծում եմ հետաքրքիր կոնտենտ, բացահայտում եմ նոր տաղանդների, նվիրում եմ նվերներ իմ հետևորդներին՝ իրենց ակտիվության համար և այլն։ Նույնը խորհուրդ կտամ թե սկսնակ և թե ճանաչված արտիստներին, քանի որ Instagram-ը լավագույն հարթակներից մեկն է հենց ստեղծագործողների համար։

– Ապագայի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք։ Կա՞ն սպասվելիք նորություններ։

Ապագայի պլանները, ցավոք, հարցականի տակ են COVID 19- ի հետ կապված։ Քիմ Քարդաշյանի նախագիծը Sofia Fashion Week-ի շրջանականերում չեղարկվեց կորորնավիրուսի պատճառով։ Այս ամիս պետք է մեկնեի Եվրոպա նկարահանելու իմ հեղինակային հաղորդումներից մեկը՝ նվիրված Ֆեյշնին։ Ի դեպ, իմ նոր հաղորդումը «Sofia Fashion Week 19/20» շուտով կհեռարձակվի մեր հեռուստաալիքներից մեկով։ Այն յուրատիպ գեղագիտական և մշակութային արժեք ներկայացնող ժամանցային ծրագիր է։ Հաշվի առնելով հատկապես COVID 19-ի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակից բխող քաղաքացիների սահմանափակ տեղաշարժը և առավել երկար տանը մնալու հանգամանքը, այն նաև կտեղադրվի սոց․ցացների իմ պաշտոնական էջերում ևս։

Հեղինակ՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս