X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Սերժ Սարգսյանը մենակ էր երեկ և շարունակելու է մնալ մենակ. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոմանց թվում է, որ մոռացել ենք, թե ինչպես էր Սերժ Սարգսյանի նախագահամուտի արարողությունը 2008 թվականի ապրիլի 9-ին տեղի ունենում Երևանի շղթայապատ կենտրոնում, որտեղ քաղաքացիների մուտքն արգելված էր:
Կարծես ամեն ինչ շատ խորհրդանշական էր, և իշխանությունն ընդամենը դրանով ցույց էր տալիս, որ այն, ինչ կոչվելու է Սերժ Սարգսյանի նախագահություն, չի լինելու քաղաքացիների համար: Թե ո՞ւմ համար էր լինելու այդ նախագահությունը` պարզվեց դրանից հետո՝ գողերի, մարդասպանների, ավազակների, օլիգարխների, թալանչիների, հանցավորության մեջ թաթախված կուսակիցների, բայց ոչ երբեք ՀՀ քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության։

Սերժ Սարգսյանի նախագահությունը նույնիսկ իր համար էլ չէր, քանի որ այդ ամենի հետևանքով դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանն ինքը որևէ բան բացի փողն ու հարստությունը շահե՞լ է իր գործունեությունից:

Ընդհանրապես դե յուրե իշխանությունը ոչ միայն հարաբերական հասկացություն է, այլև ծանր բեռ է: Ընդ որում` այդ ծանրությունը ոչ թե այն է, որ հազիվ ես այդ բեռը պահում գլխավերևում կամ ուսերիդ, այլ այն, որ այդ բեռը քո ուսերին կամ գլխավերևում պահում են ուրիշները, քանի որ պահելը ձեռնտու է նրանց, ու երբ այն նրանց դառնա արդեն ոչ ձեռնտու, ապա բեռը բաց են թողնելու: Իսկ պահելու հնարավորություն Սերժ Սարգսյանը չունեցավ իր նախագահության ողջ ընթացքում` կա՛մ չկարողացավ, կա՛մ չուզեց ունենալ այդ հնարավորությունը, քանի որ մերժեց ճգնաժամի հաղթահարման հանրային բոլոր առաջարկները:

Սերժ Սարգսյանն իր ողջ նախագահության ընթացքում մնաց մենակ, քանի որ Հայաստանի ներքին կյանքում և արտաքին ճակատում այդպես էլ ձեռք չբերեց որևէ հուսալի գործընկեր:

Սերժ Սարգսյանը չկարողացավ որևէ սուբյեկտի համար լինել հուսալի դաշնակից` ո՛չ ընդդիմության համար, ո՛չ քաղաքացիների համար, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի համար, ո՛չ իր իսկ իշխանական սուբյեկտների համար, ո՛չ Արևմուտքի և ո՛չ էլ Ռուսաստանի համար: Թվարկված սուբյեկտներից որևէ մեկին Սերժ Սարգսյանը ողջ պաշտոնավարման ընթացքում չկարողացավ միջնաժամկետ կամ երկարաժամկետ կայունություն պարունակող որևէ գործնական ծրագիր առաջարկել:

Սերժ Սարգսյանը մենակ էր երեկ, շարունակելու է մնալ մենակ, կամ այս դեպքում ճիշտ կլինի ասել` «լինել մենակ», որովհետև մնալն արդեն, այդ դեպքում, նրա պարագայում դառնում է շատ հարաբերական հասկացություն:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս