X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

Երեք ուժերի ներկայացրած հաղորդման վրա՝ ՀՔԾ-ն  քրեական գործ չի հարուցել

«Երեք քաղաքական ուժերով ներկայացրել էինք հաղորդում Գլխավոր դատախազություն 2020 թվականի հունիսի 30-ին։ ՀՀ Օրենսդիր, Գործադիր, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր հանցակցության, ենթադրյալ հանգործության վերաբերյալ հաղորդումը։ Այս հաղորդման մեջ նշվել էր քրեական օրենսգրքով ամրագրված 3 հոդվածներ՝ իշխանության յուրացումը՝ 300 հոդված, սահմանադրական կարգի տապալումը՝ 300.1 հոդված, պաշտոնական լիազորություններն անցնելը։ Այս հոդվածները ոչ թե սպառիչ էին, այլ կարող էին պատշաճ ձևով քրեական գործ հարուցել, հնարավոր էր նաև համալրվեին այլ հոդվածներով»,- ասում է ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա նշում է, որ իրենք ստացել են ՀՔԾ Հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Մինասյանի որոշմամբ՝ այս հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը, ինչի արդյունքում երեք ուժերով որոշել են բողոքարկել։ Այս պահին քաղաքական միավորները որոշել են օգտվել Դատախազություն բողոք գրելու իրենց իրավունքից, իսկ հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն հաջորդիվ։

Մինասյանը շեշտում է՝ ավագ քննիչը ներկայացրած բոլոր փաստերը չի ուսումնասիրել, նա մի քանի դրվագ է առանձնացրել առկա փաստարկումներից, հղում է տվել ինչ-որ, հաճախ անբացատրելի, գործողության և համարել է, որ այն չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար։ ՀՔԾ պատասխանատու անձը վերլուծել է քրեական օրենսգրքի նշված հոդվածները և ներկայացրել է մեկնաբանություններ, որոնք խիստ սուբյեկտիվ են և համադրելի չեն ոչ միայն այս հոդվածներով ներկայցվող հանցակազմերի օբյեկտի և օբյեկտիվ կողմի հետ, այլ փորձել է մեկնաբանել, որ նրանց գործողություններում հանցակազմ չկա։

Ավագ քննիչը չի ուսումնասիրել ԱԺ նիստում Սահմանադրական փոփոխությունների հարցի ներկայացման ժամանակ հնչեցված ելույթները։ Մինասյանը, որպես օրինակ, ներկայացնում է  Ռուստամ Բադասյանի ելույթը։ Այն Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ոչ միայն կեղծում էր, այլ նաև իրականությանը չհամապատասխանող և հանցավոր մտադրությունը վերջնանպատակին հասցնելու հիմնավորում էր։

«Ե՛վ իշխանության յուրացմամբ, և՛ սահմանադրական կարգի տապալման, և՛ պաշտոնական լիազորությունները անցնելու հիմքերը ամբողջությամբ, մեր կարծիքով, բավարար էին ներկայացրած փաստարկների հենքի վրա, որպեսզի իրավասու մարմինը, տվյալ դեպքում ՀՔԾ-ն, հարուցեր քրեական գործ, իրականացրեց բազմակողմանի, անաչառ նախաքննություն, և այս բոլոր հարցերին սպառիչ պատասխան տար»,- եզրափակում է ՀՅԴ անդամը։

«Ամփոփելով՝ նշեմ, որ մեկ տարի շարունակ իշխանությունները իրականում լծված են եղել Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներին՝ իշխանահաճո որոշումներ կայացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված»,- հայտարարում է Իվետա Տոնոյանը։ Նա նկատում է, որ մեկ տարվա ընթացքում կառավարության կողմից պարբերաբար ներկայացվում էր, որ Սահմանադրական դատարում կա  ճգնաժամ, ինչը չէր համապատասխանում իրականությանը։ Հակառակը՝ այսօր, իշխանության թեթև ձեռքով, ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս