X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Վանեցյանը խնդիր չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ

«Փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը։ Շատ լավ գիտեք, որ այն մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որևէ մեկը չի հաստատվել, որևէ մեկը իր հաստատումը չի ստացել, և, ինչպես նրանք, այնպես էլ այս չակերտավոր մեղադրանքը, իմ կարծիքով, հօդս է ցնդելու»,- հայտարարում է ԱԱԾ հարցաքննության հրավիրված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականին վերականգնվել է աշխատանքի ԱԱԾ նախկին աշխատակիցներից մեկը, ով, ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնին վերականգնվելու։ «Բայց երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ օրենքի ընթերցման հետ խնդիրներ ունեն ՀՀ քաղաքական ղեկավարությունն ու գործող ԱԱԾ տնօրենը, որովհետև եթե օրենքը կարդային հստակ և մինչև վերջ, կհասկանային, որ որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել»,- նկատում է քաղաքական նորահայտ գործիչը։

Անդրադառնալով քաղաքական ակտիվ գործունեությանը՝ Վանեցյանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում չի եղել, բայց չի բացառվում, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների հետ, այդ թվում նաև՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Լրագրողի հարցին՝ «ա՞յն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, որոնց դուք ԱԱԾ տնօրեն լինելու ընթացքում մեղադրում էիք կոռուպցիայի մեջ, երկիրը թալանելու մեջ», կուսակցության առաջնորդը հակադարձեց՝ «հարցը տեղին չէ, և քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անհատների հետ»։

Վանեցյանը համոզված է, որ առաջիկայում լինելու են ներքաղաքական ակտիվ գործընթացներ, պրոցեսներ, քանի որ երկիրը գտնվում է բարդ, ծանրագույն իրավիճակում, իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով։ Կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջև։ Վերջինս շեշտում է՝ կառավարությունը գործ անելու փոխարեն, զբաղված է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելով։

Վանեցյանը խուսափեց լրագրողների՝ նախկին նախագահների հետ համագործակցելու վերաբերյալ հարցերին պատասխանելուց և հեռացավ։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս