X
Մենք սոց. ցանցերում

Թատրոն

Եթե թատրոնները կարողանան ձեռք բերել ախտահանման սարքեր, անվտանգությունը ապահովված կլինի

Վանաձորի Հովհ․Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համավարակի օրերին թատրոնի գործունեությանը։

«Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում իրականացրել է առցանց հեռարձակումներ՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ։ Դիտումների թիվը գերազանցել է սպասելիքները՝ շուրջ 35 հազար հանդիսատես և առցանց ցուցադրված մեկ տասնյակի հասնող ներկայացումներ՝ «Ռուզան», «Չար ոգի», «Արյունոտ հարսանիք», «Լիր արքա», «Ես միայն զանգահարելու եմ եկել» և այլն։
Հանդիսատեսը կարոտում է թատրոնը, և այս մասին փաստում են սոցցանցերում արվող մեկնաբանությունները։
Առցանց տիրույթում մրցունակ լինելն, ինչ խոսք, կարևոր է, բայց հաշվի առնելով, որ թատրոնը կենդանի արվեստ է, հնարավոր չէ ամեն բան կազմակերպել լիարժեքորեն և լիովին՝ առանց հանդիսատեսի հետ կենդանի շփման, կարծում ենք, որ արդեն իսկ անհրաժեշտ է վերսկսել աշխատանքը հանդիսատեսի համար՝ պահպանելով պարետատան կանոնները և անվտանգության բոլոր նորմերը համավարակի շրջանում։ Նախ որ հանրությունն իսկապես սթրեսային վիճակի մեջ է, որ մշակույթին է վերապահված փրկօղակի դերը, և երկրորդ, որ դերասանական, գեղարվեստական համակազմը կարիք ունի լավ մարզավիճակում լինելու։
Միջանկյալ նշեմ, որ եթե թատրոնները կարողանան ձեռք բերել ախտահանման սարքեր՝ 590 հազար դրամ արժողությամբ /ներառյալ ԱԱՀ/, կարելի կլինի ասել, որ անվտանգությունը մեծ մասամբ ապահովված կլինի։ Այս սարքերը խցիկներ են, որոնք տեղադրվում են կազմակերպության (թատրոն, դպրոց, կլինիկիա, ատամնաբուժարան, ռեստորան, գործարան) մուտքի մոտ, և մուտք գործելիս մարդիկ ախտահանվում են։ Ախտահանումը տեղի է ունենում անհպում, 360 աստիճանով, 5 տեղից, նույնիսկ կոշիկներն են ախտահանվում։ Տարողունակությունը 10լ է, որը բավականացնում է 1000-1200 մարդու ախտահանման համար։ Սարքը շուկայում միակ էկոնոմային տարբերակն է, քանի որ մեկ մուտքանի է։
Վանաձորի թատրոնի բակն ունի եզակի հնարավորություններ՝ բացօթյա ներկայացումներ խաղալու։ Այս պահին ընթանում են երկու բացօթյա ներկայացման փորձեր։ Հաշվի առնելով, որ շատ դժվար է, երբ գոյություն ունեցող ներկայացումն է հարմարեցվելու բացօթյայի պահանջներին, որոշել ենք ներկայացում ստեղծել հենց բակի համար։
Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացում է պատրաստվում հանդիսատեսի դատին հանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Ներկայացումը պլանավորվում է խաղալ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում։ Արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ, իսկ ավարտական փորձերը և ներկայացումը Զորյանի այգում մեկնարկելու թույլտվություն ակնկալում ենք ստանալ Վանաձորի քաղաքապետարանից։
Թատրոնի դերասան, բեմադրական մասի վարիչ Արամ Մխիթարյանը ցերեկային ներկայացում է պատրաստում բակի համար։ Մանկական ներկայացումը բեմադրված է վեց հեքիաթների մոտիվներով՝ «Մատնաչափիկ», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Գեղեցկուհին և հրեշը», «Կոշկավոր կատուն» և «Բժիշկ Այբոլիտը»։ Բեմադրված են հատվածներ հեքիաթներից՝ երաժշտական և պարային անցումներով։ Ի դեպ, հանդիսատեսին շատ հետաքրքիր վերջաբան է սպասվում «Բժիշկ Այբոլիտը» բեմադրության ավարտին:
Երկու ներկայացումներն էլ շուտով պատրաստ կլինեն, իսկ թե երբ կհանձնվեն հանդիսատեսի դատին, կախված կլինի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պարետի և ԿԳՄՍ նախարարության որոշումներից։
Առաջիկայում հանդես կգանք նաև հեռուստաթատրոնի ադապտացիոն տարբերակով՝ թատերական խաղը զուգակցված ժամանակակից տաղավարային նկարահանմամբ: Ռեժիսորը թատրոնի երիտասարդներից Արեն Օսիպյանն է։ Սպասվող ներկայացման միտքը ծնվել է հենց համավարակի ժամանակաշրջանում, մինչ այս արտակարգ դրությունը և պարտադրված պարապուրդն, իհարկե, կային տարբեր մտքեր, նոր լուծումներով բեմադրությունների քննարկումեր: Ստեղծել ենք նոր ձևաչափ, նոր կապ, որը թատրոնից և տարբերվում է, և այնքան էլ չի տարբերվում։ Առաջիկա նախագիծը հեռուստաթատրոն կարելի է անվանել, քանի որ էկրանավորվելու է: Բոլոր գործողությունները կատարվելու են բեմից դուրս։ Ֆիլմի տարբերակով ներկայացում է, որը թե՛ հանդիսատեսի, թե՛ դերասանի համար նոր ձևաչափ է։ Հեռուստաներկայացման հիմքում Ա. Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» ստեղծագործություններն են։
Ի դեպ, «Արմմոնո» փառատոնն օգոստոսի 8-ին կհյուրընկալվի Վանաձորի թատրոնում՝ բացօթյա-առցանց ձևաչափով․ կներկայացվեն Գրիգոր Նարեկացու «Մատյանը»՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մատուցմամբ, և Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» ստեղծագործությունը՝ գրված «Վենետիկի վաճառականը» պիեսի հիման վրա, որտեղ Շեյլոկի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Արամայիս Սարգսյանն է։
Ինչ վերաբերում է շենքի վերանորոգմանը, որին անհամբեր սպասում է ինչպես աշխատակազմը, այնպես էլ մեր շատ սիրելի հանդիսատեսը, նշեմ, որ նախագիծն այս պահին լրամշակման փուլում է․արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք։
Հավելեմ միայն, որ օգտագործելով արտակարգ դրության ժամանակահատվածում առաջացած պարապուրդը, թատրոնի բեմը վերազինել ենք ինքնաշխատ սարքավորումներով, որն զգալիորեն կհեշտացնի հանդիսատեսի /և ոչ միայն հանդիսատեսի/ համար անտեսանելի, բայց իրականում բավականին բարդ աշխատանքը, որ միայն արվեստի մարդկանց բնորոշ նվիրումով կատարել և կատարելու են բեմադրական մասի վարիչն ու բեմի մոնտաժողները»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս