X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը

Եվրոպական դատարանը 22.07.2020թ. բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։

«Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ. դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով կիրառել հրատապ միջոց․

  1. Ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար,
  2. Հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին,
  3. Միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ,
  4. Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուններին ուղարկել քրեական գործի նյութերը,
  5. Կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան։

Եվրոպական դատարանը 22.07.2020թ. բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին մեր դիմումը և պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները․

  1. Տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմաննների մասին,
  2. Տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկախ մասնագետի կողմից,
  3. Հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին,
  4. Նշանակվե՞լ է արդյոք փաստաբան,
  5. Արդյո՞ք նա հնարավորություն ունի լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Դատարանը առաջնահերթություն է տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ։ Ժամկետ է սահմանվել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար։

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս