X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Ով հայոց «ընդդիմություն», դուք կու՞յր եք, թե կույր եք ձևանում, բու՞թ եք, թե՞․․․. Հենրիկ Հովհաննիսյան

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

Ով հայոց «ընդդիմություն» և ձեզ ընդդիմադիր հայտարարող հայեր, ժամանակն ու աշխարհը ձեզ ոչինչ չե՞ն ասում, մարդակուլ համաճարակը ոչ մի եզրակացության չի՞ բերում, չե՞ք հասկանում, որ մարդկության առջև կան շատ ավելի մեծ ու տագնապալի խնդիրներ, քան ձեր պաշտոնասիրական ու ընչասիրական ողորմելի կրքերը։ Դուք կու՞յր եք, թե կույր եք ձևանում, բու՞թ եք, թե՞․․․ Դուք պարզունակ խորամանկություն էլ չունեք ու ձեր կարծիքով քաղաքականությամբ եք զբաղված։ Դուք ոչ մի կապ չունեք քաղաքականության հետ ձեր սովորած մի քանի ֆրազներով։ Հայրենիքի՞ց եք խոսու՞մ։ Դուք ի՞նչ գիտեք ինչ է հայրենիքը, ինչ է հայը և հայի խորհուրդը քրիստոնեական քաղաքակրթության մեջ։ Ցավն այն չէ, որ դուք տգետ եք, որ ձեր միտքը տհաս է։ Դա ներելի է, քանզի մենք բոլորս էլ ինչ որ չափով տգետ ենք։ Ցավն այն է , որ դուք զուրկ եք մարդկային խղճից։ Չեմ խոսում ազգային խղճի, քաղաքացիական խղճի մասին, որոնցից դուք շատ-շատ հեռու եք։ Դուք չեք տեսնում լավ գործերը։ Այդ էլ ոչինչ։ Դուք չեք ուզում տեսնել ժողովրդի հաղթանակը, որ իրականանում է ժողովրդի ընտրած իսկապես ժողովրդավար կառավարության գործելակերպի շնորհիվ։ Չե՞ք հասկանում, որ գոնե հիմա ժամանակն է տեսնելու և հասկանալու, ոչ թե մրթմրթալու, չեղած խելքը զոռելու։ Չե՞ք հասկանում, որ ձեր պոլիտիկանությունը վտանգավոր է հայրենիքի համար։

Ով հայոց «ընդդիմադիրներ», ես ընդդիմանում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունից և հոգևոր հայրենիքի ծառայի իրավունքով։ Բայց չկարծեք թե ուզում եմ ձեզ դաստիարակել։ Ձեզ ընդդիմանալով ձեզ հետ չեմ խոսում, այլ մեր ժողովրդի, որ ձեզանից հեռու մնան, նաև ձեր հետևից քարշ եկողների, մոլորվածների, ողորմությամբ ուրախացողների, մի քիչ էլ օտարախոս քաղքենիների ու «բնիկների», որ խաբար չեն իրենցից։ Ձեր հետևից քարշ եկողները գավառական քաղքենիներ են, որոնց խելքն ու խիղճն իրենց փորում է։ Պիտի խղճալ նրանց, նաև մեզ, որ կրում ենք օտարախոս քաղքենու ներկայությունը մեր կողքին, չգիտակցելով, թե որքան վտանգավոր է հայրենիքից լեզվով օտարվածը, որ մեծ երկրի մայրաքաղաքից խելք է խրատ տալիս, հետո էլ չափն անցնում, լուտանք ու սպառնալիք թափում հայրենիքի գլխին, թե «մեծը» որ ուզենա․․․ Որտե՞ղ եք, «քաղաքագետ» հայեր, ինչու՞ չեք փակում փափկասուն տիկնոջ կեղտոտ բերանը։ Լռեցրեք մարդատյաց արարածին, որ հայկական ազգանուն է կրում և սպառնում է հայությանը մեծ տերության անունով։ Վայրահաչությունը լուրջ չէ, բայց գիտենք, թե անլրջությունն ու անտարբերությունը ինչ աղետներ է բերում։ Գուցե ասեք, թե այն երբեմնի վարչապետի հրավերն ուղղված մեր ոխերիմ հարևանին, թե ժամանակն է, արի ազգս ջարդի, նույնպես լուրջ չէ։ Ի՞նչ անուն տանք, ասենք լուրջ չէ՞, կատա՞կ է անում, թե՞ հոգեբուժարան ուղարկենք։

Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում, մի հանձնվեք վայրահաչությանը, ականջ մի կախեք կիսագրագետ և հայհոյող երեսփոխաններին և հեռու մնացեք ողորմություն բաժանող, ձեզ սոցիալական կախման մեջ դնող «բարեգործից»։ Այսօր ամեն գործարար պիտի մտածի թե ի՞նչ է տվել և ինչ է տալու հայրենիքի պաշտպանությանը։ Մեր իշխանությունն արել է հնարավորն ու անհնարինը պաշտպանության համար, արել է այն, ինչ չի արվել մեր նոր պատմության ընթացքում։ Ով սա չի հասկանում, տհաս է, ով հասկանում է ու գռմռում, դավաճան է անգիտակցաբար։ Եթե չեք կարող օգնել մեր իշխանությանը, գոնե լռեք, հեռու մնացեք այն մարդկանցից, որոնց հայրենիքն իրենց շահն է։ Եվ թող իր կապիտալով պարծեցողը հայրենիքի անուն չտա, ձայնը կտրի, նստի իր աղբակույտի վրա։ Պատմությունը ոսկե տառերով է գրելու ժողովրդի ընտրյալի անունը, իսկ վայրահաչողներին ու դավաճաններին․․․

Մոլորվածներին եմ ասում, բացեք ձեր աչքերը, քանզի ասված է՝ «լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք»

Հենրիկ Հովհաննիսյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս