X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Թշնամու առաջ մենք ենք ու էլի մենք

 

Թշնամու առաջ մենք ենք ու էլի մենք։ Ավելի ճիշտ՝ մենք ենք ու հեռվից հրադադարի կոչերով հանդես եկող ռազմական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, որ հերթական անգամ սպասում է մեծահոգի միջնորդի դերը ստանձնելուն։

Դիցուք՝ արդեն մի քանի հայտարարություններ են հնչել ռուսական կողմից։ Նախ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն դրսևորել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը՝ ինչպես Բաքվի ու Երևանի հետ շփումների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Երեկ, ըստ էության, լավրովյան կոչը կրկնեց նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկ անգամ էլ հիշեցնելով, որ «Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար»։

Իսկ այսօր արդեն ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն  անհանգստություն հայտնեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ՝ ընդգծելով, որ այս պահին «գլխավորը ոչ թե պատասխանատուներին փնտրելն է, այլ ռազմական ցանկացած գործողություն անհապաղ դադարեցնելը»։

Համեմատության մեջ դնելու կամ մեր կարևորագույն դաշնակցի հայտարարությունների անդեմությունը հասկանալու համար հետաքրքիր է վերհիշել նաև Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայից հնչող  հայտարարությունները տավուշյան զարգացումների մասով, որ հակիրճ ձևակերպվում է այսպես՝ «Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանի գործողությունները, շարունակելու ենք լինել Ադրբեջանի զինուժի կողքին և հնարավորինս աջակցելու ենք ադրբեջանցի եղբայրներին»…

Թերևս այս անգամ  չանսանք դաշնակիցների «միջնորդությանը» և փորձենք սեփական ուժերի գերլարումով պաշտպանել վերջին օրերի գրանցած հաջողութունը, քանզի համաձայն օդում կախված լուրերի, բարձունքը, որ գրավեցին քաջերը, ոչ միայն ապահովում է այդ շրջանի հայկական գյուղերի անվտանգությունը, այլև անբեկանելի վերահսկողություն է Ադրբեջանի ավտոմայրուղու, նավթամուղի և երկաթգծի՝ այդ կողմով անցնող հատվածների վրա։

Քրիստինե Հովսեփյան

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս