X
Մենք սոց. ցանցերում

Ընդդիմության որոշ հայտարարություններ անցնում են ողջամտության սահմանը

Արդեն երկու օր է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը սադրիչ գործողություններ է իրականացնում: Բարեբախտաբար, հայկական բանակի մարտունակության և պատրաստվածության շնորհիվ հայկական կողմը ոչ միայն կարողանում է հետ շպրտել հակառակորդին, այլև վերջինս ունենում է մարդկային, տեխնիկայի և նույնիսկ տարածքային կորուստ:

Թվում է, թե այսքանով մենք հաղթանակած ենք դուրս գալիս պատերազմից, սակայն մենք ունենք նաև տեղեկատվական ճակատ, և այս պահին խոսքը վերաբերում է ոչ թե արտաքին, այլ ներքին  պատերազմին: Ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից երեկ հնչեցված հայտարարությունները ամբողջապես անցնում են ողջամտության բոլոր սահմանները:

Նախկին իշխանությունների օրոք աշխատող մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, հավանաբար ապշած լինելով մեր բանակի՝ բարձր պատրաստվածության և անսպասելի իրավիճակներին փայլուն արձագանքելու ունակությանից, ենթադրաբար չեն գտել, թե այս անգամ ինչով կարելի է քննադատել կառավարությանը և անցել են անձնական տիրույթի զրպարտանքի:

Նրանք փորձում են որևէ միստիկ կապ գտնել վարչապետի որդու զորացրման և սահմանին տիրող լարվածության միջև: Հարկ է առանձնացնել, որ վերջին օրերին սահմանին տեղի ունեցող տեղային մարտերի մեջ որևէ ժամկետային զինծառայող մասնակցություն չի ունեցել:

Ցավալի է, որ քաղաքական գործիչները իրենց քննադատություններում արդեն հասնում են երկրի ղեկավարի ընտանիքին՝ թիրախավորելով երեխաներին: Մնում է հույս ունենալ, որ սահմանային լարված իրավիճակում երկրի վարչապետին նման մեղադրանքներ հնչեցնողները վերջ ի վերջո կգիտակցեն պահի լրջությունը և հաշվի կառնեն, թե իրենց կողմից հնչեցված հայտարարությունները ինչ հետևանքներ կարող են առաջացնել, երբ դրանք ընթերցում են Ադրբեջանում:

Նելլի Խաչատրյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս