X
Մենք սոց. ցանցերում

Ադրբեջանական իշխանությունները այդպես էլ խորությամբ չհասկացան Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բովանդակությունը. քաղաքագետ

Հարցազրույց քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ

Պարոն Առաքելյան, երեկ Ադրբեջանը հերթական ագրեսիան է սանձազերծել՝ այս անգամ արդեն հայ-ադրբեջանական սահմանին: Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, և միջազգային հնարավոր ինչպիսի՞ արձագանք սպասենք:

-Սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման պատճառները բազմաշերտ են։ Դա վերջին տարիներին Ադրբեջանի ներքաղաքական, ներկլանային զարգացումների, համավարակով պայմանավորված նաև սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների արդյունք է։ Ալիևը, ներքաղաքական և սոցիալ-տնտեսական բացասական զարգացումների ֆոնին, փորձում է հասարակության ուշադրությունը շեղել հայկական ճակատում հնարավոր ձեռքբերումներով։ Նման գործելաոճին մենք բազմիցս ականատես ենք եղել։ Բայց, ինչպես հայաստանյան որոշ այսպես կոչված  ընդդիմադիր հատված, այնպես էլ ադրբեջանական իշխանությունները այդպես էլ խորությամբ չհասկացան Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բովանդակությունը և՛ հասարակական-քաղաքական կյանքում, և՛ ռազմաքաղաքական հարաբերություններում։ Երկուսի դեպքում էլ ֆիասկոն անխուսափելի է։

Իսկ թե ինչու հենց Տավուշի հատվածում, ապա, ըստ իս, այդ հարցի պատասխանն ինչ-որ առումով կարող ենք գտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջերս տված հարցազրույցի այն հատվածում, որտեղ նա հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածի հարաբերական անդորրը պայմանավորում էր նրանով, որ հայերը սահմանի երկայնքով տեղադրել են տեսադիտարկման սարքեր և հետ նահանջել և, որ ադրբեջանական դիրքերի անմիջապես ետևում բնակավայրեր են, իսկ արցախյան հատվածում հայերն ունեն չբնակեցված պաշտպանական խորություն, ինչն էլ սահմանափակում է ադրբեջանական գործողությունները։

Տավուշի տվյալ հատվածն, այդ առումով, կարծում եմ, նրանք դիտարկել են ավելի նպաստավոր դիվերսիայի և հարձակման համար։ Իսկ միջազգային հանրության արձագանքից մեծ սպասելիքներ չունեմ։ Կհնչեն հերթապահ հայտարարություններ։ Այստեղ կարևոր է մեր պատկան մարմինների կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին իրավիճակի օպերատիվ ներկայացումը և տեղեկատվական դաշտում չպարտվելը։ Հաջորդ կառույցը, որն ինձ համար որոշակի հետաքրքրություն է ներկայացնում, դա ՀԱՊԿ-ն է, որն այս անգամ հուսով եմ  կկատարի ռազմաքաղաքական դաշինքի իր պարտավորությունները և հանդես կգա դաշնակցի նկատմամբ ագրեսիան դատապարտող հայտարարությամբ։

Ընդդիմությունը իշխանական խմբակցությանը մեղադրում է արտակարգ դրությունը միտումնավոր երկարաձգելու մեջ, որի նպատակը ըստ նրանց, հնարավոր բողոքի ցույցերը կանխելն է: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այն շրջանակներին, որոնց Դուք անվանում եք ընդդիմություն, ես պայմանականորեն այդպիսին կհամարեմ։ Դրանք գաղափարական առումով սնանկ, կվազիքաղաքական խմբեր են, որոնց միավորում են անցյալի ընդհանրությունը և սեփական հիվանդ ամբիցիաները։ Այն փաստը, որ այդ ուժերն իրենց նպատակներին հասնելու համար, որպես միջոց օգտագործեցին համավարակը, խոսում է ոչ միայն նրանց գաղախարական սնանկության, այլև բարոյական նկարագրի մասին։ Ես չեմ բացառում, որ նույն այդ շրջանակներն իրենց հակապետական օրակարգը սպասարկելու համար օգտագործեն նաև այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները։ Ի դեպ, այդ շրջանակներին մերձ տարբեր անհատներ սոցցանցերում արդեն սկսել են նման գործողություններ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ թե ընդդիմության , այլ ընդդիմության քողի տակ գործող, պետության ու հասարակության շահերի հետ որևէ աղերս չունեցող ռևանշիստական խառնամբոխի հետ։ Վերջին ամսվա, թեկուզ, սակավաթիվ բողոքի միջոցառումները՝ հայտնի իրադարձությունների հետ կապված,  ցույց տվեցին, որ այդ մարդիկ թքած ունեն նույնիսկ իրենց փոքրավաթիվ համախոհների առողջության վրա։ Արդյունքներին մենք ականատես եղանք։

Արտակարգ դրության երկարաձգման նպատակահարմարությունը որոշում է կառավարությունը և ըստ այդմ կայացնում որոշում։ Այդ ուժերը բողոքի լայնամասշտաբ գործողություններ անելու հնարավորության բացակայությունը պատճառաբանում են արտակարգ դրության ռեժիմով, բայց համոզված եղեք, առաջիկայում այդ ռեժիմը կվերացվի ու մենք ականատես կլինենք, որ վերը նշված ուժերը նույնիսկ 500 մարդ չեն կարողանա հավաքել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է քաղաքական նոր շարժում սկսել, ըստ Ձեզ՝ ո՞ր քաղաքական ուժերը կաջակցեն նրան, և ի՞նչ հեռանկարներ կարող է այդ ամենը ունենալ:

-Նախ, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է օտարերկրյա պետական կորպորոցիայի տնօրենների խորհրդի անդամ, ըստ էության, հանդիսանում է երրորդ երկրի պետական շահի սպասարկողը և ես ցավով եմ փաստում, որ ՀՀ օրենսդրությունը մինչ այսօր ունի մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող նման բացեր և չի արգելում երրորդ երկրների պետական պաշտոնյաներին Հայաստանում զբաղվել քաղաքական-հասարակական գործունեությամբ։ Ի դեպ, ես ինքս առաջիկայում նման նախաձեռնությամբ հանդես կգամ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ նոր քաղաքական շարժում սկսելուն, ապա դա ինձ քիչ է հետաքրքրում, քանզի Հայաստանում Քոչարյանը ունի զրո աջակցություն, իսկ նրա շահառուների շրջանակը պարզ է, դրանք վերևում նշված ռևանշի ձգտող խառնամբոխն է՝ իրենց զրո հանրային աջակցությամբ։ Հետևաբար, պարզ թվաբանական հաշվարկը ցույց է տալիս, որ զրո+զրո=զրո։ Խնդիրն այլ հարթությունում է․  այս ուժերն ու անհատներն ընդդիմության անվան տակ գործում են ընդդեմ պետության՝ որպես ‹‹հինգերորդ շարասյուն››։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր վերջին հայտարարության մեջ նշում է, որ նա բազմիցս եղել է զանգվածների և իշխանության միջև բալանսավորող կամուրջ, ի՞նչ կասեք այդ մասին

-Նախ, նման արտահայտություն անելիս, Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ անկեղծ չի գտնվել։ ԲՀԿ-ին իր ստեղծված օրվանից վերապահվել է բուֆերի՝ անվտանգության բարձիկի դեր նախկին իշխանությունների համար ժողովրդի հետ հարաբերություններում։ Իսկ եթե ԲՀԿ-ն եղել է երբևէ կամուրջ, ապա դա եղել է կամուրջ ոչ թե իշխանության ու ժողովրդի, այլ ԲՀԿ-ի ու իշխանության միջև, որտեղով անցուդարձը փակ է եղել հենց ժողովրդի համար։ ԲՀԿ-ից կերտվել է թվացյալ ընդդիմադիր կերպար, որի միջոցով իշխանությունները հնարավորինս զսպել են հանրային ընդվզումներն, իսկ կարևոր պահերին ԲՀԿ-ն օգտագործել են իրենց համար կարևոր որոշումների լեգիտիմությունը ապահովելու համար։ Դրա վառ օրինակ էր 2014-ին ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածից հետո նրան կրկին քաղաքական դաշտ բերելը։ Ինչու՞ դա արվեց․ որովհետև նախկին իշխանություններին անհրաժեշտ էր սահմանադրություն փոխել և հավերժացնել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ԲՀԿ-ն իր կվազի ընդդիմադիր կերպարով և բուֆերի դերակատարմամբ։ Ինչպես գիտենք, ԲՀԿ-ն, չնայած ՀՀԿ-ից ստացած նսեմացուցիչ հարվածին, համաձայնեց կրկին նման դեր ստանձնել, համագործակցել ՀՀԿ-ի հետ և պաշտպանել իշխանության բռնազավթմանը միտված սահմանադրական փոփոխությունները։

Իսկ ինչ վերաբերում է իշխանության և ժողովրդի միջև կամուրջ լինելուն, ապա այստեղ նրանք անհամեստ են գտնվում և գերագնահատում են իրենց հնարավորությունները։ Գոնե ներկայիս իշխանությունը նման կամրջի կարիք չունի, քանզի վերջին երկու տասնամյակների ամենալեգիտիմ իշխանությունն է ընտրված նույն այդ ժողովրդի կողմից, հետևաբար ժողովրդի ու ժողովրդի միջև կամուրջներ կապել պետք չէ։ Հակառակը, հենց ԲՀԿ-ն կամուրջի կարիք ունի իր և ժողովրդի միջև՝ անցյալը վերաիմաստավորելու և ապագան պատկերացնելու համար։

Այսօր քաղաքական դաշտը բաժանվել է սևերի և սպիտակների, սակայն կան քաղաքական ուժեր, որոնք նշում են, որ չեն ցանկանում տեղավորվել սևերի կամ սպիտակների տրամաբանության մեջ և նրանք երրորդ կամ այլընտրանքային ճանապարհ են, խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությանը, ի՞նչ եք կարծում, ո՞րն է այսօր այդ երրորդ ճանապարհը:

-Ես չեմ կարծում, որ հայաստանյան քաղաքական դաշտում  կան սևեր և սպիտակներ։ Եթե ինչ-որ ուժեր և անհատներ իրենց սև են համարում, ապա դա իրենց խնդիրն է, կարծում եմ այստեղ գործ ունեն անելու հոգեբանները։

Կան նախկին քրեաօլիգարխիկ, կոռումպացված իշխանության շահերը սպասարկող, ռևանշիստական խմբեր և անհատներ, որոնք փորձում են  տեղավորվել ընդդիմադիրի կերպարում՝ այդպիսով վարկաբեկելով նաև ընդդիմության գաղափարը։ Սա վտանգավոր է հեռանկարի և իրական ընդդիմություն ունենալու տեսանկյունից, քանզի հասարակությունը սկսում է ասոցացնել ընդդիմությունը քրեաօլիգարխիկ համակարգի և կերպարների հետ։ Եթե նախկինում մենք խնդիր ունեինք իշխանությունը մաքրել քրեաօլիգարխիկ և կոռումպացված տարրերից, ապա այսօր նման խնդիր կա ընդդիմադիր դաշտում։

Ինչ վերաբերում է ‹‹Լուսավոր հայաստանի›› հռչակած երրորդ ուղուն, ապա պետք է նշեմ, որ այսօրվա լեգիտիմ իշխանության ընդդիմությունը կարող է լինել բացառապես այլընտրանք քրեաօլիգարխիկ ընդդիմության, այլ ոչ թե լեգիտիմ և ժողովրդավարական իշխանության։ Իսկ թե ԼՀԿ-ն այս տեսանկյունից առաջիկա տարիներին ինչպես կդրսևորի իրեն, ցույց կտա ժամանակը։

Ձեր կանխատեսումներով՝ մոտ ապագայում քաղաքական դաշտում կարո՞ղ է ձևավորվել ռեալ ընդդիմադիր շարժում, որը վտանգ կներկայացնի իշխանությունների համար:

-Ես համոզված եմ՝ իրական, գաղախարական ընդդիմությունը երբեք չի կարող որևէ ժողովրդավարական իշխանության համար։ Ավելին, այն կուժեղացնի իշխանությանն ու կստիպի ավելի արդյունավետ աշխատել։ Համոզված եմ՝ Հայաստանի իրական ընդդիմությունը դեռ ապագայում է ծնվելու, այսօր կարող ենք տեսնել որոշակի սաղմեր ու բջիջներ, որը մեզ թույլ չի տալիս այդ ընդդիմության մասին ամբողջական պատկերացում կազմել։ Մի բանում վստահ եմ, դա չի լինելու ներկայիս մարգինալ քրեաօլիգարխիկ կեղծ ընդդիմադիր հատվածը։ Ապագա ընդդիմությունը լինելու է հեղափոխության ու նրա արժեքների գաղափարական կրողը և ազատ ու ժողովրդավար Հայաստանի ջատագով ընդդիմությունը, որը ոչ թե կսպասարկի երրորդ երկրների այլ Հայաստանի ու նրա քաղաքացիների շահերը։ Մեզ համար կարևոր է ներքին համախմբումը իշխանությունների և բանակի շուրջ:

Հարցազրույցը վարեց Նելլի Խաչատրյանը

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս