X
Մենք սոց. ցանցերում

Էդգար Կոստանդյան «ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ»․ #3 բիլիարդ

Ձեզ ենք ներկայացնում Էդգար Կոստանդյանի «ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ» վեպի հաջորդ հատվածը․

Նախորդ հատվածներն՝ այստեղ և այստեղ։

#3 բիլիարդ

Սայլակավորը երկու շաբաթից դադարեցրեց հացադուլը: Ահագին նիհարել, տեսքի էր եկել: Նրա` կենտրոնական հրապարակից հեռանալու պահն իսկական իրադարձություն էր բոլորի համար: Լրագրողական խմբերն ու ցուցարարներն, իրար հերթ չտալով, զրուցում ու մտքեր էին փոխանակում նրա հետ: Սայլակը մինչև մեքենան վարելու «պատիվը» տրվել էր երիտասարդ ցուցարարներից մեկին, ու էդ տղան այնպիսի ոգևորությամբ ու հպարտությամբ էր կատարում իր գործն, ասես սայլակին Նապոլեոնն էր նստած: Ամբոխը Սայլակավորին ուղեկցեց մինչև մեքենան, ինքն էլ, առաջնորդի հայացքը դեմքին, վերցրեց բարձրախոսն ու երիտասարդներին կոչ արեց ոչ մի դեպքում չլքել հրապարակը, նաև խոստացավ երկու-երեք օր հետո դարձյալ միանալ նրանց: Ասաց, որ այդ մի քանի օրերը կազդուրվելու համար են հարկավոր:

Նարեի պատրաստած թունդ սուրճը միանգամից ու վերջնականապես արթնացրեց Ավոյին: Լոգանք ընդունեց, հագնվեց ու կնոջն ասաց, որ աշխատանքի հետ կապված կարևոր հանդիպում ունի: Ժանեթի հետ հանդիպման գնալուց էլ էր նույն բանն ասում, բայց այս անգամ հանդիպումն իսկապես գործնական էր: Նախորդ օրը, երբ Ավոն սուրճ էր խմում իր լրագրող ընկերներից մեկի հետ, մի տարօրինակ զանգ ստացավ: Զանգողն, ուրեմն, չափից ավելի հարուստ մեկն էր, ով արդեն երրորդ անգամ ընտրվել էր պատգամավոր, ընդ որում, վերջին երկու անգամները` իշխող կուսակցության ցուցակով: Նա որոշել էր չտարբերվել իր գործընկերների մեծամասնությունից և վայելում էր հասարակության լայն շերտերի բացարձակ նողկանքը: Դա, իհարկե, սովորական բան էր նրա համար, առօրյայի անբաժանելի մաս: Հետաքրքիր նախասիրություններ ուներ, որոնք տարիների ընթացքում նույնն էին մնացել ու չէին կրել անգամ չնչին փոփոխություն: Դրանցից գլխավորները երեքն էին` բիլիարդ խաղալ, զբաղվել որսորդությամբ և ծեծել լրագրողներին: Ավոն, երբ մտաբերում էր իր որոշ կոլեգաների, հաճախ ներքուստ համաձայնում էր պատգամավորի երրորդ նախասիրության հետ: Վերջին անգամ հանդիպել էին երեք տարի առաջ հայրենի խորհրդարանի շենքում, որտեղ ազգընտիրներն ամանորյա ընդունելություն էին կազմակերպել լրագրողների համար, նույնիսկ այն լրագրողների, որոնց հաճախ ծեծում են: Այդ ընդունելության ժամանակ Ավոն ու պատգամավորը միմյանց ձեռք սեղմեցին, հարցրին մեկը մյուսի որպիսությունը, և այդքանով ավարտվեց նրանց` դեռ չսկսված հանդիպումը:
Ավոն չճանաչեց պատգամավորի ձայնն այնքան ժամանակ, մինչև զանգողը չներկայացավ: Պատգամավորն ասաց, որ կարևոր գործ կա Ավոյի հետ, բայց հեռախոսի բան չէ, ու լավ կլինի` էնպիսի տեղ հանդիպեն, որտեղ ավելորդ աչքեր ու ականջներ չկան: Ավոն չգիտեր` պատգամավորի գործն իսկապես կարևոր էր, թե էդպես ասաց, որ արհեստական լրջություն ու կարևորություն հաղորդի հանդիպմանը, բայց ամեն դեպքում ընդունեց առաջարկը: Պայմանավորվեցին հանդիպել քաղաքի ծայրամասում գտնվող մի ռեստորանում ուղիղ երեքին:

Ավոյի ու պատգամավորի ծանոթության պատճառը, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե Ավոյի մասնագիտությունն էր, այլ պատգամավորի` բիլիարդի հանդեպ հատուկ վերաբերմունքը: Ավոյի հայրական տան բակից ոչ այնքան հեռու գտնվող մի կիսանկուղայինում Տերտերը բիլիարդանոց էր բացել: Բիլիարդանոցն ուներ մի ընդհանուր սրահ, որտեղ չորս խաղասեղան էր դրված, և երկու առանձնասենյակ` մեկական խաղասեղաններով: Առանձնասենյակ զբաղեցնելը երկու անգամ ավելի թանկ արժեր, քան ընդհանուր սրահում խաղալը: Այդ ժամանակ Ավոն երրորդ կուրսում էր սովորում և քանի որ իրեն հասուն տղամարդ էր կարծում ու մոր հաշվին ապրելը համարում էր անպատվաբեր, Տերտերին խնդրեց բիլիարդանոցում մի աշխատանք գտնել իր համար: Գործը բարդ չէր, նշում էր, թե ով որ ժամին է զբաղեցրել բիլիարդի սեղանը, և ով ինչ է պատվիրել բարից:
Մի երեկո, երբ դրսում զզվելի եղանակ էր` փոշոտ անձրև ու մառախուղ, և հաճախորդ էլ առանձնապես չունեին (չնայած այդպիսի եղանակին նրանց մոտ ասեղ գցելու տեղ սովորաբար չէր լինում), ներս մտան վեց կամ յոթ տղամարդ, որոնցից երկուսը` մոտ հիսուն տարեկան և ավելի դոմինանտ շարժուձևով, քան չորս կամ հինգ երիտասարդները: Այդ երկուսից մեկը պատգամավորն էր, որի անունն անգամ չէր լսել Ավոն, ուր մնաց` դեմքով ճանաչեր: Մյուսը, դժվար էր կռահել` նրա ընկերն էր, թե գործընկերը, գուցե ոչ մեկը, ոչ` մյուսը: Քիչ անց Ավոն հասկացավ, որ մնացած չորսը կամ հինգը սրանցից մեկի կամ գուցե երկուսի թիկնապահներն են: Պատգամավորն ու նրա ընկերը (կամ գործընկերը, գուցե ոչ մեկը, ոչ մյուսը) մտան առանձնասենյակ: Թիկնապահներից մեկը մոտեցավ վաճառասեղանին և մի շիշ հինգաստղանի «Արարատ» կոնյակ պատվիրեց, ու երբ Ավոն ասաց, որ մատուցողուհու հետ կուղարկի առանձնասենյակ, թիկնապահն ընդդիմացավ` պնդելով, որ ինքը կտանի: Ավոն կոնյակի փակ շիշն ու երկու բաժակները դրեց սկուտեղի վրա և փոխանցեց նրան: Երիտասարդը մտավ առանձնասենյակ, մի քանի վայրկյանից դուրս եկավ և դատարկ սկուտեղը դրեց վաճառասեղանին: Ավոն չորս կամ հինգ թիկնապահներին ասաց, որ կարող են բիլիարդ խաղալ, բայց նրանցից մեկը (ոչ նա, ով տարավ կոնյակը) ձեռքով շնորհակալության նշան արեց ու ասաց` «լավ ա, ախպե´ր»: Քիչ անց մատուցողուհու հետ նրանց սուրճ ուղարկեց, մի տեսակ ճնշող էր, որ նստել էին ու ոչ մի գործողություն չէին անում: Մոտ մի ժամից պատգամավորն ու իր ընկերը (կամ գործընկերը, գուցե ոչ մեկը, ոչ մյուսը) դուրս եկան առանձնասենյակից, ու այդ պահը համընկավ Տերտերի բիլիարդանոց մտնելու հետ: Թիկնապահներից մեկը (ոչ նա, ով կոնյակը տարավ, և ոչ էլ նա, ով ձեռքով շնորհակալության նշան արեց), երկու քսանհազարանոց դրեց վաճառասեղանին (չնայած նրանց հաշիվը տասնմեկ-տասներկու հազար էր կազմել), ու դուրս եկան: Տերտերն ասաց, որ առանձնասենյակում խաղացող երկու տղամարդկանցից մեկը պատգամավոր է, մյուսը` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա: Ավոյի համար ոչ այդքան կարևոր, բայց ամեն դեպքում հետաքրքիր տեղեկություն էր: Այդ օրվանից մեկ շաբաթ էր անցել կամ ավելի քիչ (գուցե մի փոքր շատ), երբ բիլիարդանոց եկավ թիկնապահներից մեկը (նա, ով կոնյակը տարավ) և հարցրեց, թե որքան պիտի վճարի, որ բիլիարդանոցը մի քանի ժամով փակեն: Երբ Ավոն հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի` փակել ասելով, երիտասարդն ասաց, որ իր շեֆը երեկոյան ուզում է գալ բիլիարդ խաղալու, ուզում է նաև, որ աշխատողներից բացի` ոչ ոք չլինի: Ավոն նրան խնդրեց սպասել ու մտավ առանձնասենյակներից մեկը, որտեղ Տերտերը մի ծանոթի հետ բիլիարդ էր խաղում: «Կասես` ոչ մի բան էլ պետք չի,- կարգադրեց Տերտերը,- սրանք պարտքի տակ մնացող տղերք չեն, համ էլ պետքական մարդիկ են»: Երբ Ավոն փոխանցեց Տերտերի ասածը, թիկնապահը խնդրեց, որ երեկոյան իննին ոչ մի հաճախորդ չլինի, իսկ բարում անպայման հինգաստղանի «Արարատ» ունենան, որովհետև շեֆն ուրիշ կոնյակ չի խմում: Իրենց ասած ժամին պատգամավորն ու թիկնապահը ներս մտան, և միայն այդ պահին Ավոն համոզվեց, որ թիկնապահը «պատկանում է» ոչ թե ոստիկանության պաշտոնյային, այլ պատգամավորին: Իմացավ նաև, որ ոստիկանության պաշտոնյան կոչումով գնդապետ է, որովհետև ներս մտնելուց և իրեն ու Տերտերին գլխով բարևելուց հետո, պատգամավորը թիկնապահին հարցրեց` «բա էս պալկովնիկն ինչի՞ հլը ստեղ չի»: Գնդապետը, սակայն, երկար սպասեցնել չտվեց: Երկու-երեք րոպեից ժամանեց: Նա նույնպես ընդամենը մեկ թիկնապահի ուղեկցությամբ էր եկել: Այս անգամ, փաստորեն, այրերն իրենց համեստ էին դրսևորել: Պատգամավորն ու գնդապետը մտան առանձնասենյակ, թիկնապահներն այս անգամ որոշեցին բիլիարդ խաղալ, և Ավոն իր կյանքում առաջին անգամ հանդիպեց իրենից ավելի վատ բիլիարդ խաղացող մարդու, մեկի փոխարեն` երկուսին: Նրանց կի բռնելու ձևից ծիծաղը հազիվ էր զսպում: Մոլորակի ամենավատ բիլիարդ խաղացողը ծիծաղում էր ինչ-որ մեկի վատ բիլիարդ խաղալու վրա: Այրերի բիլիարդն այդ անգամ կարճ տևեց. նրանք դուրս եկան առանձնասենյակից մոտ քսան րոպեից: Պատգամավորի թիկնապահը գրպանից հանեց փողերի կապոցը, հաշվեց հինգ հատ քսանհազարանոց, դրեց վաճառասեղանին ու վազելով հասավ տիրոջը, որն արդեն դուրս էր եկել սրահից: Մատուցողուհին բերեց կոնյակի շիշը, որ նույնիսկ չէին էլ բացել: Դա, իհարկե, նրանց ուղարկեցին հաջորդ անգամ: Այդպիսի «հաջորդ անգամներ» շատ եղան, պատգամավորի ու գնդապետի այցելությունները սկսեցին հաճախակի բնույթ կրել, մոտավորապես` շաբաթը մեկ, երբեմն նաև երկու անգամ: Մի քանի ժամ շուտ պատգամավորի թիկնապահը գալիս էր, թողնում հարյուր հազար դրամ և պատվիրում, որ երեկոյան ոչ ոք չլինի բիլիարդանոցում: Ավոյենց, բնականաբար, ձեռնտու էր, որովհետև սովորական օրերին ամբողջ երեկոյի ընթացքում քսան-երեսուն հազար դրամ հազիվ էր շրջանառվում: Ավոյին հետաքրքիր էր` որն է պատճառը, որ փակում են բիլիարդանոցը, մանավանդ, որ առանձնասենյակում են խաղում: Համոզված էր, որ դա սովորական ցուցամոլություն չէր: Վստահ էր, որ այդ ամենն ինչ-որ լուրջ, ծանրակշիռ հիմնավորում ուներ: Բազմաթիվ տարբերակներ ու վարկածներ գցել-բռնելուց հետո կանգ առավ ամենախելամիտ տարբերակի վրա. հավանաբար, սրանք ինչ-որ մութ (կամ ոչ այդքան) գործեր ունեն, որոնց մասին պիտի պարբերաբար զրուցեն և ինչ-որ բաներ քննարկեն, ու քանի որ երկուսն էլ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, իսկ իրենց գործերն, ամենայն հավանականությամբ, հակաօրինական, ստիպված քողարկվում են. բիլիարդ խաղալու պատրվակով գալիս են ու քննարկում իրենց հարցերը: Հետո սկսեց թերահավատորեն մոտենալ այս տարբերակին, քանի որ ոչ մի անգամ նրանց թիկնապահներից ոչ ոք չի մտել առանձնասենյակ նրանցից առաջ: Չէ՞ որ այնտեղ կարող էին գաղտնալսող սարքեր լինել: Գուցե երկար շարունակեր դետեկտիվներ հորինել ինքն իր համար, եթե մի հերթական օր, երբ այդ երկուսը խաղում էին առանձնասենյակում, Տերտերը նրան դուրս չկանչեր: Երբ դուրս եկան, ասաց, որ չէր ուզում թիկնապահների ներկայությամբ խոսել: Ուրվական տեսածի դեմքով նայում էր Ավոյին ու նյարդային ծխում: Երբ մի փոքր շունչ առավ, պատմեց, որ տեսել է, թե ոնց են նրանք փողի վրա բիլիարդ խաղում, այն էլ` մեծ, շատ մեծ փողերի:
— Մի տոպրակ հարյուր դոլարանոց էր դրած սեղանին,- ասաց,- ոնց որ դեպուտատն էր կրել:
— Հա, ի՞նչ անենք, դու ինչի՞ համար ես դարդ անում:
— Չե՞ս հասկանում,- ավելի բորբոքվեց,- ղումար են խաղում:
— Խաղում են`խաղան,- նույն հանգստությամբ ու հանդարտությամբ շարունակեց Ավոն,- մեզ ի՞նչ:
— Դու բո՞ւթ ես,- վերջնականապես հունից դուրս եկավ Տերտերը,- եթե իմանան, սա մեծ պատմություն կդառնա, գիտե՞ս` ինչ թվեր կտուգանեն, էլ չեմ ասում, որ կարող ա բռնեն:
— Ուրեմն, ոստիկանության գնդապետը գրազ խաղա, մե՞զ բռնեն,- ծիծաղեց Ավոն, հետո ավելացրեց,- լսի, եթե ես ու դու գնանք որևէ սրճարան, գարեջուր խմենք, բայց գրազով, թե ով ավելի շատ կխմի, դրա համար պիտի սրճարանի տիրոջը տուգանեն կամ բռնե՞ն:
Տերտերն ահագին հանգստացավ, ոչ այնքան գարեջուր խմելու գուցե անհաջող օրինակից, որքան այն հանգամանքից, որ գրազ խաղացողը ոստիկանության կարևոր պաշտոնյա է:
Պատգամավորի ու գնդապետի այցելությունները շարունակվեցին ևս երկու ամիս, մինչև վերջին չարաբաստիկ այցելության օրը: Այդ օրը նրանց բիլիարդանոց գալու ձևաչափը, մեղմ ասած, տարբերվում էր նախորդ բոլոր անգամներից: Երեք շատ տարօրինակ հանգամանք կար, որ Ավոն չէր կարող չնկատել: Նախ այն, որ թիկնապահներն իրենց չէին զգուշացրել գալու մասին և չէին փակել բիլիարդանոցը: Երկրորդ` պատգամավորն ու գնդապետը եկել էին ցերեկվա մեկին (նրանք միշտ գալիս էին երեկոյան իննից ոչ շուտ): Իսկ ամենատարօրինակն այն էր, որ նրանք եկել էին առանց թիկնապահների: Բոլոր առանձնասենյակներն զբաղված էին, իսկ ընդհանուր սրահում, հաստատ, չէին խաղա:
— Մեր կուպեն ազա՞տ ա, ախպե´րս,- հարցրեց պատգամավորը:
— Ճիշտն ասած` բոլոր առանձնասենյակներն զբաղված են:
— Բա հիմի ի՞նչ անենք, հելնենք-գնա՞նք:
— Ձեր գալուց առաջ միշտ նախապես տեղեկացնում են, տեղյակ չէինք, որ գալու եք,- ասաց Ավոն` ինքն էլ չհասկանալով, թե ինչու պիտի արդարանա:
— Ախպե´րս, ձև արա, մի հատ կուպե ազատի էլի,- շարունակեց համառել պատգամավորը:
Հաշվի առնելով, որ շաբաթը մեկ կամ երկու անգամ գրեթե ոչնչի դիմաց հարյուր հազար տվող հաճախորդներին նեղացնելը ոչ այլ ինչ է, քան տարրական հիմարություն, Ավոն գնաց առանձնասենյակ` խնդրելու ծանոթ հաճախորդներին տեղափոխվել ընդհանուր սրահ և ասելու, որ այդ օրվա խաղի համար կարող են չվճարել, բայց ճակատագիրն առատաձեռն գտնվեց: Երբ մտավ առանձնասենյակ, տղաներն արդեն իրենց վերարկուներն էին հագնում, որ դուրս գան: Պատգամավորին, իհարկե, այլ կերպ ներկայացրեց, իբր հատուկ իրենց համար է ազատել առանձնասենյակը, նա էլ իր «բարձունքից» ասաց` «գոհ եմ, ախպե´ր»: Ընդհանրապես, էս տեսակի մարդիկ երբեք չեն ասում` շնորհակալություն, նրանք միշտ ասում են` գոհ եմ: Դա երևի նրանից է, որ կարծում են` բոլորը պարտավոր են իրենց գոհացնել: Պատգամավորն ու գնդապետը սովորաբար մեկից մեկ ու կես ժամ էին մնում բիլիարդանոցում, ընդամենը մի անգամ էր եղել, որ երկու ժամ խաղացել էին, բայց այդ անգամ, այդ չարաբաստիկ վերջին անգամը նախորդ օրերից անհամեմատ երկար մնացին: Արդեն չորս ժամից ավելի այնտեղ էին: Միայն մի անգամ պատգամավորը դուրս եկավ, գնաց զուգարան, հետո Ավոյին ասաց, որ էլի կոնյակ ուղարկի: Նախկինում երբեք նրանք երկրորդ շիշը չէին պատվիրել, անգամ առաջինը չէին դատարկել: Տարօրինակությունների շղթան, փաստորեն, շարունակվում էր: Երկրորդ շիշն ուղարկելուց մոտ կես ժամ հետո, երբ Տերտերն էլ էր եկել արդեն, առանձնասենյակի կողմից աղմուկ լսվեց ու մի քանի հայհոյանք: Նրանց, անշուշտ, հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում ներսում, բայց ստիպված էին երաժշտության ձայնը բարձրացնել, որ սրահի հաճախորդները չլսեն պետական այրերի հիշոցները: Քիչ անց, սակայն, երաժշտությունն էլ ի զորու չէր խլացնել նրանց ձայները: Որոշեցին երկու-երեք րոպե էլ համբերել, ու եթե չդադարի աղմուկը, մտնել ներս: Այդ երկու րոպեն դեռ չէր անցել, երբ առանձնասենյակից սաստիկ ձայն լսվեց ու բղավոց: Ավոն ու Տերտերը ներս վազեցին: Գնդապետն ընկած էր հատակին` գլուխն ամբողջովին արյան մեջ կորած, պատգամավորը կանգնած էր նրա գլխավերևում` կոնյակի կոտրված շիշը ձեռքին: Նա մի քանի վայրկյան այդպես արձանացած մնաց, հետո շիշը գցեց գետնին ու դուրս եկավ, կարծես ոչ մի բան տեղի չէր ունեցել: Տերտերն ուզում էր շտապ օգնություն կանչել, բայց գնդապետը թույլ չտվեց: Միայն խնդրեց իրեն օգնել, որ կանգնի: Ինչ-որ տեղ զանգեց ու ասաց, որ գան իր հետևից: Քիչ անց երկու երիտասարդ եկան, որոնք նախկինում էնտեղ չէին երևացել, ու տարան գնդապետին: Նույն երեկոյան բիլիարդանոց եկավ պատգամավորի թիկնապահը, գրպանից մի ծրար հանեց, տվեց Ավոյին` ասելով, որ դա իրենց կրած վնասի փոխհատուցումն է, ապա հասկացրեց, որ ցերեկը կատարվածի մասին որևէ մեկը չպիտի իմանա: Ծրարի մեջ ահագին փող կար: Տղերքի կրած վնասը, սակայն, գրոշներ էր կազմում`ընդամենը մի կոնյակի շիշ ու մի գնդապետի գլուխ:
Այդ օրվանից հետո նրանցից ոչ մեկը չեկավ բիլիարդանոց, ու հիմա` էս անհեթեթ պատմությունից տասը տարի անց, պատգամավորն, ով այս ընթացքում ոչ մի րոպե չէր դադարել լինել պատգամավոր, զանգահարել էր Ավոյին և խնդրել հանդիպել: Ավոն մի առիթով նրան հիշեցրել էր իր ով լինելը, հենց այնպես, խոսքի մեջ: Դրանից հետո պատգամավորը ոչ մի անգամ չէր մերժել Ավոյենց թերթին հարցազրույց տալու խնդրանքներից և ոչ մեկը:

… Ուղիղ երեքին, ուրեմն, Ավոն կանգնած էր մայրաքաղաքի ծայրամասում գտնվող այն ռեստորանի դիմաց, որտեղ պիտի հանդիպեր պատգամավորին: Զանգեց, ասաց, որ տեղում է:
— Հիմի ասեմ` գան քեզ դիմավորեն, ներս տանեն, ես, քարը տրաքի, տասնհինգ րոպեից ըտեղ եմ:
Ռեստորանից մի աշխատող դուրս եկավ և Ավոյին ուղեկցեց մեծ, ընդարձակ մի սենյակ: Ավոն սուրճ խնդրեց:
Պատգամավորի ասած քարը վաղուց «տրաքել» էր, բայց նա դեռ չկար: Եկավ գրեթե չորսին:
— Ներող կըլնես, ախպե´ր ջան, մի քանի հատ մանր-մունր գործ կար, ասի արանքից հանեմ, որ հանգիստ նստենք, խմենք:
Թե որտեղից էր ենթադրել, որ Ավոն ուզում է իր հետ հանգիստ նստել և խմել, անհասկանալի էր, բայց հաշվի առնելով Ավոյի` պարապ մնալուց ձանձրանալը, հեռանկարը նրան դուր եկավ: Մատուցողը ներս եկավ` իմանալու, թե ինչ են պատվիրում, պատգամավորն, առանց նրան նայելու, ասաց` «հլը շեֆիդ ասա` թափով գա, արա´»: Թե ինչու այդքան կոպիտ խոսեց մատուցողի հետ կամ ինչու «պատվիրեց» ռեստորանի տնօրենին, Ավոն չկարողացավ հասկանալ: Տնօրենը կես րոպեից հասավ ու շնչակտուր դիմեց պատգամավորին.
— Կանչե՞լ ես, շե´ֆ ջան:
— Հա´,- ասաց,- մի հատ քո ձևերով սեղան կազմակերպի:
Քիչ անց պիտի պարզվեր, որ «տնօրենի ձևերով սեղանն» իր մեջ ներառում էր բոլոր անասունների մսերից խորոված, ինչ-որ անհասկանալի աղցաններ, դրանցից ավելի անհասկանալի կոմպոտներ ու հինգ տեսակի խմիչք, չնայած նրանք միայն օղի էին խմելու: Պատգամավորը ջանք ու եռանդ չէր խնայում ներկայանալի թվալու համար` չհասկանալով, որ դա իրեն եղածից ավելի ծիծաղելի է դարձնում: Մատուցողը լցրեց բաժակներն ու դուրս եկավ, նրանից անմիջապես հետո եկավ տնօրենն ու հարցրեց` «ամեն ինչ նորմա՞լ ա, շե´ֆ ջան», պատգամավորն էլ պատասխանելու փոխարեն հրահանգեց, որ ոչ ոք ներս չմտնի, մինչև ինքը չկանչի:
— Ինչի՞ ա ռեստորանի տնօրենը քեզ շեֆ ասում,- տնօրենի դուրս գալուց հետո հետաքրքրվեց Ավոն:
— Բա իմ օբյեկտն ա, հո քեզ շեֆ չի ասելու,- միջին վիճակագրական ռեստորանատեր պատգամավորի ձայնով հռհռաց, վերցրեց բաժակն ու ասաց` «բարով տեսանք»:
Երկու-երեք րոպեն մեկ պատգամավորը լցնում էր բաժակները, ինչ-որ ստանդարտ, երբեմն անգամ գործածությունից դուրս եկած կենացներ էր ասում, ու խմում էին: Ոչ մի խոսք իր ասած շատ կարևոր և գաղտնի գործի մասին: «Հող ու ջրի» կենացից հետո Ավոն մի ծխախոտ վառեց ու ասաց.
— Ինչի՞ համար ես կանչել:
Պատգամավորը մի ծխախոտ վերցրեց Ավոյի ծխախոտատուփից, ասաց, որ ծխելը թողել է, բայց սիրտն ուզեց:
— Ինչի՞ համար ես կանչել,- կրկնեց Ավոն:
— Լսել եմ` գործից հանել են քեզ:
— Դա բոլորն են լսել:
— Լավ չի էլի, ախպե´ր, լավ չի, որ քեզ նման մասնագետներն առանց աշխատանքի են մնում:
— Կանչել ես` մխիթարե՞ս:
— Չէ´, Ավո´ ջան, կանչել եմ` աշխատանք առաջարկեմ:
Ավոն ծիծաղեց:
— Ինչի՞ ես խնդում, ախպե´ր, լուրջ գործի համար եմ կանչել:
— Չլինի՞ ուզում ես` ռեստորանումդ մենեջեր նշանակես:
— Չէ´, ախպե´ր ջան, ուզում եմ թերթումս գլխավոր խմբագիր նշանակեմ:
Ավոյին սկզբում թվաց, թե ինչ-որ բան սխալ է լսել:
— Թերթո՞ւմ:
— Հա´, ախպե´ր, նոր թերթ եմ բացում: Լրիվ արած ա, մնում ա` դու քո համաձայնությունը տաս, սկսենք:
— Ի՞նչը սկսենք:
— Սկսենք տպել, ախպե´ր: Մնում ա` դու ասես, թե քեզ ինչ ա պետք, ով ա պետք, քանի աշխատող ա պետք: Ես քեզ վստահում եմ, Ավո´ ջան:
Ավոն ձեռքի նյարդային շարժումով ծխախոտը հանգցրեց մոխրամանի մեջ, երկար նայեց պատգամավորին ու ոչինչ չխոսեց: Պատգամավորը լցրեց բաժակները:
— Ավո´ ջան,- բաժակը ձեռքը վերցնելով` կենացի նման սկսեց,- դու հիմա ինձ ոչ մի բան մի պատասխանի, գնա մտածի, ես քեզ ոչ կրիմինալ եմ առաջարկում, ոչ էլ կասկածելի ինչ-որ բան:
Ավոն կուլ տվեց բաժակի օղին ու ասաց.
— Ինչի՞ համար որոշեցիր, որ հենց ես պիտի լինեմ էդ թերթի խմբագիրը:
— Դե, իմացա, որ գործ չունես հիմա, հետո էլ դու լավ մասնագետ ես: Ում էլ հարցրի, քեզ խորհուրդ տվեցին:
— Ասում ես` կասկածելի ու կրիմինալ ոչինչ չկա, հա՞:
— Չէ´, ա´յ ախպեր, ես օրենքի մարդ եմ, կրիմինալի հետ ի՞նչ գործ ունեմ:
— Դե, քանի որ հաջորդ տարի ընտրություններ են, իսկ դեպուտատ լինելը քեզ մոտ խրոնիկական բնույթ ա կրում, որոշեցիր հիմիկվանից քարոզարշավ սկսել,- Ավոն հեգնական ժպտաց:
Պատգամավորը նորից լցրեց բաժակները:
— Ես քեզ լավ փող կտամ, Ավո´:
— Իմ արժանապատվությունը բիլիարդանոցի կուպե չի, հնարավոր չի վարձել,- ասաց Ավոն, կանգնեց ու կախիչից վերցրեց բաճկոնը:
— Ամեն դեպքում, մի շաբաթից կզանգեմ, դու էդ ընթացքում մտածի:
Ավոն, առանց որևէ բան պատասխանելու, դուրս եկավ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս