X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

Գալյա Նովենցի մտքերը | VNews

Այսօր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է։ Նա կդառնար 83 տարեկան։ Ձեզ ենք ներկայացնում սիրված դերասանուհու մտքերից․

  • Երբ սկսեցի բավականին հաճախ կինոյում նկարահանվել, իմ մեջ ինչ-որ չափով վախը կոտրվեց: 
  • Միշտ սիրով եմ աշխատել: Ջահել էի, ուզում էի անընդհատ նկարահանվել, պատրաստ էի նկարահանվել կամ խաղալ, թեկուզ մասսայական տեսարաններում, միայն թե արվեստի մեջ լինեի, զգայի բեմի հաճույքը, նկարահանման հրապարակի շունչը: Հիմա է, որ ծուլացել եմ, իսկ առաջ միայն դրանով էի ապրում:
  • «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ ես զգացի, որ իմ մեջ ինչ-որ բան փոխվել է, ըստ երևույթին դերը, կերպարը ես շատ սիրեցի և շատ մեծ ցանկություն կար մեջս լավ խաղալու, որովհետև շատ զարմանալի կերպար էր և գունեղ, ու հետաքրքիր խառնվածք ուներ: Ըստ երևույթին այդ մեծ ցանկությունն ինձ օգնեց, ինչ-որ կապանքներից համենայն դեպս ես ազատագրվեցի:
  • Չեմ ուզում խաղալ, անկեղծ եմ ասում, բայց երբ գալիս-տեսնում եմ, ոտքս դնում եմ բեմահարթակին, սիրտս բաբախում է: 
  • Երբ դրսում եմ լինում` հեռու թատրոնից, կինոյից, ասում եմ լավ է` ի՞նչ թատրոն, ի՞նչ կինո, ինձ թվում է, թե չեմ կարոտում, բայց նոր քիչ առաջ մտա թատրոն, տեսա` բեմում փորձ է ընթանում, սիրտս մի տեսակ թրթռաց: Եթե մարդը ապրում է, պետք է շարունակի այն գործը, որը սկսել էր: Շփվի իր կոլեգաների,արվեստի հետ: Թե չէ մենակ մարդն ո՞ւմ է պետք:
  • Մեջս ինչ-որ համարձակություն մտավ, բացի այդ մեծ նշանակություն ուներ նկարահանող խմբի վերաբերմունքն իմ հանդեպ: Օրինակ էպիզոդ էինք նկարահանում: Ես զգում էի, որ բոլորը՝ ասիստենտները, լուսավորողները, ռեժիսորը…բոլորի մոտ գոհունակություն էի զգում, բոլորը դառնում էին հանդիսատես ու ես ամեն օր ոնց-որ նոր թատրոն էի խաղում և նրանք իմ հանդիսատեսն են: Զգում էի, որ բոլորը, վախենում եմ ասել հիանում էին, բայց զգում էի, որ համենայն դեպս դժգոհ չեն: Դա ինձ շատ էր օգնում, այդտեղից իմ համարձակությունը գլուխ բարձրացրեց:
  • Ինձ թվում է ՝ ամեն դերասանուհի կերազի կյանքում մի անգամ էդպիսի դեր խաղա:
  • Որտեղ լինեմ` բեմում, կինոնկարահանման հրապարակում, թե պարզապես ժողովրդի մեջ, միշտ սեր ու նվիրում եմ հաղորդում նրան` վերապրելով բոլոր այն կերպարները, որ խաղացել եմ ու դեռ խաղալու եմ:
  • Թոռնիկներս իմ աջակցության և խնամքի կարիքն ունեն: Ներկա պահին ինչ էլ անում եմ ստիպողաբար եմ անում, վրաս շատ են խոսում` հատկապես ամուսինս, անընդհատ ստիպում է ինձ, որ խաղամ, բայց ես կորցրել եմ շատ թանկագին մարդկանց. իմ հոգեվիճակի հետ պետք է հաշվի նստեմ:
  • Շատ լավ խաղարկային ուղի եմ ունեցել: Խաղընկերներս եղել են հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետներ` Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը: Աշխատել եմ տաղանդավոր ռեժիսորներ` Հենրիկ Մալյանի, Ալբերտ Մկրտչյանի, Ֆրունզե Դովլաթյանի և այլոց հետ: Չնայած քմահաճ չեմ եղել, հարգել եմ ռեժիսորի աշխատանքը, բայց շատ նրբորեն իմը առաջ եմ տարել: 
  • Թատրոնն ուրիշ աշխարհ է, առեղծվածային, կախարդական, շատ եմ սիրում լինել թատրոնում, կանգնել բեմում, տեսնել վարագույրի բացվել-փակվելը: Մարդը, որը գոնե մեկ անգամ թատրոնի բեմում եղել է կհասկանա, որ դա վարակի նման մի բան է` հիվանդանում ես թատրոնով: Չգիտեմ` թատրոնն եմ շատ սիրում, թե կինոն, բայց կինոյում ինձ զգում եմ ինչպես իմ տանը:
  • Տարիների ընթացքում ֆիլմը դարձավ իմ աշխարհը և կենսական պահանջ: Իմ լավագույն դերը Սիրանույշի կերպարն է:
  • Ինչ թվում է, որ երբ մարդը տարիքն առնում է, պիտի էկրանին երևալուց խուսափի: 
  • Ես ծնվել եմ Երևանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, և ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը, որը դերասանուհի էր։ Եվ ահա ես ժառանգեցի նրանց բնատուր հակումները…
  • Մանուկ հասակից սիրում էի շնորհներս ցույց տալ հանդիսատեսի առջև. դպրոցական բեմում, բակային ճամբարներում, թե տանը երգում էի, պարում, նմանակում, մանրապատումներ էի բեմադրում։
  • Մանկության ամենաջերմ ու տպավորիչ հիշողությունը կապված է մեր անհատնում խաղերի հետ։ Տուն էինք վերադառնում կեսգիշերին։ Ու չնայած հետպատերազմյան կարիքին ու թշվառությանը՝ մանկաբար երջանիկ էինք։ Շատ դժվար է մանուկին զրկել երջանկությունից, որովհետեւ նա կարողանում է ձերբազատվել հոգսից և ապրել պահի ուրախությամբ:
  • Եթե ես դերասանուհի չդառնայի ու թատրոնը չսիրեի, չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ մասնագիտություն կընտրեի:
  • Ես և Սիրանուշը շատ նման ենք։ Նա էլ շատ նվիրված էր ընտանիքին, երեխաներին, իր կյանքի դժվար պահերին էլ միշտ պայքարի մեջ է: Նրա բարությունը, միամտությունն ու անկեղծությունն էր ինձ դուր գալիս: Գուցե՞ դա էր պատճառը, որ նրա այդ կերպարն այդքան հարազատ դարձավ ինձ:
  •  Չեմ կարող ապրել առանց թոռնիկներիս, գալիս եմ այստեղ, նրանց եմ կարոտում, գնում եմ այնտեղ, սրանց եմ կարոտում: Ի՞նչ անեմ, իմ կյանքն էլ այդպես դասավորվեց: Սստեղծագործական աշխատանքով զբացվելուց կարևոր գործեր ունեմ անելու:
  • Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ ապրի, միշտ մեր քաղաքում խաղաղություն տիրի: Շատ ազդվել էի վերջին դեպքերից, ես Հայաստանում չէի և այդ ամենը տեսնում էի այնտեղից ու ահավոր ցավ էի ապրում, չգիտեմ մեր ազգին վայել չեն նման բաները: Ես շատ սիրում եմ իմ ժողովրդին և չեմ ուզում, որ այլևս նման բաներ լինեն։ Շուտով ես դարձյալ մեկնում եմ, այնտեղ ինձ սպասում են իմ թոռնիկները, քանի որ նրանք իմ կարիքն ունեն, բայց խոստանում եմ շուտ վերադառնալ, որովհետև առանց հայ հանդիսատեսի սիրո և ջերմության չեմ կարող ապրել:
  • Գիտեք ինձ ինչը շատ օգնեց, նախ ես Գյումրիում ապրել եմ, աշխատել եմ, պարզ է, այդ տարիների ընթացքում շփվել եմ շատ տարբեր խավերի կանանց հետ։ Սա ոնցվոր Գյումրվա հավաքական կերպար լիներ, շատ համով, կոլորիտով (Սիրանույշի մասին):

Նյութը՝ vnews.am:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս