X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Լուսավորը հրապարակում է իր օրակարգը

«Լուսավորը չի կարող լինել սև կամ սպիտակ։ Լուսավորը լուսավոր է»,- ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակացության տարածած հաղորդագրության մեջ, որում հստակեցված է քաղաքական ուժի հետագա ուղենիշները՝ «լուսավորը» չի տեղավորվելու երկու բևեռների միջև ընթացող գործընթացներում և գործելու է իր օրակարգով, քանզի «անբարոյական քաղաքական վաստակը ժամանակավոր է, իսկ բարոյականը՝ տևական»։

Ակնհայտ է՝ հաղորդագրությունն ունի մի քանի հասցեատերեր՝ սևերը, սպիտակները, հանրությունն ու իրենց՝ քաղաքական հետապնդումների զոհի կարգավիճակ վերապահած բարգավաճները։ «Մեզ շատերը չեն հասկանալու ու չեն հասկանալու հատկապես այն ուժերը, որոնք հենց նեղն են ընկնում, նոր են միայն հիշում մեզ հետ համագործակցելու մասին։ Աստված իրենց հետ»,- մեծահոգաբար շեշտում են լուսավորները։

Դիցուք՝ նախկին ռեժիմին հերթական ծառայությունը մատուցելու համար ԲՀԿ-ն փորձեց մոբիլիզացնել նաև ԼՀԿ հնարավորությունները, որը չգիտես՝ ԼՀԿ մտավոր կարողությունները նսեմացնելու, թե՞ այդրոպեական իրավիճակը ռեալ գնահատելու անհրաժեշտությունից էր․․․ Այդուամենայնիվ, հակված ենք մտածել՝ լուսավորները նախընտրեցին թացը չորի հետ չխառնել, մնալ ջրբաժանում և չկորցնել կուսակցական դիմագիծը։

Հաղորդագրության մյուս, ես կասեի հիմնական ուղերձն ուղղված է հանրությանը՝ կուսակցությունը հրաժարվում է կրավորական կեցվածքից և հայտ է ներկայացնում ապագայում իշխանություն ստանձնելու։ Այսինքն՝ փորձ է արվում գրավել այլընտրանքային ընդդիմադիրի թափուր «պաշտոնը», որի մասին խոսում են վերջին օրերին, և ավելի ամրապնդել սեփական դիրքերը քաղաքական համակարգում։

Շատերը թերահավատորեն, նույնիսկ հեգնանքով են նայում նման հայտարարություններին, բայց ժամանակը ցույց է տալիս, որ ոչինչ պետք չէ բացառել, քանի որ օր օրի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր «զզվել են» սևերի ու սպիտակների «կռիվ-կռիվ» հիշեցնող պայքարից և փնտրում են այս ուժերին հակակշիռ։ Կուսակցությունը արձանագրում է՝ ընտրված ուղին դժվար է, բայց գիտակցված, իսկ ասվածի տակ եղածը «ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի»։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս