X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

Թատերական գործիչների միությունը նամակ կգրի ԿԳՄՍ նախարարությանը

Հուլիսի 8-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բացօթյա տարածքում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նիստը:
Նիստի ընթացքում թատերական գործիչներն իրենց մտահոգություններն արտահայտեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև խոսեցին իրենց թատրոններում այս պահին արվող աշխատանքների մասին:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն իր խոսքում նշեց, որ համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործ կոլեկտիվի համար: Ուստի պետք է վիճակից ինչ-որ ձևով դուրս գալու միջոցներ ձեռնարկել: Ղազանչյանը շեշտեց, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում թատրոններն, անշուշտ, իրականացրել են առցանց հեռարձակումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ: Բայց թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ կենդանի հաղորդակցմամբ:
Նիստին ելույթ ունեցան Վանաձորի Հ. Աբելյանի անվ. պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, Երևանի դրամատիկական թատրոնի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, Գ. Սունդուկյանի անվ. Ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Հ. Մալյանի անվ. թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, Երևանի պետական մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանը, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանը, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, Երևանի պետական կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը։
Որոշվեց ՀԹԳՄ նախագահության անունից նամակ-առաջարկով դիմել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, խնդրելով վերջինիս միջնորդությունը պարետատուն՝ թատրոնների ստեղծագործական աշխատանքները, պարետատան կողմից սահմանված անվտանգության բոլոր նորմերը պահպանելով, վերսկսելու համար:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս