X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Տեղեկատվություն ստանալու իրավունքը այս օրերին մարդկանց համար դարձել է առողջ ապրելու և կյանքի իրավունք. Շուշան Դոյդոյան

Հարցազրույց Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ

Տիկին Դոյդոյան, համավարակի օրերին տեղեկատվական տարափը շփոթության մեջ է դնում քաղաքացիներին, որպես Ինֆորմացիայի Ազատության կենտրոնի նախագահ, ի՞նչ խորհուրդներ կտաք այսօր տեղեկատվության սպառողներին: Այնուհանդերձ լինում են հարցեր, որոնց շուրջ մարդիկ ունենում են արժանահավատ  տեղկատվության պակաս, ինչո՞ւմն է  պարադոքսը:

– Այո, հատկապես համավարակի օրերին խիստ կարևորվում է մարդկանց, ստույգ, ժամանակին և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը: Շատ կարևոր է, արպեսզի մարդիկ ամենատարբեր աղբյուրներից տեղեկատվություն սպառելիս նախ ճշտեն՝ որքանով վստահելի են այդ աղբյուրները, այլ ոչ թե առաջին իսկ պատահած տեղեկատվությունը համարեն որպես իրականությանը համապատասխանող և վստահելի: Կարևոր է որպեսզի մարդիկ նաև վստահեն պաշտոնական աղբյուրներին, պաշտոնական կայքերով տարածվող տեղեկություններին, կամ գոնե հասկանան, որ այդ տեղեկությունը բխում է պաշտոնական աղբյուրից, օրինակ՝ այդ մասին խոսել է որևէ փորձագետ կամ պաշտոնատար անձ: Մյուս կողմից էլ կարևոր է,  որպեսզի պետական մարմինները իրենք ժամանակին հրապարակեն իրենց մոտ առկա տվյյալները, որոնք կարող են կանխել հիվանդության ընթացքը կամ անհարկի խուճապը: Ցանկացած տեղեկություն, որը պետությունը թաքցնում է, պարարտ  հող է ստեղծում կեղծ տեղեկությունների տարածման համար:

Քաղաքական դաշտում ներկայացված բոլոր ուժերը դժգոհում են ֆեյքերի մեկնաբանություններից, հայհոյանքներից,  բայց և շատերը շարունակում են օգտվել այդ գործիքակազմից։ Սա ժամանակավոր երևույթ է և կմարի՞ թե ամեն դեպքում պետք է օրենսդրական կամ ջենտլմենական կարգավորում այս հարցի շուրջ:

-Ի՞նչ է ֆեյքը, դա կեղծանուն է, այսինքն մարդը չի ցանկանում իր իրական անուն ազգանունով ներկայանալ, այլ վերցնում է կեղծանուն և փորձում է այդ անվան տակ ներկայանալ, իր կարծիքը հայտնել կամ դիտարկումները այս կամ այն հարցի նկատմամբ: Սա մարդու իրավունքն է՝ ազատ կամարտահայտվելու իրավունքը: Այստեղ հարցը նրանում է, որ ֆեյքերի կողմից հաճախ օրենքով արգելված բովանդակություն է տարածվում ՝ բռնության կոչեր, ատելության խոսք, վիրավորանք, զրպարտություն, այս կատեգորիաները դատապարտելի են և օրենքով պատասխանատվության են ենթարկվում ոչ միայն ֆեյքերը, այլև ցանկացած քաղաքացի: Հարցը պետք է դնել ոչ թե ֆեյքերի դեմ պայքար, այլ անօրինական բովանդակության դեմ պայքար: Երբ մենք հարցը դնում ենք ֆեյքերի դեմ պայքար, դա սխալ ձև է, քանի որ ինչպես նշեցի մարդը իրավունք ունի հանդես գալ այլ կեղծանվամբ, ինքնությամբ, որևէ մեկը չի կարող սահմանափակել այդ իրավունքը, եթե մարդը չի տարածում անօրինական բովանդակությամբ տեղեկատվություն:

Տեղեկատվական հոսքերի պաշտպանության վերաբերյալ, այսօր ի՞նչ միջազգային կոնվենցիաներ կան և Հայաստանը որքանո՞վ է դրանց մասնակցում :

-Բոլորովին վերջերս Հայաստանը ստորագրեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիան, այսպիսով դառնալով միայն տասնմեկերորդ երկիրը, որը ստորագրել է և սկսել վավերացման գործընթաց: Կարծում եմ աշնանը արդեն մենք կավարտենք վավերացման գործընթացը և փաստացի կունենանք նաև միջազգային գործիք, ապահովելու, երաշխավորելու և պաշտպանելու տեղեկատվության ազատության իրավունքը Հայաստանում:

Ինչպիսի՞ն եք գնահատում Հայաստանում մեդիագրագիտության մակարդակը, և ի՞նչ միջոցառումներ կարելի է կիրառել այն բարձրացնելու ուղղությամբ:

-Մեդիագրագիտությունը շատ ցածր եմ գնահատում, որովհետև մեդիագրագիտության բարձրացման խնդիրը հիմանականում դրված է քաղհասարակության ուսերին, մինչդեռ պետությունը այս ոլորտում ակտիվ դերակատարություն պետք է ստանձնի, և՛ օնլայն, և՛ օֆլայն ոլորտներում իրականացնելով լայնածավալ կրթական աշխատանքներ:

ՀՀ քաղաքացին կարո՞ղ  է  հանգիստ լինել, որ իր տվյալները պաշտպանված են, թե՞ մենք այսօր ունենք անձնական տվյալների պաշտպանության խնդիր:

-Հարցը կարծում  եմ այդքան էլ ճիշտ չէ ձևակերպված, որ կարող է հանգիստ լինել, թե իր տվյալները պաշտպանված են, որովհետև ամեն ինչ կախված է քաղաքացուց: Եթե քաղաքացին ինքը ակտիվորեն սոցիալական ցանցերում հանրայնացնում է իր անձնական տվյալները, հետևաբար չի կարող հանգիստ լինել, որ դրանք պաշտպանված կարող են լինել: Ինչ խոսք, պետությունը ստեղծել է ողջ օրենսդրական բազան և ստեղծել է  նաև պետական լիազոր մարմին, որպեսզի վերջինս իրականացնի խախտված իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև կանխի խախտումները: Խախտումները տեղի են ունենում ամենուր, նույնիսկ ամենաբարձր պաշտպանության համակարգեր ունեցող երկրներում, բայց կարևոր է նաև, որպեսզի խախտումները չմնան անպատիժ, երբ լինում են անօրինական արտահոսքեր, մարդկանց տվյալների անօրինական մշակման դեպքեր:

Կառավարության և պետական ինստիտուտների կողմից տեղեկատվության տրամադրման, դրանց ամբողջականության և օպերատիվության մասով  ի՞նչ վիճակում ենք այսօր գտնվում։ Ժամանակին այդ խնդիրը կար և ակնկալվում էր, որ նոր իշխանությունը ոչնչով պետք է կաշկանդված չլինի  այս հարցում բացարձակ օպերատիվություն և պարզ մեխանիզմներ կիրառելու:

-Տեղեկատվության ազատության առումով համավարակի օրերին մենք գրանցեցինք հետընթաց: Հաճախ տեղեկատվության ստանալու հարցումներին տրվում են թերի, ուշացած և ընդհանրական պատասխաններ, մանավանդ այն հարցերի շուրջ, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ քաղաքացիների համար և վերաբերում են համավարակի ընդահանուր  պայքարի կազմակերպմանը, ռեսուրսներին, ծախսերին, դրանց արդյունավետությանը վերաբերող հարցադրումներին: Կարծում եմ, որ պետք է ավելի լուրջ ռեսուրսներ ներդրվեն, ներառյալ մարդկային, որպեսզի գործընթացը համավարակից չտուժի: Տեղեկատվություն ստանալու իրավունքը այս օրերին մարդկանց համար դարձել է առողջ ապրելու և կյանքի իրավունք, տեղեկատվության պակասը կարող է հանգեցնել կյանքի կորստի:

Որոշ ընդգծված քաղաքական դիրքորոշում ունեցող մեդիաներ մեղադրում են իշխանություններին տարատեսակ հետապնդումների, սահմանափակումների մեջ։ Ժամանակակից աշխարհում և մեր իրականության մեջ պետությունը ունի՞ ռեալ հնարավորություն «իրեն ոչ հաճելի» ալիքը կամ կայքը/թերթը  ենթարկի ճնշումների:

-Իրականում բոլոր երկրների բոլոր իշխանություններն էլ կցանկանային սահմանափակել իրենց ոչ հաճելի խոսքը, բայց հենց դրանում է ժողովրդավարական հասարակարգի առավելությունը, որ այստեղ ոչ թե ցանկությունը պետք է առաջնորդի իշխանություններին, այլև օրենքը և օրենքի գերակայությունը: Սահմանադրությամբ ամրագրված են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, իսկ դրանցից մեկն է մարդու ազատ արտահայտվելու իրավունքը, որը չի կարող սահմանափակվել որևէ իշխանավորի կամքով, ցանկությամբ, նախասիրություններով, այլ օրենքով սահմանված հիմքերի և սոցիալական սուր պահանջի դեպքում է հնարավոր այդ սահամանափակման կիրառումը:

Հայաստանում  տասնամյակներ շարունակ կասկածի տակ է եղել առանց քաղաքական տերերի կամ օրակարգերի մեդիաների գոյությունը։ Դրան զուգահեռ մենք գիտենք, որ բացի մեկ երկու հեռուստաալիքներից, մնացած կայքերը, թերթերը զուտ վաճառքներով և դիտումներով կամ գովազդով հնարավոր չէ պահել։ Պետությունն այստեղ ի՞նչ անելիք ունի։ Ֆինանսավորման այլընտրանքային միջոցներ, սուբսիդիաներ, հարկային ամունիստիա․․․ինչպիսի՞ լուծում եք առաջարկում դուք՝ որպես ոլորտին  քաջատեղյակ մասնագետ:

-Պետությունը սուբսիդիաների տեսքով չպետք է աջակցի մամուլին, այլ ընդհակառակը պետք է ստեղծի այնպիսի առողջ բիզնես միջավայր, որտեղ գովազդի շուկան զարգանա և կայանա, որը կապահովի լրատվամիջոցների համար անկախ ֆինանսական աղբյուր: Օժանդակությունները բերում են ավելի մեծ կախվածության և հաճախ ազդում են բովանդակային քաղաքականության վրա: Այս ամենը չի նշանակում, որ պետությունը չի կարող անկախ հիմնադրամների ստեղծման ճանապարհով աջակցել մամուլին և, ապահովելով ազատ մրցակցային պայմաններ, հնարավորություն տալ մեդիաներին դիմելու և ստանալու աջակցություն այս կամ այն լավ, հրաշալի գաղափարը կյանքի կոչելու համար: Պետությունը չպետք է միջամտի հատկապես գովազդային շուկայում, չպետք է սահմանի առաջնահերթություններ կամ ունենա սիրելի և ոչ սիրելի, մերժելի կամ ընդունելի  լրատվամիջոցներ՝ կողմնորոշելով գովազդատուներին, թե որտեղ ներդնեն իրենց գումարները, իսկ որտեղ՝ ոչ: Ֆինանսական հարցերը քննարկելիս առաջնային եմ համարում լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկությունը, որպեսզի վերջիններս բաց ու ազնիվ լինեն իրենց լսարանի առջև և տեղեկացնեն իրենց լսարանին, թե ովքեր են իրենց ֆինանսավորողները:

Հարցազրույցը վարեց Նելլի Խաչատրյանը

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս