X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը: Այս մասին հայտնել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ու հույս հայտնել, որ այդ օրերին հնարավոր կլինի անցկացնել փառատոնը:
Նրա փոխանցմամբ՝ բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ, հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ:
Փառատոնի տնօրենը նշեց, որ այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:
Փառատոնը կբացի ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը՝ ըստ Հ. Մաթևոսյանի:
Մ. Մխիթարյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝ Դավիթ Եղիազարյանի կատարմամբ:
Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք:
Ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի, ցավոք սրտի, արտերկրից դերասաններ փառատոնը չի հյուրընկալի, հասկանալի պատճառներով:
Փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն:
Փառատոնի մասնակիցներին, այս անգամ, առցանց կողջունեն մոնոփառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան ու այլք:
Տիկին Մխիթարյանը շեշտեց, որ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև Թիվ 15 սրճարանում:
Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր հեղինակած «Կովիդ քրոնիկոն»:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ վաստ. արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Մխիթարյանի խոսքով՝ փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև դեբյուտային ներկայացումներ:
Նշենք, որ փառատոնը կանցկացվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս