X
Մենք սոց. ցանցերում

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այսօր կայացած տեսակոնֆերանսից հետո հանդես են եկել հայտարարությամբ եւ վերահաստատել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Նրանք ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի խթանման ու պահպանման կարևորությունը: Դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման անմիջական կապերը՝ լարումից խուսափելու համար:

Հիշեցնելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները, մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, բորբոքիչ հռետորաբանությունը և հնարավոր քայլերը, որոնք նպատակ ունեն փոխել իրավիճակը, կարող են խանգարել կարգավորման գործընթացին:

Համանախագահները շեշտել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ամրապնդման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար:

Համանախագահները և ԱԳ նախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և անձամբ հանդիպել՝ որքան հնարավոր է շուտ:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս