X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Փորձը փորձանք չէ

 

ԲՀԿ-ն կես ճամփից ետ կանգնողներից չէ, հաստատակամորեն որդեգրել է՝ «նպատակն արդարացնում է միջոցները» և շարունակում է պայքարել՝ արդեն ձևականությունները մի կողմ դրած։

Հարկավ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը առավոտ կանուխ «սրբազան առաքելությունը» պատշաճ կերպով ի կատար ածելու համար եկել էր Սահմանադրական դատարան՝ խմբակցության դիմումի բնօրինակը ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին հանձնելու։ Լրագրողների նկատառմանը, որ ամբողջ խորհրդարանի մեկ հինգերորդը 27 պատգամավոր է և ոչ 26, Զոհրաբյանը միայն իրեն բնորոշ ինքնավստահությամբ հայտարարեց, որ իրավաբանական հանրույթն (ավելի ճիշտ՝ Քոչարյանի փաստաբանական խումբն ու մնացած բոլորը) այս հարցի շուրջ բաժանվել է երկու տարբեր կարծիքի։ Արանքում էլ մի փոքր «հանդիմանեց» իշխանական նախարարներին, որ երեկ «բան ու գործ թողած» մաթեմատիկական հաշվարկներ էին անում։

Իհարկե, նման դեպքերում «դեղնակտուց» պատգամավորներն ու նախարարներն անելիք չունեն, իսկ քաղաքականությունը ոչ թե ազնիվ հաշվարկների, այլ հնարավորինի և եղած կապերը լավագույնս օգտագործելու արվեստ է, ուստի Սահմանադրական դատարանը թող որոշի՝ դիմումը ընդունել, թե ոչ։

Փաստորեն, վճռորոշ պահին, հաշվարկների մեջ իրեն հավասարը չունեցող պատգամավոր Մանե Թանդիլյանի այն դիտարկումը, որ 26 պատգամավորը միանշանակ փոքր է 20 տոկոսից, նույնպես անտեղի էր, քանի որ «օրհասական» գործընթացներում ճշգրիտ հաշվարկները մղվում են երկրորդ պլան՝ տեղը զիջելով «փորձը փորձանք չէ» հայտնի ժողովրդական խոսքին։ Միգուցե այս ամենն այդքան տխուր չհնչեր, եթե ակնհայտ չլիներ, որ որոշ քաղաքական միավորներ շատ վստահ են իրենց աներկբա ճշմարտացիության և զոռբայության մեջ, իսկ ժողովրդին դիտարկում են որպես «զոմիբիների» մի ստվար զանգված, որ միայն ապահովում է իրենց բեմադրած թամաշաների դիտորդի դերը։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս