X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Վարչապետը կորոնավիրուսի խնդրի լուծումը տեսնում է կառավարություն-հանրություն համագործակցության միջոցով

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հերթական ճեպազրույցն է անցկացրել:

Վարչապետը նշել է, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: «Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: «Նույն կամ մոտակա հասցեները վարակի ծագման հիմնական աղբյուր են: Վարակը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: Այս առումով ոստիկանությունն արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, թույլ չտալով հակահամաճարակային իրավիճակի խախտումներ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ բակերում պետք է հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում կարելի է հաջողության հասնել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցության արդյունքում: «Ես քաղաքացիներին որևէ բանում չեմ մեղադրում, ներկայացնում եմ այն, ինչ կա: Փորձում եմ օգնել քաղաքացիներին, ինքս ինձ և կառավարությանը, և դա մեր ընդհանուր խնդիրն է: Անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ մեր իրավիճակը, դրա բարդություններն ու հետագա բարդացման պատճառները: Մեր խնդիրն է ախտորոշել պրոբլեմը, որպեսզի կարողանանք լուծել այն»,– շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պարետատան նիստերին քննարկում են, թե կառավարության գործողությունների ինչ չհամակարգվածություններ են եղել և ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ, որպեսզի համակարգն ամբողջությամբ աշխատի մաքսիմալ արդյունավետ: «Միևնույն է, իմ հիմնական թեզն այս հարցում շարունակում է մնալ հետևյալը, որ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցությամբ: Կորոնավիրուսն անսպասելի իրավիճակի մեջ է դրել աշխարհի ամենազարգացած երկրներին, և մեր ամենամեծ առավելությունը և թերևս ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք հարյուր տոկոսով թափանցիկ: Մենք մեր բացթողումները, սխալները, անհաջողությունները որևէ կերպ թաքցնելու և մեղմելու խնդիր չունենք: Ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, ճիշտ լուծումներ գտնելու համար: Մեր գործողությունների արդյունավետությունը պետք է բարձրանա, պետք է բարձրանա նաև քաղաքացիների կարգապահությունը: Մենք համագործակցության ենք հրավիրում բոլոր քաղաքացիներին առանց մեղադրանքների և շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն հայրենակիցներին, որոնք ճշգրիտ պահպանում են հակահամաճարակային կանոնները»,– հավելել է վարչապետը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս