X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ով 50-100 հազար դոլլարանոց «գրեֆա» անում, նա էլ պիտի դիալիզի պարագաներ ներկրի․ Առողջապահության նախարար

 

«Դավ, քո աշխատողներն ի՞նչ լիազորություններով են տենդերի բնութագիրը փոխել… ես չեմ իմացել, որ ձերոնք փոխել են, այլապես չէի թույլատրի, որ դա տեղի ունենա: Այսուհետեւ հենց տենց է լինելու մեր ենթակայության կամ առողջապահական որեւէ հիմնարկում, եթե փորձ արվի միջամտել դրա ներքին գործերին»,-2019թ.-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «ֆեյսբուքով» այսպիսի նամակ է հղել ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դեռ չկասեցված պետ Դավիթ Սանասարյանին:

Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով հերթական դատական նիստում այսօր հրապարակվում են գործում առկա ապացույցները: Հիշեցնենք, որ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Գործով մյուս մեղադրյալ, Սանասարյանի նախկին ենթակա Սամվել Ադյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Նամակագրությունում Արսեն Թորոսյանը նկատի է ունեցել հեմոդիալիզի սարքերի գնման չափանիշների փոփոխությունը: Դավիթ Սանասարյանը պատասխան նամակում գրել է. «Արս, հեմոդիալիզի ոլորտը մինչեւ հիմա եղել է մոնոպոլիզացված, ու ոչ մեկ չի կարողացել մուտք գործել: Մեր կողմից հունվարին նախարարություն աշխատակազմի ղեկավարին ուղարկվեց հեմոդիալիզի շուկայի վերլուծության արդյունքների գրությունը: Առ այսօր արձագանք չի եղել: Մեր կողմից ընդամենը առաջադրվել է, որ տեխնիկական բնութագրերը կազմելիս հաշվի առնվի նախնական տիպային բնութագիրը, որը ոչ խտրական է եւ մրցակցություն ապահովող: Մեր վերլուծության արդյունքներով՝ շուտով երկու ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են դատախազություն: Նախնական հաշվարկներով՝ չարաշահումները գերազանցել են մեկ միլիոն դոլարը: Հիմա էլ մրցույթները խտրական են կազմակերպվում, օրինակ՝ «Վանաձոր» ԲԿ-ի նոր հայտարարած մրցույթը»: Ապա Սանասարյանը նախարարին առաջարկել է հանդիպել եւ գործի մանրամասներին ծանոթանալ. «Սա առաջին խտրական մրցույթը չէ, եւ հետո պայմաններ են ստեղծվելու՝ գումարներ տնտեսելու համար: Ինձ հետաքրքրում էր, թե նախարարությունն ի՞նչ է ձեռնարկել՝ սա պարզելու համար: Մի օրինակ էլ բերեմ: Դիալիզի պարագաները վաճառվում են մաքսային արժեքից մինչեւ 3,8 անգամ թանկ գներով: Դու իմ ընկերն ես, բայց չեմ կարող պարտականություններս չանել: Եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացքը տալու ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս