X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ

 

ԱԺ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ:

Ողջունելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը` Սերբիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերներին բարեկամության եւ Հայաստանի կողմից աջակցության համար: Անա Բրնաբիչը մեծ հետաքրքրություն է հայտնել` զարգացնելու երկու երկրների միջեւ հարաբերությունները տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւոր էր վիզաների ռեժիմի երկկողմ չեղարկումը եւ մոտ օրերս Հայաստանում Սերբիայի դեսպանության արդեն պաշտոնական բացումը:

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունները իրապես բարեկամական են եւ կա դեռեւս չիրացված մեծ ներուժ, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր է պետք գործադրել: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ի հավելումն վիզաների ռեժիմի չեղարկման` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապ հաստատելու համար, ինչը թույլ կտա ակտիվացնել երկու ժողովուրդների միջեւ շփումը:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ այն առաջին հերթին այնտեղ բնակվող հայերի ֆիզիկական անվտանգության ապահովման մասին է:

Նշվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը:

Ավելի ուշ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Իրինեյի հետ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս