X
Մենք սոց. ցանցերում

Պուտինի և Էրդողանի՝ 6 ժամ տևած հանդիպումն ավարտվել է. Իդլիբում դադարեցվում են ռազմական գործողությունները

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ի առավոտյան ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված էր հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում 2 երկրների առաջնորդները պետք է փորձեին համաձայնության գալ սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ:

Մինչ այդ Մոսկվայում եւ Անկարայում մի քանի հանդիպումներ էին տեղի ունեցել փորձագիտական խմբերի եւ պատվիրակների մասնակցությամբ, սակայն տարվող բանակցություններում որեւէ արդյունքի կամ պայմանավորվածության հասնել չի հաջողվել, եւ բանակցությունները տեղափոխվել են նախագահական մակարդակ:

6 ժամ տեւած բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել Սիրիայում իրավիճակի կարգավորման մասին, որը ներառում է հետեւյալ կետերը.

  1. Մարտի 5-ի, լույս 6-ի գիշերվանից սկսած դադարեցվում են հակամարտության գծում բոլոր ռազմական գործողությունները:
  2. Ռուսաստանը և Թուրքիան ստեղծում են Սիրիայի Մ -4 մայրուղուց հյուսիս եւ հարավ ձգվող 6 կիլոմետրանոց անվտանգության միջանցք:
  3. Մարտի 15-ից Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ պարեկություն են սկսում հիշատակված Մ -4 մայրուղու երկայնքով:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մեկնարկել էր Կրեմլում՝ ժամը 14:06-ին եւ տեւել շուրջ 6 ժամ: Նշենք, որ սկզբում նախատեսված է եղել 4-ժամյա հանդիպում, սակայն հետո այն ձգձգվել է:

Սկզբում նախագահները հանդիպել են տետատետ, այնուհետ հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների ձեւաչափով: Թուրքական պատվիրակության կազմում են եղել երկրի Արտաքին գործերի, Պաշտպանության, Պատիժների եւ Ֆինանսների նախարարները, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:

Բացելով հանդիպումը, Պուտինը շեշտել է, որ դրա անհրաժեշտությունը կար, քանի որ Սիրիայի Իդլիբի հատվածում, էսկալացիոն գոտում ստեղծված այժմյան իրավիճակը պահանջում էր իրենց ուղիղ շփումն ու խոսքը: Նա եւս մեկ անգամ ցավակցել է Էրդողանին՝ 36 թուրք զինծառայողների զոհվելու կապակցությամբ եւ նշել, որ ոչ ոք, այդ թվում՝ Սիրիայի կառավարական բանակի զինվորները չեն իմացել թուրք զինվորականների այնտեղ գտնվելու մասին: Պուտինը նաեւ ուշադրություն է հրավիրել Իդլիբում սիրիական բանակի լուրջ կորուստներին: Այս ամենով պայմանավորված ՌԴ նախագահն առաջարկել է բաց տեքստով եւ ամբողջությամբ քննարկել 2 կողմերին հուզող բոլոր հարցերը, որպեսզի նման իրավիճակ այլեւս երբեք չկրկնվի եւ կորուստները բացառվեն, իսկ ռուս-թուրքկան հարաբերություններն էլ չտուժեն:

Առավել մանրամասն՝ armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս