Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում:

Հուշագրում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի եւ Արցախի միջեւ հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ. դեռեւս 1988-1989 թթ. տեղի էին ունեցել պատանդառության եւ առեւանգման առանձին դեպքեր, եւ հետագայում, հակամարտության լարման հետ պայմանավորված, պատանդների եւ անհայտ կորածների խնդիրն ավելի սրվեց։ Ազգությամբ հայերին պատանդ վերցնելու պրակտիկան լայն տարածում է գտել հատկապես 1991 թ. Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման «Օղակ» գործողության ժամանակ:

«Մարդկանց առեւանգումները տեղի էին ունենում Արցախի ամբողջ տարածքում, որից հետո նրանք հայտնվում էին ադրբեջանական բանտերում եւ կալանավայրերում, որտեղ ենթարկվում էին դաժան խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի:

Միայն 1991 թ. ութ ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի տարբեր գյուղերից 640 խաղաղ բնակիչներ անօրինական կերպով ձերբակալեցին կամ գերեվարվեցին: 127 հայեր կեղծ մեղադրանքներով դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, որոնցից 31-ը մահացել են կանոնավոր բնույթ կրող խոշտանգումների հետեւանքով»,- նշված է փաստաթղթում:

Հուշագրում նաեւ բազմաթիվ փաստեր են բերվում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ընթացքում եւ 1994 թ. հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվելուց հետո ադրբեջանական կողմից հայ պատանդների եւ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների իրականացման վերաբերյալ։

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ բարձրացնելով անհայտ կորածների հարցը եւ, միեւնույն ժամանակ, հրաժարվելով դրա լուծման համար որեւէ համագործակցությունից, Ադրբեջանն ակնհայտորեն քողարկված նպատակներ է հետապնդում:

Մասնավորապես, ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի կողմից Արցախի Հանրապետության տարածքում կատարված հանցագործություններն արդարացնելու նպատակով:

Այս արշավը հանրային կյանքի բոլոր ոլորտները ներառող պետական քաղաքականության մի մասն է, որն ուղղված է հայատյացության հրահրմանն ու հայերի դեմ հանցագործությունների խրախուսմանը: Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիզմն ու այլատյացությունը հաստատված է նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում: