X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

Պիեր Սուլաժ – Սևից անդին

 

 

Նախաբանի փոխարեն

Լուվրում Պիեր Սուլաժի հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսի վերջին օրերն են։ Երկու տարի առաջ Սուլաժի գործերից մի լուսանկարի տակ ընկերներիցս մեկի «իմաստը՞» հարցին, մի աղջիկ կարծեմ պատասխանել էր՝ որովհետև էսթետիկ է։ Արխիվից հանել եմ իմ պատասխանը այդ նույն հարցին, որն այդ ժամանակ հատուկ գրել էի ընկերոջս համար։

Սուլաժն իմ սիրած արտիստներից է, ես ճանաչում եմ նրա սևը… ափսոսում եմ, երբ նրա մասին խոսում են չիմացության դիրքերից…Եթե արտիստը ստեղծում է այլ իրականություն, որն ինչ֊որ մեկի համար գուցե արվեստ չէ, նա ավելի լավ է ճանաչում ձեզ, քան դուք նրան… որովհետև մինչ դուք նրան նայում եք, նա ձեզ արդեն տեսել է։

Պիեր Սուլաժ «Սևից անդին»

Առաջին անգամ Պիեր Սուլաժի հետ «հանդիպեցի» Մոնպելյեի Ֆաբր թանգարանում, 2011 թ․-ին, դժվարանում եմ ճշգրիտ օրը հիշել։ Սուլաժի գործերին նվիրված սրահում այդ օրը ուսանողները սև մոմեր էին դրել՝ կախարդական, համարյա արբեցնող բույրով, բացատրում էին, որ Պիեր Սուլաժի ամեն կտավ հենց այդպիսի կախարդող բույր ունի։

Կանգնել էի հսկա տրիպտիխ սև կտավի առջև ու մտածում էի՝ պատի գրեթե ամբողջ երկայնքով սևի իշխանությունը ինչի՞ համար է (իսկ սևը երբեմն ռելիեֆներ ուներ և գոնե ինձ թվում էր, թե ուր որ է կտավից դուրս կթափվի ու կծածկի ինձ)։ Ինչպես շատերի մոտ, ինձ մոտ էլ հարց ծագեց (չնայած ես հակված եմ մտածել, որ Սուլաժի դեպքում պետք է կտավը ֆիզիկապես տեսնել, որպեսզի ազդեցությունը ավելի իրական լինի) , ինչևէ, տրամաբանական հարց ծագեց՝ ինչն է այս արտիստի արվեստը յուրօրինակ դարձնում կամ որ այլ կերպ և ավելի կարճ կարելի է ասել, իմաստը՞։

Շատերի մոտ առաջին ռեֆերանսը Մալևիչի սև քառակուսին է, բայց Սուլաժի սևն ու Մալևիչի սևը հակառակ բևեռներում են գտնվում։ Մի ժամանակ փորձում էի համոզել, որ Մալևիչի սև քառակուսին այլ պատկերներ է թաքցնում և որ արտիստի մոտ այդ միտքը ծնվել է ինչ-որ մի բան ջնջելու ցանկությունից։ Ինձ ասում էին, թե արվեստը սուրճի բաժակ չէ, և չի կարելի գուշակություններ անել, բայց բոլորովին վերջերս մասնագետները նորագույն տեխնոլոգիաների միջոցով ապացուցեցին այս «գուշակությունը»։

Անկախ նրանից դու ենթադրություն կանես, թե ոչ, կամ կփորձես իմաստներին մոտենալ հենց արտիստի միջոցով, թե ոչ, կարևորն այն է, որ արվեստագետի կամ նրա ստեղծածի մասին խոսելը չսահմանափակվի՝ որն է իմաստը հարցով, կամ որովհետև էսթետիկ է պատասխանով։

Սուլաժի դեպքում ես վախեցա ինչ-որ բան ասել։ Ավելի ուշ կասեմ կամ կմեջբերեմ, թե ինչու, քանի որ հենց այդ մտքին վաղուց եկել եմ, բայց կուզենայի, որ ընթերցողն էլ այդ մտքին գա աստիճանաբար, եթե իհարկե գա։
Փորձենք։

Լուսանկարում՝ Պիեր Սուլաժը

2002 թ․- ին Ռասլ Քոնըրի հետ զրույցի ժամանակ Սուլաժն ասում է․

« Երբ ես գիտեմ, թե ինչու եմ մի բան սիրում, սկսում եմ այն ավելի քիչ սիրել ։ Արվեստի գործը հաջողված է երբ այն խուսափում է հեղինակի նախապաշարմունքից։ Մենք ստիպում ենք խոսել մեզանից։ Մեզ սկսում է թվալ, թե մեզ հետ համաձայնվում են, բայց այդ փոխըմբռնումը թյուրիմացության վրա է հենված, իսկ թյուրիմածությունը և թյուրըմբռնումը կարող են արդյունավետ լինել»։

Ինքս սև գույնը սիրելով, և հասկանալով որ այն այնքան էլ գույն չէ, այլ, ինչպես ասում են լույսի բացակայության կամ ամբողջական կլանման արդյունք, տարօրինակ զգացողություն ունեի, որովհետև բոլոր կտավները միմյանցից տարբեր էին, այսինքն երբեք այդ սևը նույնը չէր, բայց բոլորովին պարզ չէր, թե ինչ կարող եմ տեսնել դրանցում։
Հասկանալի է, որ խոսքս այստեղ միայն սև կտավների մասին է։

Գեղեցիկ է, գեղեցիկ չէ, դրանք ոչինչ չասող խոսակցություններ են, համարյա նույն բանն է, որ հյուրասենյակում դրված նոր բազմոցի գույներին համապատասխան նկար են գնում , իսկ երբ հյուրը հարցնում է, թե ով է հեղինակը, նույնիսկ չեն կարողանում մտաբերել։

Սուլաժի այդ մի քանի մետրանոց կտավը հսկում էր մի երիտասարդ տղա, որը հետո պարզվեց նկարիչ էր։ Վերջինս ինձ առաջարկեց ավելի ուշադիր նայել և փորձել սև գույնից հեռանալ։ Համարյա մեդիտացիա, ի դեպ շատերը Սուլաժի կտավներին նայելից հենց այս զգացողությունն են ունենում:

Լուսանկարում՝ Ծով alizé

Խոսենք տեխնիկայից

Art բառը գալիս է լատիներեն ars, artis բառեից, նշանակում է մասնագիտություն,տեխնիակական գիտելիք, հմտություն, մինչև վերամբարձ իմաստներ ձեռք բերելը այն փաստորեն նաև ստեղծագործելու մեթոդն ու տեխնիկան է։ Կասկածից վեր է, որ Սուլաժի սևի տեխնիկան բազմաթիվ հարցեր է առաջացնում բծախնդիր դիտորդի մոտ․ մասնավորապես, ինչպե՞ս է նա ստանում սևի աստիճանական երանգները, լույսի խաղերը, ի՞նչ մեթոդով է աշխատում, որպեսզի կտավին կատարյալ երանգային անցումներ հաղորդի, ինչպե՞ս է սևը դիտորդին խաբկանք հաղորդում, ինչպես է հենց սևը դառնում լույս, իսկ լույսը՝ սև- գույն կամ սևի արտացոլանք։

Դեռ 1946-ին Սուլաժը համարվում էր աբստրակտ նկարիչ։ Իր աշխատանքներում նա օգտագործում էր ընկույզի կեղևից ստացված բնական գունանյութը, սևը շարունակում էր դոմինանտ լինել, և նրան մերժում էին բազմաթիվ ցուցահանդեսներում։ Հասկանալի է, որ Սուլաժը թշնամիներ էր շահում, որովհետև, անկախ աբստրակտ արվեստի հանդեպ ունեցած ժամանակի հետաքրքրությունից, ոչ ոքի պարզապես հասանելի չէր սևի Սուլաժյան «փիլիսոփայությունը», իսկ բացատրություններ տալն ու այսպես ասած արդարանալն արտիստին ամենաքիչն էր հետաքրքրում։

Նրա կտավներում լույսը իշխում է սևին, և սրա մասին Սուլաժը նախկինում շատ անգամ է խոսել, ամեն ինչից առաջ արտիստին հետաքրքրում է հենց սևից եկող լույսը, որը կտավը գրեթե թափանցիկ է դարձնում, իսկ սևին դարձնում է «անօգնական», քանի որ այդ լույսը կայուն չէ, և արտացոլանքն անըդնհատ փոխակերպվում է։ Թե ինչպես է լույսը աստիճանաբար իշխում կտավին և այնպես անում, որ կտավը պարզապես դադարի սև լինել, ինչպե՞ս է լույսը կտավի մակերեսի վրա դառնում հենց սևի արտացոլանքը, հենց այստեղ է կախարդանքը։ Դա ահռելի ժամանակ է պահանջում, ահռելի աշխատանք նման կատարելության հասնելու, որպեսզի ստեղծագործությունը չնմանվի «սև թանաքով անփույթ խզբզոցի»։

Լուսանկարում՝ Պիեր Սուլաժը

Իսկ սևի հանդեպ հատուկ վերաբերմունքը սկսվեց 1979 թ․-ին, երբ Սուլաժը աշխատում էր իր կտավներից մեկի վրա, և փորձում էր ժամերով հեռացնել սև գույնը, այլևս չիմանալով ինչ անել նա որոշ ժամանակով լքում է արվեստանոցը, իսկ երբ վերադառնում է, տեսնում է, որ սև գույնը նվաճել է կտավը, մինչև այնքան, որ այն այլևս գոյություն չունի։ Այստեղից նրա մոտ ցանկություն է ծնվում դադարել սևը որպես սովորական «գույն» ընկալել և գնալ սևից այն կողմ։

Սևի նյուանսներ ստանալ, այնպես, որ երբեմն տպավորոթյուն է, թե այն գնալով սպիտակում է։ Լույս ու ստվերի կատարյալ խաղի մեջ այն աստիճանի երանգային վերելքի հասնել, որ թվա , թե կտավում աստիճաններ են և եթե ներքևից վերև նայես, կբարձրանաս դեպի լույսը։ Երբեմն էլ այդ լուսը կտավից պարզապես դուրս է գալիս։
Սուլաժի արվեստը ոչ ֆորմալ արվեստ է, նրա սևը երբեք սև չէ, ահա թե ինչու նա այն անվանում է outre-noir , անգլերենով կասեն beyond the black ,հայերենով ես գերադասում եմ անվանել սևից անդին։

Թե ինչքան ցուցահանդեսներ է ունեցել Պիեր Սուլաժը աշխարհում, այդ մասին հեշտ է տեղեկություն գտնել, թե ինչու են նրա կտավները հասնում մինչև վեց միլիոն դոլլարի, գուցե դեռ անընդունելի է շատերի համար, բայց թե ո՞րն է նրա արվեստի իմաստը և արդյոք այն արվեստ է , թե ոչ, այսքանը գրելուց հետո, վերջին խոսքը կուզենայի թողնել արտիստին, որն ասում է․

« Պետք է ուշադիր լինել մեր չիմացածի նկատմամբ։ Նկարչությունը Էմոցիայի համարժեքը չէ։ Այս երկուսը մի ամբողջություն են, որը միայն դիտորդի միջոցով կարող է կյանք ստանալ։ Երբ ուզում ենք նկարչությանը իմաստ հաղորդել, լեզուն միջոց է դառնում և մենք վերնագիր ենք ընտրում։ Իմաստը, սակայն, միշտ մոնոտոն է, միալար։ Նկարչությունը միօրինակություն չի սիրում։ »

Ծով alizé

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս