X
Մենք սոց. ցանցերում

«Երկնքի առաջին չափումը դատարանն է` առանց ելքի». լույս է տեսել Մհեր Արշակյանի «Բանաստեղծության փոխարեն» ժողովածուն | MediaLAB

 

|MediaLAB|

«Բանաստեղծական շտրիխներ կամ նախաբանաստեղծություններ»՝ այսպես է բնութագրում իր նոր՝ «Բանաստեղծության փոխարեն» ժողովածուն գրող, հրապարակախոս, լրագրող, «Մեդիալաբի» սյունակագիր Մհեր Արշակյանը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝  գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 19:00-ին ԴԱՐԱՆ – ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում:

Մհեր Արշակյանի խոսքով՝ «Բանաստեղծության փոխարեն» վերնագրմամբ գիրքը այս ժամանակների մասին է՝ բայց ոչ թե պատմական իմաստով, այլ էքզիստենցիալ էմոցիաների առումով:

Հարցին, թե ինչու է որոշել գրել գիրքը, ասում է, թե գիրք գրելը գրվում է, էնպես չի, որ որոշել է գրել:  «Ժամանակ առ ժամանակ բանաստեղծությունը պոռթկում է: Դու քո համար հանգիստ նստած ես, ինքը գրվում է, քեզնից անկախ, լինում է էդպես: Լինում է էնպես, որ դու ես զոռով դուրս քաշում՝ որպես բանաստեղծություն՝ անհայտ մի տեղից»,- ասում է Արշակյանը:

«Բանաստեղծության փոխարեն»-ը ներառում է մոտ 50, բանաստեղծի բնորոշմամբ՝ «նախաբանաստեղծություններ»:

Ահեղը

Երկնքի առաջին չափումը

դատարանն է` առանց ելքի

(չհաշված Կաֆկայի «Դատարանը»):

Երկրորդ չափումը`

ես,

իբրև երկնքի բացակայության

իրեղեն ապացույց

(չհաշված իմ մեջ հայտավորված

երկնային արքայությունը):

Երրորդ չափումն այս թուղթն է`

ամեն բառի հետ` ավելի ճերմակ

(չհաշված ձյունը, որ հավետ խաղաղության պես

սև է):

Չորրորդ չափումը անդունդն է,

որտեղ ընկնող չկա

(չհաշված սերը, առանց որի չեն ընկնում):

Այլ չափում արդեն չիք

(չհաշված Պասկի հայերենը):

Մհերի բնորոշմամբ՝ բանաստեղծությունը հեղինակի զուգահեռ գոյությունն է, նախաբանաստեղծությունը՝ պուճուր-մուճուր մի բան:

Նախորդ գրական ստեղծագործությունների հետ համեմատելիս ասում է, որ այս շարքում կա խուտուտ տվող տողերի շարք, որը ժամանակակից բանաստեղծական միտումներից է.

Բաբելոնյան նամակ

Սիրելիս,

խոսք կա`

խաբում են թիկունքից:

Ցույց տուր

սիրո թիկունքը,

որպեսզի քեզ ասեմ`

որտեղ խաբեցի…

«Հավանաբար պարսկական գրականությունից է գալիս, թեպետ ավելի հավանական է, որ, այնուամենայնիվ, լատինամերիկյան, ֆրանսիական պոեզիայից է, դա այն է, որ դրանք տողեր են, որ կարելի է ինչ-որ մեկին ասել, ինչ-որ մեկը իրեն լավ զգա, պայմանական բան եմ ասում լավ զգալը, որ էսպես ինքը փոքրիկ գեղագիտությունը գնահատի, փոքրիկ գեղագիտական շտրիխ»,- ասում է նա:

Ամբողջական հոդվածը՝ MediaLAB-ում:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս